Վաստակաշատ կինոգետ, կինոլրագրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մաթոսյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց իր հերթական՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. Չգրված Հետադարձ հայացք…» գիրքը: Քսաներորդ դարի երկրորդ կեսի թերեւս ամենաժողովրդական հայ դերասանի մասին բազմիցս գրվել է եւ էլի կգրվի: Սակայն այս գրքում մենք ասես լսում ենք Ֆրունզիկի «ձայնը»: Ինչպես նշել է Մաթոսյանը, «Արտիստը ցանկանում էր, ասենք, ինչպես Վահրամ Փափազյանն իր «Հետադարձ հայացք» եւ «Համլետն ինչպես տեսա» հուշագրություններն էին, գրել իր հետադարձ հայացքը, իր այնքա՜ն ասելիք պարունակող հուշերն ու հիշողությունները, ափսոս… Եվ այս խոսակցությունը կարծես մի փոքր դրա նախերգանքը լիներ»: 41 տարի անց Մաթոսյանը գրառել է 1984 թվականին Մկրտչյանի հետ իր հարցազրույցը, որը վարել է վերջինիս՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում ստանալու առթիվ: Ներկայացվող գրքի մեծ մասն այդ զրույցի «մաքուր» սղագրությունն է՝ անպաճույճ, անմիջական, հաճախ՝ ոչ կապակցված, շեղումներով, մինչեւ անգամ՝ արտասանական սխալներով («Լորուենս Օլիվեյ»՝ փոխանակ Լոուրենս Օլիվյե), սակայն՝ կենդանի, մանավանդ երբ որոշ նախադասությունների կողքին փակագծերում կան նշումներ («շեշտում է», «ձայնը բարձր»)…
Այդ ողջ մտքի հոսքը ոչ միայն մեկ արտիստի անցած ուղու ինքնաներկայացում է, այլեւ փայլուն մտորումներ արվեստի, կյանքի, դերասանական արհեստի մասին, որոնք կարող են դասեր լինել սկսնակ արվեստագետների համար: Անհնար է մեկ հոդվածի շրջանակներում ընդգրկել Ֆրունզիկ Մկրտչյանի բոլոր ուշագրավ մտքերը, սակայն սոսկ թվարկելով հարցազրույցի ենթավերնագրերից մի քանիսը՝ արդեն իսկ որոշակի պատկերացում կարելի է կազմել արտիստի աշխարհայացքի մասին: Այսպես. «Դերաբաշխումից հետո մի կռիվ է գնում իմ ու հերոսի, ռեժիսորի, հեղինակի հետ», «Խաղալիս ես ինձ տեսնում եմ», «Մարդու մոտ չկա առանձին ուրախության կամ առանձին տխրության վիճակ», «Որքան ազգային ես, այնքան համամարդկային է», «Արվեստում, այո՛, նախանձ գոյություն ունի», «Արվեստը, մարդը, ամե՛ն ինչ չափի ու չափավորության հետ է կապված», «Մինչեւ տեքստը չլինի իմը, իմ խոսքը չդառնա, չեմ խաղա», «Հիմա վերանում է ստեղծագործական մթնոլորտը», «Ահավոր շատ եմ սիրում փորձը, քան խաղալը», «Գրականությունից դոկումենտն եմ սիրում՝ կենսագրականը» եւ այլն… Հիրավի, բովանդակալից են Մկրտչյանի դատողությունները, օրինակ՝ «Էս վերջին մի 20 տարում ես տեսնում եմ, որ ռեժիսորական արվեստ կոչվածը, չակերտավոր ռեժիսորականը՝ արվեստի էդ գեղեցիկ հմայքը կորցնում է….»: «Ինչքան որ կոմեդիան հարուստ է, իրա տրադիցիայով, բանով, նույնքան ողբերգությունն աղքատ ա»: «Շատ կարեւոր է դիտողականությունը…. Ո՛չ մեկի վրա հույս չես կարող դնել, եթե չունենաս կուտակումների քո պահեստը»: «Ինձ ոչ ոք, ոչ մի վատ բան չի արել, բացի ինքս ինձանից»: «Չկամեցողները շատ են օգնում ինձ…. որ շատ ուժեղ աշխատեմ»: «Արվեստագետը միայն արվեստով, արվեստով, արվեստով… Ինքն իրեն չպիտի դավաճանի»: «…դերասանը ինչքան չի իմանում, էնքան անմիջական է դառնում», եւ այլն, եւ այլն…
Հիշարժան են նաեւ Ֆրունզիկ Մկրտչյանի՝ գործընկերներին տված գնահատականները: «Հներիկ Մալյանը չարչարվում, աշխատում է քեզ դնել ճիշտ վիճակի մեջ, որ դու ճիշտ ապրես, մնացածը դու կգնաս… Այ, ռեժիսուրան ի՛նչ է… Դանելիան քեզ հետ ստեղծում է հնարավորություններ»: Եվ կամ՝ «Սոֆիկոն (Ճիաուրելին – Ա. Բ.) ազգային չէ, նա Ժերարդոյի (Աննի Ժիրարդո – Ա. Բ.) եւ Մանիանիի արագության իտալական էդ բաներն է անում… Սիրել ա, ու էդ արագ-արագ քայլելը, գնալ-գալը շատ ձեռնտու է ռեժիսորին, վերջ, հավաստի ա.. Բայց ո՜չ վրացի ա, եւ ո՛չ էլ հայ…. Արմենն էլ է, Ջիգարխանյանը, այդպես… Ցանկացած ստուդիա կարող է կանչել, «վերնի ա»…
Եվ այս ամենը՝ համեմված կենսագրական մանրամասներով, զանազան հուշ-պատառիկներով, ուսանելի, համով-հոտով պատմություններով… Շատ բան մնում է չասված, ընթերցողին մնում է կռահումներ անել: Օրինակ, Ֆրունզիկ Մկրտչյանը մի քանի անգամ հիշատակում է Ֆեդերիկո Ֆելինիին, ինչը հուշում է, որ նա հատուկ հարազատություն է զգացել այդ մեծ կինովարպետի հանդեպ…
Գրքի երկրորդ մասում Ռոբերտ Մաթոսյանի՝ «Ֆիլմ» թերթում Մկրտչյանի մասին հրատարակած հոդվածներն են եւ հետագայում գրած հուշիկները, որոնցում վառ գծագրվում է համաժողովրդական սեր վայելող դերասանի շռայլ, սրամիտ, նաեւ ողբերգական նկարագիրը: Գիրքը եզրափակվում է Ֆրունզիկի մասին կարծիքներով եւ գնահատականներով, որոնք արտահայտել են այնպիսի նշանակալից դեմքեր, ինչպիսիք են Վարդան Աճեմյանը, Վիկտոր Համբարձումյանը, Հենրիկ Մալյանը, Ռուբեն Զարյանը, Ռոլան Բիկովը, Էլդար Ռյազանովը: Ուշագրավ է, որ վերջինս ցանկացել է Մկրտչյանին նկարահանել իր «Գարաժ» կինոնկարում, ինչը չի իրականացել վերջինիս՝ խորհրդա-հնդկական ֆիլմում զբաղված լինելու պատճառով:
Ավելացնենք, որ գրքի հրատարակմանն աջակցել է կանադահայ կինոգործիչ Գասպար Տերտերյանը:
Ռոբերտ Մաթոսյանը (ծնված 1945-ին, Սպիտակում) 1968 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի լրագրության բաժինը: Աշխատել է համալսարանի կինո-ֆոտո լաբորատորիայում` «Երեւանի համալսարան» թերթին ապահովելով լուսանկարներով: Ավարտական կուրսում աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում (այժմ` «Արմենպրես»)` որպես հատուկ թղթակից, «Ավանգարդ» թերթում` որպես բաժնի վարիչ: 1969-ին հիմնադրել եւ մինչեւ 1990 թվականը խմբագրել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի, այնուհետ` կինեմատոգրաֆիստների միության «Ֆիլմ» թերթը: 1990-ին թերթի հիմքի վրա ստեղծել է «Գեղարվեստ» թերթը, 1991-ին վերջինիս հիման վրա՝ «Գեղարվեստ» տեսաթերթը: 1996 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, մասնակցել մշակութային թեմայով նկարահանվող վավերագրական ֆիլմերի ստեղծմանը: 2004-ին Մոսկվայում որդիների` Սամվել եւ Տիգրան Մաթոսյանների հետ ստեղծել է «Սինեմատոս» ընկերությունը՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր: 2008-ին վերադարձել է Երեւան, մասնակցել «+Կինո» ամսագրի հիմնադրմանը, աշխատել որպես գլխավոր խմբագրի տեղակալ, 2012 թվականից` գլխավոր խմբագիր: Իսկ վերջերս սկսել է գործել Ռոբերտ Մաթոսյանի վերաբերյալ երկլեզու (հայերեն-անգլերեն) կայքէջը (https://robertmatosyan.weebly.com/), որն ընդգրկում է տեղեկատվություն կինոգետի խմբագրած պարբերականների, հրատարակած 15 գրքերի մասին, նրա սցենարով նկարահանված կինոնկարների ցանկը, նրա հետ հարցազրույցների տեսագրություններ, լուսանկարները հայ եւ միջազգային կինոգործիչների հետ եւ այլն: Այսպիսով, հայ կինոյին նվիրված առցանց հարթակների թիվն ավելացավ մեկով, որի առթիվ շնորհավորում ենք Ռոբերտ Մաթոսյանին՝ սպասելով հայ կինոյի վերաբերյալ նրա հաջորդ հատորներին…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ