«Սիրո հմտության» անանձնական ձեւակերպումները՝ Վրաստանում կայացած վեհաժողով-մրցույթում

43

Վրաստանում անցկացված միջազգային մրցույթի անվանումը թարգմանվում է «սիրո հմտություն» կամ «սիրելու կարողություն»: Մասնակիցներն էին անվանի գրողներ, արվեստագետներ, գիտնականներ, հոգեւորականներ:

Հայրենապաշտության, թվում է, թե կուռ գաղափարի շուրջ միավորված եւ միակամ ազգիս համահարթեցման եւ արդարության գաղափարներով բեմ ելածներին դյուրին կերպով հաջողվեց մասնատել, ատելության սերմով հոռացած մոլախոտով դյուրությամբ խեղդվեց բարու եւ սիրո ոսկեհասկը, իսկ մինչ այդ ներքին երկպառակտման դասերն առած հարեւան երկրում ստեղծվում է հարթակ, որն աշխարհի մասշտաբներով ներկայացնում է սիրո բանաձեւումներ, որոնք մարդկային, մտային եւ բարոյական շնորհների արդյունք են:

Վրաց հնագույն Մցխեթ քաղաքում 2022 թ. աշնանը կայացել է «Սիրո հմտություն» միջազգային առաջին մրցույթը, որի մասնակիցները եղել են աշխարհի տարբեր երկրները ներկայացնող՝ տարբեր ոլորտների գիտնականներ, արվեստագետներ, գրողներ, հոգեւորականներ… Մրցույթի կազմակերպիչն է Կանարյան կղզիներում հիմնված «Դելֆինի դեսպանատուն» անվամբ միջազգային հասարակական կազմակերպությունը: Այն հիմնել են Նիկոլե եւ Ալեքսանդր Գրոտովսկի ամուսինները: Կազմակերպության հիմնական առաքելությունն է ձեւավորել եւ տարածել աշխարհայացք եւ ստեղծել մշակութային տարածք՝ Երկիր մոլորակի վրա կյանքի պահպանման եւ կայուն, ներդաշնակ զարգացման համար: Այն մշակութային կենտրոն է, որը նաեւ գիտահետազոտական, տեղեկատվական, խորհրդատվական, արտադրական գործունեություն է ծավալում՝ կապված ծովային կաթնասունների՝ դելֆինների եւ կետերի հետ, որոնք, կազմակերպության ձեւակերպմամբ, «ներկայացնում են Երկրի վրա ինտելեկտի ամենահին ձեւը». ուստի կոչ են անում դելֆինների եւ կետերի դեմ հանցագործությունները հավասարեցնել մարդկության դեմ հանցագործություններին: «Դեսպանատունը» գործում է այն գիտակցությամբ, որ «աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, անբաժան է, ամբողջական, եւ ներկայումս իսկապես միակ հրատապ խնդիրն է կանխելու այն վտանգները, որոնք սպառնում են նրա գոյությանը մարդկանց սպառողական գործունեության հետեւանքով»: Այդ վտանգները հաղթահարելու ուղին կազմակերպությունը տեսնում է «աշխարհի հանդեպ ծանծաղ հայացքից առաջացած անմիաբանությունը, մասնատվածությունը եւ օտարումը հաղթահարելու մեջ»:

Կազմակերպությունը մրցանակներ էր սահմանել գիտության, արվեստի, սոցիալական պրակտիկայի, կյանքի ուղու ընտրության անվանակարգերում: Որպեսզի հստակ լինի, թե ինչ են նկատի ունեցել՝ մրցույթը «Սիրո հմտություն» անվանելով, ի՛նչ բովանդակություն է ունեցել այն, տեսնենք, թե ովքեր են դարձել մրցանակակիրներ:

«Սոցիալական պրակտիկա» անվանակարգում մրցանակներ են հանձնվել երեք անհատի՝ վրաց անվանի արձակագիր եւ բանաստեղծ, կոնֆլիկտաբան, Վրաստանի մշակույթի նախկին նախարար Գուրամ Օդիշարիային, Համաշխարհային մարդասիրական ֆորումի հիմնադիր եւ ղեկավար, Convergence Greece Forum-ի նախաձեռնող, ActionAid Hellas-ի հիմնադիր, Փարիզի Հելլենական մշակութային կենտրոնի նախագահ Ալեքսանդրա Միցոտակիին եւ Իտալիայի Տորինո քաղաքի՝ Սինեմամբիենտե բնապահպանական կինոփառատոնի հիմնադիր եւ տնօրեն Գաետանո Կապիզիգիին:

«Կյանքի ուղու ընտրություն» անվանակարգում մրցանակակիրն էր Սվետիցխովելի տաճարի վանահայր Հայր Իլիան (աշխարհիկ անունը՝ Սանդրո Կավսաձե), որ մասնագիտությամբ բժիշկ է, իրավաբան, Վրաստանի նախարարների խորհրդի նախկին անդամ, Մարդու իրավունքների կոմիտեի հիմնադիր, իր երկրի խորհրդարանում ՄԱԿ-ի հանձնաժողովի ներկայացուցիչ: Նույն անվանակարգում մրցանակներ են հանձնվել կենսաբան, լուսանկարիչ, օվկիանոսի, ճամփորդության մասին 25 գրքի հեղինակ Ստեֆան Վեբերին եւ ճանապարհորդ Մարի Կզավե Լասոյին:

«Գիտություն» անվանակարգում մրցանակ է տրվել լեգենդար էթոլոգ Ջասոն Բադրիձեին, որն առաջին եւ միակ հետազոտողն է աշխարհում, որ երկու տարի ապրել է գայլերի հետ՝ դրանց բնական բնակավայրում: Մրցանակներ են ստացել նաեւ քվանտային ֆիզիկոս, Մաքս Պլանկ ինստիտուտի տնօրեն, տիեզերքի կառուցվածքի մասին զգայական բացահայտումների հեղինակ Գիա Դվալին եւ ամերիկացի կենսաբան, Հարվարդի համալսարանի մարդու էվոլյուցիոն կենսաբանության բաժնի աշխատակից, կենդանական աշխարհում համայնքների կազմակերպման մասին գրքերի հեղինակ Մարկ Մոֆետտը:

Եվ վերջապես, «Արվեստ» անվանակարգում մրցանակ են վաստակել հայտնի արձակագիր, «Միայնությունը ցանցում» բեսթսելլերի հեղինակ, միաժամանակ՝ քիմիկոս, ակադեմիկոս Ջանուշ Լեոն Վիշնեւսկին, արգենտինական տանգոյի ամենահայտնի մաեստրոներից մեկը՝ կոմպոզիտոր, խորեոգրաֆ Պաբլո Վերոն, «Համաշխարհային ջազի գլխավոր գալարափող»,  վիրտուոզ գործիքավորող, իմպրովիզատոր, կոմպոզիտոր Արկադի Շիլկլոպերը, խորեոգրաֆ, «Շարժման թատրոնի» հիմնադիր եւ ղեկավար Կախա Բակուրաձեն:

Հատուկ մրցանակը բաժին է հասել կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Գիորգի Օվաշվիլուն, որի «Եգիպտացորենի կղզի» ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել:

Մրցույթի պայմանների համաձայն՝ այս տարվա բոլոր հաղթողները դառնալու են հաջորդ վեհաժողովի ժյուրիի անդամներ:

Հավելենք, որ այս համաժողով — մրցույթին Հայաստանի ներկայացվածության մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Իրենց գրական, սոցիալական, գիտական, հոգեւոր ոլորտների՝ «սիրո հմտությունների» մրցույթի բանաձեւումներով հայերը չե՞ն ներկայացել կամ թե ասելիք չե՞ն ունեցել, իսկ ո՞րն է հայերիս սիրո բանաձը` սա արդեն թողնենք հռետորական հարցումների շարքում:

Իսկ վերոթվարկյալ մրցանակակիրներից հայ գրական եւ ընթերցողական շրջաններին քաջ հայտնի է Գուրամ Օդիշարիան, որի «Չուղարկված նամակներից» բանաստեղծությունների ժողովածուն (Գագիկ Դավթյանի թարգմանությամբ) եւ «Պրեզիդենտի կատուն» վեպը (Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ) լայնորեն ներկայացվել են մեզանում: Տեղին է այստեղ անդրադարձ անել վրաց-աբխազական պատերազմ տեսած եւ մարդկային ողբերգությունները, երազանքներն ու սերն իր տողերով յուրովի նկարագրող, մարդասիրության ուղղորդող բանաստեղծին:

Չուղարկված նամակներ պարունակող բանաստեղծությունների գրքում խորագրին, ասես, առաջին հայացք հակադրվող առաջաբան է շարադրել գրողը. արտիստի կեցվածքով ընթերցողին՝ հանդիսականին խոստանում է բեմադրության ներկա դարձնել՝ սրանով ակնկալելով հասկացում, նաեւ կարծես հետաքրքրվածություն, թե ո՛վ կհեռանա ընթացքում այդ ներկայացումից, ո՛վ իրենը կտեսնի նրանում, ո՛վ կերկխոսի իր հետ, ո՛վ կբերի այդ ներկայացմանը իր սիրելի մարդկանց: Բացում է վարագույրները, բայց պարզ բանաձեւեր փնտրողների համար չէ՛ այս գիրքը: Ներքին ներդաշնակության հաստատումն ընթանում է բնության ու իրերի մեջ հոգու փնտրտուքով, իր ներքնաշխարհով բնության տարրերն անցկացնելով եւ նրանում սեփական անձը ներհյուսելով: Բնության պարզ նկարագրեր չկան. ամենն անձնավորված է, համեմատությունների, երեւակայության  սահմանագծին պատկերների, երեւակայական թռիչքների մի խտացում է, ամբողջությամբ՝ սիրո խոստովանություն լույս աշխարհի նկատմամբ, որի խաթարված պատկերը վերադարձնելու համար հոգու ջանք է գործադրում՝ բացելով էությունը ծաղկի, թիթեռի, ծառի, ջրի, նրանց շարժումն ու հնչյունը լսելի դարձնելով ամենայն մանրամասներով… Թե ընթերցողը հանդիսականն է, ապա ուզում է նրան ներքաշել իր երեւակայության պտույտներում, հոգեմաքրման ընթացքն անցնել միասին, սրբագրել-ուղղել մարդ-մարդ, մարդ-բնություն աղճատված հարաբերությունները, ցուցանել պարզ բաներում թաքնված գեղեցիկն ու անկրկնելին եւ գտնել այս ամենում անմահության բանաձեւը: Չկա բնության պտույտում մահ, ուստի ինքն էլ հավերժական է իր գրչով նկարած ծաղիկներում, թիթեռներում, ջրերի հոսքում… Ներդաշնակության լեզուն պահանջում է պարզ ու միաժամանակ բարդ բանաստեղծական լեզու. խճողված չէ այն, բայց հարուստ է, պատկերների շարանների վրա կառուցված: Ունի մի քանի, անգամ մեկ-միակ տողում ամփոփված բանաստեղծական մտքեր, որ պակաս խորքային չեն, որքան իր առավել ծավալուն գրվածքները: Շտապում է ուղղել, շտկել, թվում է՝ անդառնալիորեն անշտկելի դարձածը, քանզի այլապես կարող է լինել խորտակում, քանի որ աղճատվել է բնության հետ նախասկիզբ ներդաշնակության զգացողությունը, կորսվել է սեփական ներաշխարհը ընթերցելու եւ բնության ձայներին ու զգացողություններին համաչափելու՝ մեզ ի սկզբանե տրված ունակությունը:

Ու այդ շնորհը վերադարձնելուն են ուղղված բանաստեղծի բազում տողեր. ինքն էլ, ասես, ականջը մոտեցրել, հպել է հողին ու կրակին, ջրին ու երկնքին՝ ունկնդրելու, տեսնելու, ներքնապես զգալու անշոշափելին: Ուղիղ դասեր չի տալիս Օդիշարիան, հռետորաբանությունից շատ հեռու է: Բայց անհանգստություն կա նրա տողերում.

«Գլխավորը չշտապելն է»,-

շատերն այդպես են մտածել

խորտակվելուց ընդամենը մի պահ առաջ…»:

Աստծո փնտրումը, ժամանակի հարահոսության, մեր դեմքին նրա դրած ավերիչ հետքերի՝ կնճիռների մասին խոհերը, կյանքի ու մահու մասին մտածումն էլի ու էլի հանգեցնում են բնության քննությանը, սեփական «ես»-ի եւ տիեզերական դաշնության փնտրումն իրեն տանում է դեպի ամենապարզ երեւույթների տարաշխարհիկ, բանաստեղծական մեկնություններ. մահվան ընդդիման է նրա խոսքը, իսկ մահը ներդաշնակության խախտումն է, հավերժության բանալին՝ ներդաշնակության վերականգնման մեջ: Ի՛նքն է կառուցում իր բանաստեղծությամբ այդ ներդաշնակությունը եւ մատուցում իր հայտարարած ներկայացման մեջ՝ կատարսիսի՝ ներքին ինքնաբացահայտման եւ ինքնամաքրման ուղու վրա դնելով ընթերցող-հանդիսականին: Բնությանը սովորական ներբող չէ, նրան միանալու, միահյուսվելու ձգտումից ծնվում են նման բազում տողեր՝ ներանձնական զգացմունքի խորքով: Նրա տողը մահվան հակասումն է, բնության ու հոգու անվերջության հաստատումը. դա են հաստատում իրենց «թաղամասում մոլորված կանաչ աստղը թափառող», հիվանդ երեխայի արձակած թղթե նավակից աղմուկով հորդած ծովը. ամպերի, խոտերի, քամիների, գետերի, ծովերի ու ձկների մեջ փնտրում է մարդուն, հարցնում է անհանգիստ, ցավով՝ «…Ու հիմա զարթնել, գլուխ ես ջարդում՝ ո՞ւր անհետացավ պատկերը մարդու»:

Իր տրամադրություններն էլ դարձյալ բնության պատկերներ են. պատկերից գնում է դեպի իր ներսը, իր գիտակցությունը, որ խաղաղվում, համաչափվում է բնության սքանչությամբ, նրա տարրերի կառույցի անթերիությամբ. «Չէ, աչքեր չեն սրանք. աղաջրով ծովի վերքերն են քո…\\Եվ բառեր չեն սրանք. շուրթերն են քո`հոգնա՜ծ թեւավորներ»:

Մահվան բացասման ակորդներն ամենուր են: Բանաստեղծի համոզմամբ՝ «Մահ կոչեցյալն ընդամենը հորինվածքն է ժամանակի»: Եվ Աստվածամայրը արտասվում է «մոռացության բարձր խոտերում», արտասվում է այն թռչունի համար, որի թեւին գնդակը կպավ:

Գ. Օդիշարիայի գիրքը նատյուրմորտների ու բնանկարների պատկերահանդես է՝ արված մե՛րթ սյուրռեալիստական նկարելաոճով, մե՛րթ քնարական-սենտիմենտալիզմով: Տարօրինակ փոխակերպումներ են կատարվում իր արվեստի աշխարհում, ու այդ ամենն ինքն ուզում է պահել իր քով, չկորցնել, խնդրում է Աստծուն՝ «թույլ տուր տանեմ ինձ հետ ծովի խոնավ քամին, եւ այս օրը տանեմ…»: Ինքն իրեն զգում է արարող, իր սերմանածից կարող են անտառներ աճել. ու համակում է իր «հանդիսականին», որ ինքն էլ ունակ է նույն արարման մասնակիցը դառնալ.

«…Երանի~ տառերն իջնեն թղթին սերմերի նման,

ա՛խ, ինչքան պես-պես ծառեր կաճեին,

ինչքան անտառներ կշառաչեին

մեզ համար հիմա…»:

Ինքը չի կորցրել մանկան հայացքի զուլալությունը, ուստի հասանելի են իրեն գույները նախնական, ձայները բնության, եւ հիմա ամենայն մանրամասնությամբ հաղորդում է, վերծանում տեսածն ու լսածը բանաստեղծական տողով, համեմատությամբ, իր համար աղմուկները դառնում են մեղեդիներ ու ներդաշնակության մղում, բացում այդ ձայների հանդեպ խլացած լսողության խողովակները.

«Անծանոթ բառ,

մանկան աչքերին ես միայն տեսանելի,

եւ մատներն են նրա ծնունդ տալիս թե՛ քեզ,

թե՛ քո աղմուկներին, աղմուկներին,

որ լռության թեթեւ շղթաներն են կրում»:

Բանաստեղծի ջանքերը` «խոսելու աստղերի, խոտերի լեզվով», զուր չեն. տիեզերքին նրա դիմումները լսելի են, ոնց լսելի են բոլոր անկեղծ սաղմոսներն ու ձոներգները՝ առ Արարողը, առ բնության անհասանելի արարչագործությունը.

«…տիեզերքին ես քանի-քանի դիմում եմ հղել,

որ թույլ տա գրեմ այնպիսի մի բան,

որ արդարացնի թղթի փոխակերպվող ծառերի մահը…»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ