Երեւանի կենտրոնում վերաբացվեց «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» ցուցասրահը, որում կազմակերպած անդրանիկ ցուցահանդեսում ներկայացվում են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչության եւ գծանկարչության ամբիոնի դասախոսների ստեղծագործությունները: Քսաներկու տարի առաջ հիմնված մշակութային այս օջախը գործում է Գեղարվեստի ակադեմիային կից, նրանում բազմիցս ցուցադրվել են թե՛ ուսանողները եւ թե՛ դասախոսները. հիշում եմ, անգամ, նրանում մեկ գործի ցուցադրություն, որը նույնպես մշակութային միջոցառման մի տեսակ է: Սրահը վերանորոգումից հետո դարձյալ կդառնա նորաստեղծ գործերի ներկայացման հարթակ, նաեւ՝ ապագա գեղարվեստագետների առաջին լուրջ քայլերը ցուցադրելու վայր: Այս ամենի կողքին ավանդույթ է ակադեմիայի դասախոսների գործերի համահավաք ցուցադրությունը, որը, ինչպես բնորոշեց Արամ Իսաբեկյանը, դասախոսների քննություն – հաշվետվությունն է իրենց ուսանողների առջեւ:
Ահա, այս կերպ, հանրության քննությանն իրենց գործերն են ներկայացրել տասնվեց նկարիչներ՝ Արամ Իսաբեկյանը, Էդվարդ Վարդանյանը, Փարավոն Միրզոյանը, Ժորա Հայրապետյանը, Գարիկ Մանուկյանը, Արթուր Հովհաննիսյանը, Մեխակ Էլբակյանը, Արսեն Ղազարյանը, Անդրեյ Շուգարովը, Սահակ Պողոսյանը, Մանե Մակյանը, Հայկ Աղաբեկյանը, Գագիկ Ղազարյանը, Հովսեփ Պապիկյանը, Սուրեն Սաֆարյանը, Հրանտ Հարությունյանը, Ազատ Պետրոսյանը, Հարություն Ավագյանը եւ Գրիգոր Գեղամյանը: Իրարից բացարձակապես տարբերվող նկարելաձեւեր, ոճական բազմազանություն՝ ակադեմիական նկարչությունից մինչեւ վերացական նկարչության բազմազան դրսեւորումներ, ճանաչելի, ընդգծված «ձեռագրակերպեր», միմյանցից ցցուն թեմատիկ անջատվածություն: Մի խորագրի ներքո ներկայացված գործերը հազիվ թե հնարավոր լինի ամբողջացնել: Բայց, չնայած ցուցադրված գործերի սակավությանը (հնարավոր չէ երկու՝ համեմատաբար փոքր սրահներում մեծաքանակ գեղարվեստական գործեր տեղադրել), կարելի է գոնե մոտավորապես բնութագրել այն արվեստային միտումներն ու նախասիրությունները, որոնք ունեն մեր նկարիչները հիմա: Թեեւ թեմաների տարբերությանը, սա մեր իրականության արտացոլանքն է, մտավորականի զգացմունքների եւ խոհածության ամբողջականությունը, կենցաղային պատկերներից մինչեւ բնության իրական եւ անիրական արտածումները, մասնատված մարդկային մարմնաձեւերի համադրումներից մինչեւ կանացի մերկ ձեւերի ակնարկ-նշմարումները՝ գունային բռնկուն ցայտումներով, Հայաստան աշխարհի վառ գույներով բնաշխարհի խորհրդապատկերից մինչեւ հոգնությունից ջլատված անձի պատկերը, հոգու փեղկերը՝ դարակաշարի նկարագրությամբ դիտողի առջեւ բացող խորհրդապատկերից մինչեւ թափանցիկ մշուշ դաշտանկար, ընդգծուն դեղինի վրա բացված խոշոր – սեւագլուխ արեւածաղիկներից մինչեւ հեթանոս հունչեր՝ կնոջ արթմնի երազներով եւ եթերներում թռիչքով…
Հեթանոս հունչերը Էդ. Վարդանյանինն են, մարդահայաց արեւածաղիկները՝ Սահակ Պողոսյանինը, հողմավար ծառը՝ Հարություն Ավագյանինը, բացուխուփ եղող դարակաշարը՝ Մանե Մակյանինը, տաք գունային ցողմամբ դաշտը՝ Գրիգոր Գեղամյանինը: Մարմնաձեւերը վերադասավորվել են Ազատ Պետրոսյանի կտավին, քսանամյա տարբերությամբ վրձնված իր երկու բնանկարներն է ներկայացրել Անդրել Շուգարովը, մեկը՝ ակադեմիական ճշգրտությամբ, մյուսը՝ վերացարկումից դեպի իրապաշտություն անցումներով: Արտաքին հանգստության ներքո թաքնված կենտրոնացած, թաքուն – լարված հայացք ունի Ա. Իսաբեկյանի «Որդուս դիմանկար»-ը: Սուրեն Սաֆարյանի «Դիմադրություն» խորագրված կտավը հայաստանյան պաննո է, վառվռուն գունաբաշխմամբ եւ լեռ ու ձորի, երկինք – հողի պատկերով առավել՝ սիրո արտահայտություն. այդ սե՛րն է հենց ազգի դիմակայության գլխավոր զենքը: Մեխակ Էլբակյանի «Ծաղրածու»-ն մտքերս տանում է դեպի դեմիրճյանական «Քաջ Նազար»-ը: Զուր չէ՛ ծաղրածուի կերպարին երկակի անդրադարձն անգամ այս փոքր ցուցադրությունում: Մյուս կտավը՝ «Աղջիկը եւ ծաղրածուն», 2023-ին նկարել է Ա. Իսաբեկյանը: Ճշմարտությունը լսե՛ք ծաղրածուներից: Կա նաեւ այլ մեկնաբանություն. այդ ծաղրածուների ձեռքում են կառավարման ղեկերը: Խաչելության հավերժական թեման է արծարծում Արսեն Ղազարյանը, որի կողմից յուղաներկի գործածման տեխնիկան, իմ տպավորությամբ, նոր, սովորականից տարբերվող որակ է գեղանկարչության մեջ:
Երկար կանգ եմ առնում հոգնածությունը մարմնավորող մարդու պատկերի առջեւ: Գագիկ Ղազարյանի կտավը կվերանվանեի եւս մի «Խաչելություն» կամ թե՝ «Ճիտին պարտքը». անձնական հոգնություն չէ. մաշված կռները, կորացած մեջքը մեր օրերի մեջ ճի՞չ է, թե՞ հուսաբեկություն:
Նախատեսվում է այսուհետեւ «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» ցուցասրահում նման «հաշվետու» ցուցահանդեսներ բացել մի քանի ամիսը մեկ՝ այսպիսով դասախոսներին դրդելով կենտրոնանալու ոչ միայն մանկավարժական գործունեության վրա, այլ նաեւ՝ ակտիվորեն ստեղծագործելու:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ