Զրուցակիցս ամերիկացի կոմպոզիտոր Սթիվեն Լ. Լեմսոնն է: Ծնվել է 1951 թվականին, Սիեթլում, մեծացել է Մերսըր կղզում, որտեղ եւ բնակվում է մինչ օրս: Մանկուց երաժշտությունը մեծ դեր է խաղացել նրա կյանքում. վեցից ինը տարեկանում Լեմսոնը հարվածային գործիքներ է նվագել, այնուհետեւ ինքնուրույն դաշնամուր է սովորել՝ մինչեւ արհեստավարժ երաժշտական կրթություն ստանալը…
-Սթի՛վեն, ինչպե՞ս կբնութագրեք ձեր ստեղծագործելու եղանակը:
-Ստեղծագործում եմ բնական, ավելի պարզեցված եղանակով, սրտից: Կիրքն ու զգացմունքները իմ շարժիչ ուժն են:
-Երբ «Մերսըր այլընդ ռիփորթըր» թերթի այս տարվա հունվարի 3-ի համարում ձեր մասին կարդացի որպես հայկական արմատներով երգահանի, անմիջապես կռահեցի, որ դուք ամերիկահայ բժիշկ եւ գրող Արմենուհի Թաշճյան Լեմսոնի թոռն եք: Ճի՞շտ եմ:
-Այո՛, ճիշտ եք: Արմենուհին, կամ ինչպես մենք էինք նրան անվանում՝ Արմանին, հայտնի բժշկական նկարիչ կամ բժշկական պատկերազարդող էր (աշխարհում առաջին կինը այդ ասպարեզում, ինչպես մեզ ասել են): Նա երկար ժամեր էր անցկացնում վիրահատարաններում՝ կատարելով օրգանների եւ բժշկական գործողությունների մանրամասն բժշկական նկարներ, շատ նման լուսանկարների: Նաեւ ներգրավված է եղել բազմաթիվ հանրային աշխատանքներում, բարեգործական կազմակերպություններում եւ ամեն տեսակ հայկական գործունեության մեջ: Նրա ամուսինը՝ իմ պապ Օթիս Լեմսոնը, վիրաբույժ էր, Սիեթլի Շվեդական հիվանդանոցի հիմնադիրներից մեկը:
-2020 թվականին «Ազգ» շաբաթաթերթում ես մի հոդված հրատարակեցի՝ հայ ընթերցողին ներկայացնելով ձեր հրաշալի տատիկին՝ նրա մահվան 50-ամյակի կապակցությամբ: Ի՞նչ հիշողություններ ունեք Արմենուհի Լեմսոնից:
-Արմանին շատ ուժեղ եւ առհասարակ՝ խիստ մարդ էր: Ես շատ փոքր էի, երբ ճանաչեցի նրան: Նա կարծում էր, որ ես պետք է բժշկություն սովորեմ, բայց վեց տարեկանում ես շատ ավելի հետաքրքրված էի ձկնորսությամբ (ծիծաղում է): Արմանին շատ հոգատար եւ կարեկցող անձնավորություն էր, եւ իր ժամանակի մեծ մասը հատկացնում էր՝ օգնելով հայերին եւ հայկական խնդիրներին ամբողջ աշխարհում: Նա հեղինակել է երկու գիրք՝ «Իմ ծնունդը. չծնված նորածնի ինքնակենսագրությունը» (1916) եւ «Ինչպես ես եղա» (1926):
Մեր զարմիկների եւ տատիկ-պապիկների հետ մեծ ընտանեկան ընթրիքների ժամանակ, երբ արդեն սկսվում էր «մեծերի խոսակցությունը», երեխաներով գնում էինք խաղալու կամ վարելու մեր սեփական ոչ լուրջ եւ շատ ավելի հաճելի զրույցները:
Տատիկիս եղբայրը՝ Սուրեն Թաշճյանը, նույնպես բժիշկ էր (պրոկտոլոգ): Նա օրագիր է պահել Հայոց ցեղասպանության ժամանակահատվածի մասին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա երկու անգամ փախել է գերմանացիներից եւ թուրքերից: Եղբայրս՝ դոկտոր Ռոբերտ Դ. Լեմսոնը, գրել է գիրք այս օրագրի հիման վրա՝ «Հրեշն իմ մեջքի վրա» վերնագրով, որը, կարծում եմ, դեռ հասանելի է Amazon-ում:
Սուրենի եւ Արմանիի քույրը՝ Նվարդ Թաշճյանը, նույնպես բավականին զարմանալի անձնավորություն էր: Հիանալի ջրանկարներ էր կատարում, ավարտել էր Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով կոչում գրադարանային գիտությունների բնագավառում: Նվարդը երկար տարիներ ղեկավարել է Նյու Յորքի համալսարանի գրադարանը: Նա նաեւ գրել եւ հրատարակել է մի գիրք հայկական ժանեկագործության մասին, որը տպագրվում է մինչ օրս: Ի դեպ, իմ սիրելի զարմուհի Քրիսթին Լեմսոն Գորդոնը հետազոտություններ է կատարել մեր ընտանիքի հայկական պատմության վերաբերյալ:
-Ձեր ընտանիքում կա՞ որեւէ ավանդույթ, որը կբնութագրեիք որպես «հայկական»:
-Մենք շատ հպարտ ենք մեր հայկական ժառանգությամբ եւ տեղյակ ենք հայերի հանդեպ վայրագությունների մասին, նույնիսկ այն ամենի, ինչ կատարվում է այսօր:
Մենք շարունակում ենք տոլմա պատրաստել, մեզանից ոմանք պապիկիս ու հորս նման խաղող ենք աճեցնում գինու համար, իսկ տերեւներից՝ սարմա ու տոլմա պատրաստում: Մենք թխում ենք նաեւ հայկական տափակ հացը ու տարբեր մածուններ՝ մեջը թաթախելու համար:
-Որքանո՞վ եք ծանոթ հայկական երաժշտությանը:
-Լսել եմ մի քանի մեծ հայ կոմպոզիտորների, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը եւ Ալան Հովհաննեսը, չնայած ինքս ստեղծագործում եմ՝ իրապես բխեցնելով իմ բնազդներից եւ յուրահատուկ ոճ եմ մշակել՝ ներկայացնելով մի նոր տիպի երաժշտություն: Իմ երաժշտությունն ավելի շատ ոճերի համախմբում է, որը պայմանավորված է մեծ զգացողությամբ եւ հույզերով:
-Անցյալ տարի ավարտեցիք ձեր երկրորդ սիմֆոնիան՝ «Արարատի ստվերը»: Խնդրեմ, պատմեցե՛ք այդ մասին:
-Ես իմ ողջ սիրտն եմ ներդրել՝ գրելով «Արարատի ստվերը»: Դա երաժշտական ճանապարհորդություն է դեպի ցեղասպանությունների պատմությունը՝ մարդկանց հրամցնելով երաժշտական մի փորձառություն, որը փորձում է նկարագրել մարդու անմարդկայնությունը մարդու հանդեպ: Ավելի քան 96 րոպե տեւողությամբ՝ այն, անշուշտ, կարճ ստեղծագործություն չէ, բայց դրա չորս մասերը փորձում են պատկերել մարդու հոգեվիճակն անցյալում եւ ներկայում: Սկսած բաս թմբուկի դղրդյունից եւ առաջին մասը բացող հարվածայիններից, դուք հասկանում եք, որ հայտնվել եք արկածախնդրության մեջ: Սարսափեցնող, հետապնդող եւ առեղծվածային «Արարատի ստվերը», հուսով եմ, կարող է դաս լինել երաժշտության լեզվով: Ինձնից ավելի քան մեկ տարի պահանջվեց ստեղծելու համար այն, որն իր մեջ ներառում է 25 տարբեր ինքնատիպ մեղեդիներ: Դրանք նպատակ ունեն ունկնդրին տանել աշխարհով մեկ, քանի որ ցեղասպանությունները տեղի են ունենում ամենուր, մինչեւ այսօր: Ոմանք նույնիսկ չգիտեն, որ այսքան ժամանակ, ավելի քան 100 տարի, Հայոց ցեղասպանությունը ժխտվել է բազմաթիվ ազգերի կողմից:
Սիմֆոնիան ունկնդրողներին, հուսով եմ, կգրավեն նրա զգայունությունն ու սրտառուչ մեղեդիները: Թեեւ նրա մեջ շատ լարվածություն, վիշտ եւ հուսահատություն կա, ստեղծագործությունը տալիս է նաեւ հանդարտության եւ խաղաղության պահեր: Սա հատկապես վերաբերում է 3-րդ եւ 4-րդ մասերին, որտեղ «Ներման խոստումը» (հայ եկեղեցու երգչախմբի մասնակցությամբ) եւ «Զարթոնքը» մեզ բոլորիս տանում են մի ավելի լավ տեղ՝ խաղաղ կարգավորման, ավելի մեծ փոխըմբռնման եւ ուրախության մի վայր:
Հույս ունեմ, որ եկող տարիներին մարդիկ ամբողջ աշխարհում կվայելեն իմ ստեղծագործությունը, խորաթափանցություն եւ մխիթարություն կգտնեն դրա ուղերձում: Էլ Սիսներոսը, որը ձայնագրել եւ խմբագրել է ամբողջ աշխատանքը, արժանի է գովասանքի իր անհավատալի զգայունության եւ նվիրվածության համար: Առանց նրա՝ այս աշխատանքը չէր ավարտվի: Էլը նաեւ բաս եւ էլեկտրական կիթառ է նվագում սիմֆոնիայի ձայնագրության մեջ:
Վերջապես, ես հավատում եմ, որ եթե մարդիկ մի քանի անգամ լսեն ստեղծագործությունը եւ ընդունեն այն, ինչ-որ յուրահատուկ բան կստանան երաժշտական նոտաների հոգեւոր լեզվից:
-Մաղթում եմ, որ ձեր սիմֆոնիան հնչի թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում: Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար, Սթի՛վեն:
-Շատ շնորհակալ եմ այս սրտառուչ աշխատանքը քննարկելու հնարավորության համար: Երազում եմ, որ իմ ստեղծագործությունը մի օր կատարվի Հայաստանում, թերեւս բացօթյա` Երեւանի Ցեղասպանության հուշարձանի անմար կրակի մոտ, եւ, ինչպես դուք եք ասում, գուցե նաեւ՝ ամբողջ աշխարհում:
ՆՇՈՒՄ. Արմենուհի Թաշճյանը ծնվել է 1882-ին, Կարինում (Էրզրում): Ընտանիքի՝ Զմյուռնիա տեղափոխվելուց հետո հնարավորություն է ունեցել ուսանելու Գերմանիայում: Նա սովորել է Դյուսելդորֆի աղջիկների մասնավոր գիշերօթիկ դպրոցում, այնուհետեւ դասավանդել Դյուսելդորֆի Քայզերվորթ ուսուցչական քոլեջում: ԱՄՆ է ներգաղթել 1908 թվականին՝ միանալով Քլիվլենդում (Օհայո) հաստատված ավագ եղբորը՝ Արմենին: Արմենուհին նախ գերմաներեն է դասավանդել Քլիվլենդի մի մասնավոր վարժարանում, ապա անատոմիա եւ բժշկական նկարազարդում է սովորել Ջոնս Հոփքինսի բժշկական դպրոցում՝ «բժշկական պատկերազարդման հայր» Մաքս Բրյոդելի ղեկավարությամբ: Արմենուհին տիրապետել է ածխածնային փոշիով բժշկական նկարազարդման տեխնիկային՝ դառնալով առաջին կին բժշկական պատկերազարդողը: Գրել եւ նկարազարդել է երկու գիրք հղիության եւ պտղի զարգացման մասին: Տարիներ շարունակ քարոզարշավ է իրականացրել եւ ղեկավարել բազմաթիվ բարեգործական ձեռնարկներ, հատկապես Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հաճախ կենտրոնանալով պատերազմի ամենաերիտասարդ զոհերի վրա եւ ոգեշնչվելով իր ծնողների՝ Հայոց ցեղասպանության պատճառով որբացած երեխաներին փրկելու աշխատանքից: Մասնավորապես հայտնի են նրա ջանքերը՝ ԱՄՆ-ում հայերի ցեղային իրավունքների պաշտպանության, բանտարկյալ անչափահասների, Չինաստանի կարոտյալների խնդիրների բարձրաձայնման եւ լուծման ու շատ այլ ոլորտներում: Արմենուհի եւ Օթիս Լեմսոններն ունեցել են երեք զավակ՝ Ռոբերտ, Օթիս եւ Արմեն: Արմենուհի Թաշճյան Լեմսոնը մահացել է 1970-ին, Սիեթլում:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ