Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերոնիկ Կապոյան Ֆավել. «Ժամանակի ընթացքում ազգանունս դարձավ հպարտության աղբյուր»

Արծվի Բախչինյան
15/05/2026
- 15 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
4
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՎԻԼՅՈՐԲԱՆ, Ֆրանսիա – Վերոնիկ Կապոյան Ֆավելը (ծն.1959, Օբենա, Արդեշ) հայազգի ֆրանսիական դերասանուհի եւ բեմադրիչ է: Թատրոնում աշխատում է 1981-ից, համագործակցել է բեմադրիչներ Շանտալ Մորելի, Սերժ Պապագալիի, Ֆիլիպ Դելեգի, Պատրիկ Անրիի, Ժիլ Շավասյոյի, Գի Գրանույեի, Մոհամեդ Սաիդ Ֆերդանի հետ: Զանազան դերեր է կատարել կինոյում եւ հեռատեսիլում, նկարահանվել Անրի Վեռնոյի, Կլոդ Շաբրոլի, Ալեքսանդր Ադաբաշյանի, Պատրիս Լըկոնտի, Էրիկ Բարբիեի, Սոֆի Ֆիլիերի, Ժան Բեկերի, Ժերար Կրավչիկի եւ այլոց ֆիլմերում, բազմաթիվ հեռուստաֆիլմերում եւ սերիալներում:

–Սիրելի՛ Վերոնիկ, եթե չեմ սխալվում ձեր առաջին թատերական հաջողությունը Սերժ Պապագալիի «Ազատված դոֆինուացին» հումորային ներկայացման մեջ էր, 1995 թվականին: Կարո՞ղ ենք ասել, որ դրանից հետո դուք նախընտրում եք կատակերգական դերերը:

-Այդ կատակերգությունն իր հաջողության շնորհիվ վերածվեց յուրատեսակ ընտանեկան սագայի, որը 1995-ից մինչեւ 2024 թվականն ունեցավ յոթ բեմադրություն, նաեւ դարձավ լիամետրաժ ֆիլմ: Միաժամանակ հանդես եմ եկել նաեւ մեկ այլ ներկայացման մեջ՝ «Ժիլի կինը», Շանտալ Մորելի բեմադրությամբ, որը ողբերգական մենաներկայացում էր եւ խաղացվել է ավելի քան 200 անգամ: Այս դերերի հակադրությունը հնարավորություն տվեց ինձ բացահայտել ու խորացնել այն բոլոր նրբերանգներն ու բազմազանությունը, ինչը կարող է երազել դերասանը: Չկա կատակերգություն առանց ողբերգության: Ողբերգությունը կարող է գոյություն ունենալ ինքնուրույն, սակայն այս երկուսը հաճախ շատ մոտ են իրար: Ես չեմ կարող ընտրել դրանցից մեկը կամ մյուսը.կատարման հաճույքը տարբեր է, բայց երկու դեպքում էլ այն անսահման է:

–Ո՞վ է ձեզ վրա, որպես դերասանուհի, թողել ամենամեծ ազդեցությունը:

-Ազդեցություններ շատ են եղել. բազմաթիվ արվեստագետներ սնուցել են ինձ: 1979-1980 թվականներին դիտածս Փարիզի Արեւի թատրոնի «Մեֆիստոն» իմ առաջին մեծ թատերական փորձառությունն էր: Ես հիացա, եւ Արիան Մնուշկինը դարձավ իմ առաջին ուղենիշը: Ավելի ուշ, մի վարպետության դասի ընթացքում, ներգրավվեցի խմբի աշխատանքի մեջ ու շատ բան սովորեցի, հատկապես այն հայտնի պարադոքսի մասին, որը կոչվում է «ողբերգական կատակերգություն»:

–Դուք մասնակցել եք Սփյուռքի հետ կապված մշակութային նախագծերի. կպատմե՞ք դրանց մասին:

-Իմ խմբի հետ բեմադրել եմ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, սակայն ժամանակակից հայ հեղինակները հազվադեպ են հայտնվել իմ ճանապարհին, միայն մեկ անգամ: Ապրիլի 24-ի ոգեկոչման ընթացքում հանրային ընթերցմամբ մասնակցելու հրավեր ստացա Վիլյորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրեից (ի դեպ, Վիլյորբանն Աբովյանի քույր քաղաքն է): Ես ներկայացրի Գրիգոր Պըլտյանի, Մարինե Պետրոսյանի եւ Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծություններից, նաեւ հատվածներ Ժերար Շալյանի «Հուշերիս հուշերը» գրքից: Ես հաճախ եմ վերադառնում այդ գրքին՝ գաղտնի մտածելով այն բեմադրելու կամ դրանից հատվածներ օգտագործելու մասին՝ միաժամանակ անդրադառնալու թե՛ ընդհանուր պատմությանը, թե՛ իմ տատիկ-պապիկի անձնական պատմություններին: Պետք է գտնել ճիշտ ձեւը: Այնտեղ կան խոսքեր, որոնք կարող էին իմը լինել. «Իմ մանկության սեւազգեստ ծեր կանայք հիշում էին. նրանք, ովքեր մահացան առանց գերեզմանի, հավերժ իրենցն են»: Եվ ի վերջո՝ երբ գալիս է ապրած տարիների հաշվետվության պահը, ժամանակն է հիշելու այս պատմությունը եւ մեր նախնիներին վերադարձնելու այն, ինչ իրենցն է:

-1950-1960-ական թվականներին Ֆրանսիայում հայկական ծագում ունեցող շատ արվեստագետներ փոխում էին իրենց ազգանունները՝ ընտրելով ավելի եվրոպական հնչողությամբ անուններ: Դուք կարող էիք հանդես գալ Վերոնիկ Ֆավել անունով, սակայն պահպանեցիք Կապոյան ազգանունը: Դա առաջացրե՞ց դժվարություններ:

-Մայրս ֆրանսուհի է, եւ ծնողներիս ամուսնությունը մնում էր մի մեծ գաղտնիք: Նրանք ամուսնացել են 1953 թվականին: Փարիզուհի մայրս հետեւել է ամուսնուն՝ տեղափոխվելով Արդեշի գյուղական շրջան (հետագայում մենք ապրեցինք Վալանսում), հորական տատիս՝ Մամե Զարիկի հետ, որը մեծացրել է ինձ: Ծնողներիս ամուսնությունը տեւել է 17 տարի: Մորս՝ նորմանդացի գյուղական ծագումով ընտանիքը դեմ է եղել այդ ամուսնությանը եւ բացահայտ ռասիզմ է դրսեւորել: Հայաստանը նրանց համար անհայտ երկիր էր, նրա լեզուն՝ անհասկանալի, խոհանոցը՝ տարօրինակ. նման դատողությունները շատ էին: Իսկ ես ուտում էի հայկական ուտեստներ եւ խոսում էի հայերեն (մինչեւ յոթ տարեկանս՝ ծնողներիս ամուսնալուծությունը): Իմ Կապոյան ազգանունը ժամանակի ընթացքում դարձավ դրոշ, հպարտության աղբյուր: Ինձ դուր էր գալիս իմ այդ յուրահատկությունը, այդ հեռավոր երկիրը, եւ տատիկիս ողբերգական պատմություններն ինձ տարան դեպի թատրոն՝ կենդանի զգացումների աշխարհ: Իմ մեծ ափսոսանքն այն է, որ այլեւս չեմ խոսում հայերեն: Տատիկիցս բաժանվելուց հետո լեզուն էլ նրա հետ անհետացավ: Կարող էի, պետք է կարողանայի, դեռ կարող եմ նորից սովորել… Կյանքն արագ է անցնում: Մի քանի բառ, սակայն, մնացել են:

–Ինչպե՞ս էր ձեր համագործակցությունը Անրի Վեռնոյի հետ «Պարադիի փողոց, թիվ 588» ֆիլմում:

-Շատ կարճ էր. փոքր էր դերս: Դա իմ երկրորդ փորձառությունն էր կինոյում: Ինձ կաշկանդված էի զգում Անրի Վեռնոյի, Կլաուդիա Կարդինալեի եւ Ռիշար Բերիի ներկայությամբ: Միշտ մտածել եմ, որ Վեռնոյն ինձ ընտրել էր իմ ազգանվան պատճառով՝ ելնելով հայկական համերաշխությունից: Հիշում եմ ֆիլմի ցուցադրությունը խմբի հետ. դահլիճը լցված էր Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչներով, եւ ցավալի հիշողությունների հուզականությունը շոշափելի էր: Իսկ հետո՝ սեղանների տեսարանները եւ մեր հայկական ուտեստները՝ ուրախության, հպարտության եւ հիացմունքի ալիքներով: Դա կարծես փոխաբերություն լիներ. խոհանոցն արտացոլում էր ողջ մնացած Հայաստանի առատաձեռնությունն ու կենսունակությունը:

–Դուք նաեւ նկարահանվել եք «Մադոյին՝ ցպահանջ» ֆիլմում, որը բեմադրել է հայազգի ռուսական բեմադրիչ Ալեքսանդր Ադաբաշյանը: Ձեր միջեւ հաստատվե՞ց ինչ-որ առանձնահատուկ կապ:

-Մեր կապը հիմնականում ստեղծագործական էր: Ես անցա քասթինգը, եւ մինչեւ նկարահանումները բազմաթիվ զրույցներ ունեցա Ադաբաշյանի հետ: Չգիտեմ, եթե ազգանունս ազդել է ընտրության վրա: Նկարահանումները շատ հաճելի էին, թեեւ որոշ բարդություններ կային լեզվական խոչընդոտի պատճառով, քանի որ ողջ տեխնիկական խումբը ռուսներ էին: Այդ շրջանից իմ մեջ մնացել են շատ լավ հիշողություններ՝ թե՛ թեթեւության, թե՛ պահանջկոտության առումով:

–Կպատմե՞ք Կապոյանների ընտանիքի մասին:

-Պապս՝ Օհաննես Կապոյանը (Հովհաննես Գաբոյան), ծնվել է 1880 թվականին, Բիլեջիկում եւ մահացել է 1955 թվականին, Օբենայում: Տատս՝ Զարիկ Յալարյանը (թե՞ Յայլարյան), ծնվել է 1890 թվականին Բիլեջիկում. Հակոբ Յալարյանի եւ Փարիս Թեփելյանի դուստրն էր: Եթե ձեր ընթերցողներից որեւէ մեկը կրում է այս ազգանունները, ուրախ կլինեմ լսել նրանցից: Տատիկիս պատմություններից գիտեմ, որ նրա ծնողները Բիլեջիկի շրջանում զբաղվել են մետաքսագործությամբ: Նա եւ պապիկս ունեցել են վեց զավակ, որոնցից ամենափոքրը՝ իմ հայր Գալուստը, ծնվել է 1925 թվականին, Կ.Պոլսում: Նրանց երեխաներից երեքը մահացել են Պոլսի փախստականների ճամբարներում՝ հիվանդությունից, թերսնումից, ցրտից եւ զրկանքներից: Այս աքսորը կամ տեղահանությունը, որը սկսվել է 1915-1916 թվականներին եւ շարունակվել Պոլսի փախստականների ճամբարներում անցկացված տարիներով, հանգեցրել է գրեթե տասներեք տարվա թափառումների, մինչեւ նրանք 1928 թվականին հասել են Ֆրանսիա: Տատիկս, նրա ավագ դուստր Աստղիկը եւ հայրս (այն ժամանակ՝ չորս տարեկան) հասել են Մարսել, ապա հաստատվել են Սեն-Պիեռ-սու-Օբենայում՝ Բրիանի մետաքսի գործարանում աշխատելու, մինչդեռ պապս եւ դեռահաս Հակոբ հորեղբայրս մնացել են Թուրքիայում եւ հավանաբար զոհվել են: Աստղիկ հորաքույրս մահացել է Ֆրանսիայում՝ իր առաջնեկին լույս աշխարհ բերելիս, իսկ միակ զարմիկս՝ Ժոզեֆ Պողոսյանը, մահացավ Լիոնում, 2002 թվականին:

Ես հաճախ եմ մտածում, որ կարող էի ունենալ հորեղբայրներ, մորաքույրներ, զարմիկներ, ընտանեկան հավաքույթներ, ինչը տեսնում էի ուրիշ ընտանիքներում: Ես անսահման սեր եւ հիացմունք եմ զգում տատիկիս եւ նրա ուժի հանդեպ: Նա դիմակայել է աքսորին, հայրենիքի, տան եւ ընտանիքի կորստին, չորս զավակների եւ ամուսնու մահվանը եւ մի զավակի անհետացմանը: Նա կանգնել է չհասկացված լինելու անհնարինության եւ անծանոթ աշխարհին հարմարվելու անհրաժեշտության առջեւ: Նա ապրել է լեզվական մեկուսացման մեջ՝ լուռ աքսորում, իր հիշողություններով եւ հիշելու հանձնառությամբ: Այսօր ես այնքա՜ն հարցեր կունենայի նրան տալու: Հայրս՝ նրա միակ կենդանի մնացած զավակը, այժմ՝ հանգուցյալ, միշտ ասում էր. «Դա հին պատմություն է»: Հնարավոր է՝ նա չափազանց շատ էր դրանք լսել:

–Ինչպե՞ս եք ձեր կյանքում եւ արվեստում պահպանում հայկական ավանդույթն ու ինքնությունը:

-Առօրյա կյանքում ես հաճախ պատրաստում եմ հայկական ուտեստներ (ամուսինս դրանց մեծ սիրահար է): Ունեմ երկու դուստր, որոնք շատ զգայուն են մեր պատմության եւ խոհանոցի նկատմամբ: Իմ միակ եղբայրն ունի չորս զավակ, որոնցից երեքը տղաներ են, եւ ես գիտեմ, թե որքա՜ն երջանիկ կլիներ մեր հայրը՝ տեսնելով, որ Կապոյան ազգանունը շարունակվում է: Շատ տարիներ առաջ, երբ ես մասնակցում էի հանկարծաբանական մրցույթների Բատակլանում, հայրս եկել էր դիտելու: Հագիս մարզահագուստ էր, որի հետեւի մասում գրված էր իմ ազգանունը. նա շատ հպարտ էր. այդ երեկոն նրա համար ամենակարեւորն էր:

Արվեստը կարող է հաղթահարել նախապաշարմունքները: Այն կոչ է անում հանդուրժողականության, համակրանքի, գիտելիքի եւ ավելի խոր հարցադրումների: Մեր այս զրույցի շնորհիվ, որի համար երախտապարտ եմ, այժմ ցանկություն ունեմ ստեղծելու մի թատերական գործ այս պատմության շուրջ՝ իմ ընտանեկան եւ ավելի մեծ պատմության: Ինձ անհրաժեշտ են գործընկերներ, համախոհներ եւ ժամանակակից թատերական լեզու: Կարող եմ կրկնել ֆրանսիացի բանաստեղծի խոսքերը՝ «Ես մեկ այլ Արթյուր Ռեմբո եմ»…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որո՞նք են Հայաստանի հնարավոր օգուտները ԵՄ գագաթնաժողովից

Հաջորդ գրառումը

Արտո Թունջբոյաջյանի «Քեզ համար, Արարատ»-ը՝ որպես արվեստի ինստալացիա

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Արտո Թունջբոյաջյանի «Քեզ համար, Արարատ»-ը՝ որպես արվեստի ինստալացիա

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական