Քաջարանի հանքաքարի մանրէաբանական տարրալուծման հնարավորությունները

33

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում  ուսումնասիրվել են Քաջարանի պղնձամոլիբդենային  հանքավայրի պղնձի պորֆիրային ցածրորակ (0,63-0,77 տոկոս) հանքաքարի  մանրէաբանական տարրալուծման հնարավորությունները եւ պղնձի կենսակորզման  գործընթացի արդյունավետությունը:

Ուսումնասիրություններն իրականացվել են «Մանրէային կոնսորցիումների  ստացում, ուսումնասիրում եւ կիրառում առաջնային եւ երկրորդային հումքերից պղնձի եւ այլ արժեքավոր մետաղների արդյունավետ կենսակորզման գործընթացումներում»  թեմայի շրջանակներում: Աշխարհում պղնձի հարուստ պաշարների սպառման հետ մեկտեղ աճում է հետաքրքրությունն աղքատ՝ պղնձի  ցածր պարունակությամբ (0,2-2,0 տոկոս) հանքաքարերի  նկատմամբ:

Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայր գտնվում է  ՀՀ Սյունիքի մարզում՝ Ողջի գետի վերին ավազանում: Հետազոտվել է 1931 թվականից, շահագործվել 1945 թվականից: Հանքանյութն առաջացել է երկարատեւ ժամանակամիջոցում՝ ջերմաստիճանի աստիճանական անկման պայմաններում՝ հանքայնացման մի քանի փուլերով: Պարունակում է նաեւ  թանկարժեք  ուղեկից տարրեր՝ ոսկի, արծաթ, ռենիում, սելեն, բիսմութ եւ այլն: Տարածված են նաեւ մոլիբդեն ու պղինձ պարունակող արդյունաբերական նշանակության 0, 1-ից մինչեւ 5 մետր  հաստության քվարցի երակներ:

Նշված  հանքաքարերի շահավետ  եւ շրջապատող միջավայրի համար անվտանգ  եղանակ է հանդիսանում մանրէաբանական տարրալուծումը: Կենսատարրալուծման  ժամանակակից  բարձրարդյունավետ եւ բնապահպան եղանակը մետաղների ստացման նպատակով Հայաստանում  դեռեւս չի կիրառվում:

Այդ նպատակով հետազոտություններ են իրականացվել` ուսումնասիրելու  համար մետաղները տարրալուծող բակտերիաների բազմազանությունը եւ տարածվածությունը  Հայաստանի եւ Արցախի պղնձի հանքավայրերի բիոտոպերում:

Հայաստանում Քաջարանի եւ Արցախում Կաշենի հանքավայրերից մեկուսացվել են մետաղներ տարրալուծող բակտերիաներ: Ուսումնասիրվել են մեկուսացված բակտերիաների ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, կայունությունը ծանր մետաղների նկատմամբ, սուլֆիդային ապարները քայքայելու ունակությունը: Ուսումնասիրվել  են նաեւ ֆիզիկաքիմիական, տեխնոլոգիական գործոնների ազդեցությունը մեկուսացված բակտերիաների եւ նրանց համակեցությունների կողմից պղնձի կենսատարրալուծման գործընթացի վրա: Կենսատարրալուծման մնացորդների ապարագիտական հետազոտությունների արդյունքները թույլ են տվել բացահայտել հանքաքարի տարրալուծման մեխանիզմը: Ստացված տվյալների հիման վրա մշակվել են Քաջարանի հանքաքարից կենսատարրալուծման  գործընթացի գիտական հիմունքները, ստեղծվել են մետաղներ տարրալուծող բակտերիաների հարուստ հավաքածու եւ տվյալների շտեմարան:

Գիտական աշխատանքն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում: Չինական կողմի նախաձեռնությամբ 2021թվականին  գիտական արդյունքների փոխանակման եւ համատեղ  հետազոտությունների ծրագիր է  հաստատվել նաեւ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Օվկիանոսագիտության ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա»-ի միջեւ:   

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆՌուսաստանի  բնագիտության  ակադեմիայի  պրոֆեսոր