Գերմանական կաթոլիկական Domradio-ն մայիսին մի քանի հրապարակմամբ անդրադարձել է բռնգաղթի հետեւանքով ՀՀ-ում ինտեգրվող արցախցիների խնդիրներին, որ վերադարձի հույսը փայփայելով, վիշտը հոգիներում դիմակայում են սոցիալ-հոգեբանական մարտահրավերներին: Գերմանացի կաթոլիկների արեւելաեվրոպական օգնության Renovabis միությունը, որ տարբեր երկրներում աջակցում է նեղյալներին սոցիալ եւ կրթության ոլորտներում, Հոգեգալստյան առաջիկա՝ մայիսի 24-ի տոնին ուշադրություն է բեւեռում արցախցիներին սատարելու առաքելությանը: Եղեգնաձորի համայնաքային Community Development ՀԿ-ի միջոցով իրականացվող օգնությունը, նկարչության, պարի դասընթացները, աշխատատեղերի ստեղծումը փոքր-ինչ դարմանում է վտարանդի արցախցիների վիրավոր հոգին, որ թղթի վրա շարունակում են գծել Ղազանչեցոցը, իրենց հայրենի տունը… Renovabis-ի առցանց էջում ծավալուն ռեպորտաժներն «ամեն ինչ կորցրած մարդկանց մասին են, որ հույսը դեռ վառ են պահում»:
Վերոհիշյալը արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին միակ հիշատակումը չէ գերմանալեզու տեղեկատվական տարածքում: Վերադարձի մասին է հիշեցնում Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը մայիսի 20-ին տարածած հաղորդագրությամբ: «Ի հեճուկս ԼՂ խնդրի շուրջ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության լայն աջակցությանը, Երեւանի եւ Բաքվի կառավարությունները մտադիր են անտեսել այն: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային (CSI) կազմակերպությունը կոչ է անում Շվեյցարիայի դաշնային խորհրդին դիմադրել արտաքին ճնշմանը եւ հետեւողականորեն իրականացնել միջնորդական իր մանդատը», իրազեկում է Քրիստոնեական համերաշխությունը՝ (շվեյցարական) լրատվամիջոցներին տրամադրված հաղորդագրությամբ: Հիշեցնենք՝ 24.4259 բանաձեւով Շվեյցարիայի խորհրդարանը հանձնարարել է դաշնային խորհրդին Ադրբեջանի եւ ԼՂ-ի հայերի ներկայացուցիչների միջեւ խաղաղության ֆորում կազմակերպել՝ բաց երկխոսությամբ միջազգային հովանու ներքո, տեղահանված հայ բնակչության անվտանգ, համատեղ վերադարձի մասին: Թեեւ մեկ տարի անց ֆորումը չի կայացել, բայց Շվեյցարիայում դրա իրագործմամբ խաղաղության հասնելու նպատակը շարունակում է գերակա մնալ: («Ազգի» նախորդ համարներում մանրամասն լուսաբանել ենք): Մայիսի 20-ի հաղորդագրության մեջ CSI-ը նշում է՝ «ՀՀ վարչապետը միացել է Ադրբեջանի դիրքորոշմանը՝ Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտին տեղեկացնելով, որ խաղաղության նման ֆորումը «ցանկալի չէ»: ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վարչապետի այս դիրքորոշումը խոր խզում է գոյացնում կառավարության եւ ընդդիմության միջեւ, քանի որ շվեյցարական նախաձեռնությունը վայելում է Հայաստանի բնակիչների լայն աջակցությունը»:
Մամլո հաղորդագրության մեջ ներկայացվում է, որ հունիսի 7-ին ընտրություններին մասնակից 8 կուսակցություն եւ խումբ կողմ են Շվեյցարական նախաձեռնությանը, բացի կառավարող՝ ՔՊ-ից: «ՀՀ վարչապետի դիրքորոշումը դժվարին վիճակի մեջ է դնում իշխող Քաղպայմանագիր կուսակցությանը, որ Շվեյցարական նախաձեռնությունը մերժելու պատճառով հակասության մեջ է մյուս քաղաքական ուժերի հետ»: Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն աջակցում են «Հայաստան» դաշինքը (ներառյալ՝ ՀՅԴ), «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայաքվե» -ն (սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը), «Մայր հայրենիք» կուսակցությունը («Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ դաշինքով է մասնակցում), Ազգային ժողովրդավարական դաշինքը, Հայաստանի հանրապետական, «Ուժեղ Հայաստան», «Միասնության թեւեր» կուսակցությունները: Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ձեւակերպմամբ՝ դաշնային խորհուրդը չպետք է տեղի տա, զիջի: Կազմակերպության ներկայացուցիչ Ջոյել Վելդքամփը խորապես մտահոգիչ է համարում, «որ ՀՀ-ում իշխող կուսակցությունը ընտրությունների նախաշեմին կոչ է անում դաշնային խորհրդին անտեսել էթնիկ զտման պատճառով տեղահանության զոհ դարձածներին: Շվեյցարիայի օրենսդիրի երկու պալատների ընդունած 24.4259 բանաձեւը բարոյական հստակ քայլ է: Արտերկրի կառավարության՝ հատկապես նրա, որ չի ներկայացնում տեղահանվածների շահերը, որեւէ առարկություն չի ազատում դաշնային խորհրդին իրականացնելու իր պարտականությունը»:
Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը բուռն աջակցում է Արցախի հայերի վտարանդի ղեկավարությունը, որ ապրիլի վերջին Բեռնում էր (տե՛ս «Ազգ» 8.05. 2026, 15.05.2026): Դեռեւս փետրվարին ԼՂ նախագահ, ԱԺ խոսնակ Աշոտ Դանիելյանը բաց նամակ էր հղել ԱԳ նախարար Իգնացիո Կասիսին: «ԼՂ-ից բռնի տեղահանված 150 000 անձ ո՛չ իշխանության աշխարհաքաղաքական փոփոխություն, ո՛չ էլ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը խաթարել է ցանկանում: Վստահ ենք, որ Շվեյցարիայի առաջարկը կիրականացվի: Այն ճանապարհ է հարթում տեղահանվածների համար իրացնելու իրենց հիմնարար իրավունքը՝ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը հայրենիք»:
«Խաղաղության ֆորումն ավելի քան հրատապ է, մանավանդ Ադրբեջանի պահանջով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո, նկատել է տալիս Քրիստոնեական համերաշխություն կազմակերպության մամլո հաղորդագրությունը՝ մանրամասնելով. Այդ ժամանակվանից ի վեր գոյություն ունի դիվանագիտական վտանգավոր վակուում մարդասիրական հիմնարար մտահոգությունները լուծելու վերաբերյալ: Դրանք ներառում են կրոնական վտանգված ժառանգության պաշտպանությունը, գերեզմանատների հասանելիությունը, հարազատների արտաշիրմումը՝ Հայաստանում վերաթաղման համար: Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունն այժմ ունի եզակի հնարավորություն լրացնելու այդ դատարկությունը եւ չեզոք հող ապահովելու մարդկության առջեւ ծառացած այս հրատապ խնդիրների համար: Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը կոչ է անում Շվեյցարիայի դաշնային խորհրդին չհետաձգել խաղաղության ֆորումը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում՝ Renovabis-ի պաստառին արցախցի Անուշ Մարտիրոսյանն է, որ 2020-ին է բռնի տեղահանվել, այժմ պար է ուսուցանում:









