Հունիսի 28-ին ժամը 14.21-ին «Թագեսշպիգելը» հետեւյալ վերնագրով լուր հրապարակեց՝ «Ադրբեջա՞նն է պատասխանատու. 4 հայ զինվոր է սպանվել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում»: «Տասնամյակներ ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են Լեռային Ղարաբաղի համար: Մայիսին գրանցված լարվածությունից հետո նորից բիրտ ուժ է գործադրվել՝ հանգեցնելով զոհերի: 4 հայ զինծառայող է սպանվել, ինչպես փոխանցում են տեղական՝ անջատական (սեպարատիստ) հայամետ պաշտոնյաները»:
«Ադրբեջանական զինուժը գիշերը հրետանու եւ անօդաչուների կիրառմամբ կրակել է Մարտունու եւ Մարտակերտի շրջանների ուղղությամբ, հայտարարել է անջատական պաշտպանության նախարարությունը՝ թվիթերում՝ իրազեկելով, որ «4 զինվորները Ադրբեջանի նոր սադրանքի զոհ են դարձել»:
Լրատվության մեջ հիշատակվում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՄՆ միջնորդությամբ բանակցում են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ երեքշաբթի օրվանից մինչ հինգշաբթի նախատեսված հանդիպումներում:
Առավել քան զարմանալի է, որ «Թագեսշպիգելում» հրապարակված լրատվության աղբյուրը AFP՝ Ֆրանսպրես գործակալությունն է: Ակնհայտ է, որ սույն լրատվության սնուցման աղբյուրն ադրբեջանական է: Նախ՝ հարցական նշանով վերնագիրը, ապա ԼՂ իշխանություններին կցված սեպարատիստ (անջատական) բնորոշումը Բաքվի հրահանգով է մատուցվել: Իհարկե մեր ենթադրությունն է, սակայն Բաքուն շատ արագ կամ նախօրոք է պատրաստում տեքստը, ապա տրամադրում միջազգային գործակալությունների՝ իր երկրում հավատարմագրված թղթակիցներին: AFP-ի Հայաստանի թղթակիցը, Հայաստանի ԱԳՆ-ն պիտի բողոքի նամակ հղեն Ֆրանսպրես գործակալությանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ