Սամարղանդը Հայաստանի ապագայում

87

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքը հեռու է Հայաստանից, բայց ինչպես անցյալում, այժմ էլ դերակատարություն է ունենալու վերջինիս ապագան կառուցելու գործում։ Սամարղանդը վերջերս աշխարհի քաղաքականության կիզակետը դարձավ, երբ նոյեմբերի 11-ին հյուրընկալեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) իններորդ գագաթնաժողովը` Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, ինչպես նաեւ որպես դիտորդների` Թուրքմենստանի եւ Հունգարիայի մասնակցությամբ։

Հարց է առաջանում, թե ինչու եվրոպական մի պետություն մասնակցում էր թյուրքական պետությունների այդ համահավաքին։ Պատասխանն այն է, որ հունգարացիները իրենց համարում են քոչվոր հունգարներ` մագյարներ, հոների եւ թուրքերի հետնորդները։ Եղբայրական այդ կապն է գուցե բացատրում, թե ինչու այդ երկրի վարչապետ (եւ միջազգային նեոնացիստական պարիա` անօրէն թշվառական ճանաչված) Վիկտոր Օրբանը 2012-ին Բաքվին արտահանձնեց հայազգի գնդապետ Գուրգեն Մարգարյանին 2004-ին կացնահարող ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին։

Օրբանն իր երկրի  աջակցությունն է հայտնել գագաթնաժողովին ասելով. «Մեր երկիրը պաշտպանում է ԹՊԿ-ի գործունեությունը եւ հետագա տասնամյակում աշխատելու է հաջողությամբ իրականացնելու թուրքական տեսլականը»։

Թե ինչքան անիրազեկ է հայկական աշխարհը իրարից, կարելի է կռահել` իմանալով, որ ընդամենը երկու շաբաթ առաջ հայ կաթոլիկների պատրիարք Ռաֆայել Պետրոս XXI-ը Բուդապեշտում էր «Երախտագիտության սուրբ խաչ» մեդալով պարգեւատրել Օրբանին։

Թուրք տիրակալներին հաճոյանալու մեկ այլ օրինակ էլ գագաթնաժողովի ընթացքում պարզվեց, երբ ԹՊԿ-ն դիտորդի կարգավիճակ պարգեւեց Հյուսիսային Կիպրոսի օկուպացված շրջանի` ոչ մի պետության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը` առաջացնելով Եվրոմիության զայրույթը։

Գագաթնաժողովը հարեւանցիորեն լուսաբանվեց հայկական լրատվության կողմից, չնայած այնտեղ կատարվածը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի ապագայի վրա։ Այնտեղ գլխավոր դերակատարները Թուրքիան եւ Ադրբեջանն էին, եւ Հայաստանի ճակատագիրը, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» հարցը, օրակարգում էր։ Կար նաեւ հստակ սպառնալիք` ուղղված հարեւան Իրանի տարածքային ամբողջականության դեմ։

Թյուրքական աշխարհի կամ թուրանական կայսրության ստեղծումը ավելի քան մեկ դար եղել է Թուրքիայի երազանքը։ Դրա իրականացումը հետաձգվել է առաջին հերթին Խորհրդային Միության առաջացումով, որն էլ կլանել էր իր մեջ Կենտրոնական Ասիայի բոլոր թյուրքական պետություններին։ Խորհրդային հանրապետություններում գործող աթեիզմի գաղափարախոսության հետեւանքում կրոնը չէր կարող միացնող գործոն հանդիսանալ, մի հանգամանք՝ որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծանր փորձությունների միջով անցնելուց է հասկացել։ Նա զուր ջանքեր է գործադրել իսլամական մադրասաներ բացելու եւ մզկիթներ կառուցելու համար Խորհրդային կայսրության փլուզումից հետո հառնած այդ հանրապետություններում, բայց հաջողության չի հասել։ Այդ պատճառով էլ նա հիմա կրոնի փոխարեն էթնիկական ծագումն է առաջ տանում, որն ինչպես երեւում է` արդյունավետ է գործում։

Դարերի ընթացքում, երբ թյուրքական հրոսակախմբերը Կենտրոնական Ասիայից դեպի Արեւմուտք առաջացան, նրանք իրենց ճանապարհին կործանեցին բոլոր քաղաքակրթությունները` ներառյալ հայկականն ու բյուզանդականը։ Հիմա Էրդողանը, ինչքան էլ հեգնական հնչի, Կենտրոնական Ասիա, ասել է թե ակունքներին է վերադառնում` կառուցելու համար թյուրքական քաղաքակրթությունը։

Զարմանալի չէ, որ Էրդողանը 2020 թվի դեկտեմբերի 10-ին մասնակցեց Շուշիում կայացած Ադրբեջանի 44-օրյա պատերազմի հաղթանակի տոնակատարություններին եւ այնտեղ ոգեկոչեց Էնվեր փաշայի հիշատակը ասելով. «Մենք վերադարձել ենք այստեղ` մեր նախնիների երազանքները իրականացնելու համար»։

Օսմանյան կայսրության փլուզումից հետո հայտնի է, որ Էնվեր փաշան Կենտրոնական Ասիա էր փախել իսլամական երկրները միավորելու եւ նոր կայսրություն հիմնելու համար։ Նա Թալեաթի եւ Ջեմալի հետ իթթիհատական եռամիապետերից մեկն էր, որոնք կազմակերպեցին եւ իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը։

Երբ կենտրոնական ուժերը (Գերմանիան եւ Օսմանյան կայսրությունը) պարտության մատնվեցին Համաշխարհային առաջին պատերազմում, օսմանյան զինվորական դատարանները պատերազմի բազմաթիվ հանցագործներին, իրենց բացակայության պայմաններում, մահվան դատապարտեցին։ Ղեկավարները կարողացան որոշ ժամանակ խուսափել դատավճռից, մինչեւ որ հայկական Նեմեսիս խմբավորումը հայտնաբերեց նրանց եւ մեկը մյուսի ետեւից ի կատար ածեց նրանց մահապատիժը։ Էնվերը վերջինն էր, որ սպանվեց վրիժառուների կողմից 1922-ի օգոստոսին։ Նրանից առաջ, նույն տարում Ջեմալն էր սպանվել Թբիլիսիում։

Բոլոր իսլամ ղեկավարներն էլ բոլշեւիկներին դիմեցին իրենց կաշին փրկելու համար։ Ջեմալ փաշան Ռուսաստանում էր, երբ ճակատագիրը տապալեց նրան։ Էնվեր փաշան նույնպես Ռուսաստանում էր եւ Լենինին համոզել էր, որ աջակցի իրեն եւ թույլ տա հարավ մեկնել եւ ճնշել Բասմաչիների ապստամբությունը Կենտրոնական Ասիայում։ (Ապստամբությունը բռնկվել էր, երբ Կարմիր բանակը սկսել էր զորակոչի ենթարկել տեղի մահմեդական բնակչությանը)։ Բայց Բուխարա հասնելուն պես Էնվերը` խոստումը դրժելով միացել էր Բասմաչիներին` կռվելու բոլշեւիկյան իշխանության դեմ։ Դրանով նա թիրախն էր դարձել իշխանությունների, որոնք հետապնդում էին նրան մշտապես։ Իրականում հայազգի Յակով Մելքումովի (Հակոբ Մելքումյան) առաջնորդությամբ կարմիր բանակի հեծելազորային մի ջոկատ էր հայտնաբերել նրան եւ սպանել։

Խորհրդային միության փլուզումից հետո թուրքական պետությունը պահանջեց եւ ստացավ Էնվեր փաշայի աճյունը, որը վերստին հողին հանձնվեց «Աբիդե-ի Հուրիեթում» (Ստամբուլի մոտակայքում գտնվող Շիշլլիի «Ազատության արձանի» տարածքում)։

Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ Թուրքիան համագործակցում էր նացիստական Գերմանիայի հետ եւ այդ պատճառով կարողացավ Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանի կողմից սպանված Թալեաթ փաշայի աճյունը վերստանալ 1943 թվականին եւ հողին հանձնել Ստամբուլում։

Միայն իթթիհադիստների համակարգում փոքր դեմք հանդիսացող Մուսթաֆա Քեմալին հաջողվեց մոլորեցնել Լենինին (թե իբր Թուրքիան դարձնելու էր սոցիալիստական պետություն) եւ ստանալ զինամթերք, ոսկի, պարեն եւ քաղաքական աջակցություն, որոնցով նա պայքարեց հույների եւ հայերի դեմ, տարագրեց նրանց եւ 1923-ին հիմնադրեց Թուրքիայի այժմյան հանրապետությունը։

Այնպես որ, Էրդողանը Էնվեր փաշայի հետքերով է գնում` միավորելու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները, որպեսզի իբրեւ հարթակ օգտագործի նրանց, ստեղծելու հետագայում իր գլոբալ փառասիրություններին հագուրդ տվող կայսրությունը։ Զարմանալի չէ, որ նա անընդհատ քննադատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի կազմը, նշելով, որ հինգ մեծ պետությունները իրավունք չունեն որոշելու աշխարհի մնացած մասի ճակատագիրը եւ Թուրքիայի նման պետություններն էլ պետք է տեղ գրավեն այնտեղ։

Թուրքիան ՆԱՏՕ-ին միացավ կազմավորելու համար իր զինված ուժերը եւ քաղաքական ուժ ձեռք բերելու համար տարածաշրջանից այն կողմ։ Նա փորձում է օգտվել այն հնարավորությունից, որ կարող է առաջանալ երկբեւեռ աշխարհը բազմաբեւեռի վերածվելու պարագայում։ Երկար ժամանակ Թուրքիան հավատացած էր, որ իր իմպերիալիստական նպատակներին կարող է հասնել` անդամակցելով Եվրոմիությանը։ Հասկանալով, որ այդ դուռը ընդմիշտ փակ է իր առաջ, նա այժմ հույսը դրել է թյուրքական աշխարհի վրա, որը կարող է արդյունավետ լինել, քանի որ խրախուսանքի է արժանացել արեւմուտքում։ «Moderndiplomacy.eu» կայքում ահա թե ինչ է գրում Ֆարիդա Մուսաեւան. «Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդի անդամ երկրների ղեկավարները 2022-ի նոյեմբերի 11-ին հավաքվեցին Սամարղանդում Եվրոմիության եւ ԱՄՆ-ի կողմից բազմիցս հնչած կոչերի հետեւանքում, որ Կենտրոնական Ասիայի պետություններից պահանջում է ձերբազատվել Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի Ժողովրդական հանրապետության ազդեցություններից»։

Այս տողերը հուշում են, որ Արեւմուտքը մտադիր է իր երկու գլխավոր հակառակորդների դեմ պայքարել ուժային երրորդ մի կառույց ստեղծելով։ Հարց է առաջանում. արդյոք նախագահ Նիքսոնը պատկերացնո՞ւմ էր, որ ԱՄՆահանգները Չինաստանին թշնամի երկիր է համարելու, երբ 1971-ին այցելում էր այդ երկիրը, կամ երբ Նիքսոն-Քիսինջեր տանդեմը փորձում էր մասնատել Մոսկվա-Պեկին հարաբերությունները` թուլացնելու համար Խորհրդային Միությունը։

ԹՊԿ-ն սկիզբ է առել որպես «Թրքախոս պետությունների համագործակցության խորհուրդ» (Cooperation Council of Turkic Speaking States), որն ստեղծվել էր Նախիջեւանում 2009-ին կայացած համաձայնությամբ, իսկ հետո դարձել կազմակերպություն` ավելի հստակ քաղաքական եւ տնտեսական ծրագրերով։ Առայժմ ռազմական բաղադրիչը մաս չի կազում այդ ծրագրին։ Բայց 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի ամբողջական աջակցությունը Ադրբեջանին կասկած չի հարուցում, որ ռազմական գործոնը եւս անտեսված չէ։ Իրադրության հեգնական մասն այն է, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի Կենտրոնական Ասիայի մնացած երկրները Հայաստանի դաշնակիցներն են Ռուսաստանի ղեկավարությամբ ստեղծված ՀԱՊԿ-ում։ Բայց այդ հանգամանքը արգելք չհանդիսացավ, որ նրանք ԹՊԿ-ի Սամարղանդյան պաշտոնական հայտարարության մեջ հայտնեն իրենց շնորհավորանքները Բաքվին` «հայրենասիրական պատերազմում» հաղթանակ տանելու առթիվ։

Ելույթ ունենալով գագաթնաժողովում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշեց, որ թյուրքական աշխարհը 200 միլիոն բնակչություն ունեցող աշխարհագրական մի մարմին է, որն ունի հսկայական տնտեսական հնարավորություններ։ Համարելով, որ Հայաստանի տարածքը նույնպես մաս է կազմում այդ թյուրքական աշխարհին, նա ավելի հեռուն գնաց` Իրանից էլ որոշակի տարածքներ պահանջելու։ «Կարծում եմ ժամանակն է, որ մեր կազմակերպությունը ավելի շատ ուշադրություն դարձնի նաեւ այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են ԹՊԿ անդամ երկրներից դուրս ապրող մեր ազգակիցների անվտանգությանը, իրավունքներին եւ ազգային ինքնության պահպանմանը, որպեսզի նրանք չձուլվեն», ասաց նա եւ շարունակեց նույն ոգով. «Թյուրքական աշխարհի երիտասարդ սերունդը պետք է հնարավորությունն ունենա իր մայրենի լեզուն սովորելու այնտեղ, որտեղ ապրում է։ Դժբախտաբար, Ադրբեջանից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիներն այսօր զրկված են այդ հնարավորությունից»։

Այս խոսքերը անմիջականորեն ուղղված էին Իրանի Ատրպատական շրջանի բնակչությանը։ Քանի որ Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները արդեն իսկ թեժացել էին վերջին շաբաթների ընթացքում, Իրանի խորհրդարանի կողմից կշտամբանքը չուշացավ, հիշեցնելով Ադրբեջանին Ռուսաստանի եւ Իրանի միջեւ 1813-ին կնքված Գյուլիստանի պայմանագրի մասին, որի դրույթներով այսօրվա Ադրբեջանի ամբողջ տարածքն էր ընդգրկված Իրանի ներկա տարածքի մեջ։

Ավելի ընդարձակվելով իր փառասիրություններում, Ալիեւը շարունակեց. «Այս շաբաթ Ադրբեջանի բնակչությունը հպարտությամբ նշեց Ղարաբաղի եւ Արեւելյան Զանգեզուրի հայաստանյան օկուպացիայից ազատագրելու երկրորդ տարեդարձը։ Այդ օկուպացիայի ընթացքում Հայաստանը քանդեց 67 մզկիթներից 65-ը»։ Նրա խոսքերը նպատակ ունեին բորբոքելու մահմեդական աշխարհի ցասումը, մոռացնել տալով այն փաստը, որ բազմաթիվ ադրբեջանցի կրոնական խմբավորումներ հյուծվում են ալիեւյան բանտախցերում։

Բայց ամենակարեւորն այն էր, որ Ալիեւը ԹՊԿ-ի օրակարգում ընդգրկեց «Զանգեզուրի միջանցքի» հարցը, նշելով. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետեւանքները նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի համար։ Ադրբեջանը ակտիվորեն աջակցում է Զանգեզուրի միջանցքի գործադրմանը եւ լայնածավալ գործողություններ է ծավալում տեղում։ Տարածաշրջանի բոլոր երկրները օգտվելու են այդ միջանցքի գործադրումից»։ Իր այս հայտարարությամբ նա անուղղակի կերպով հասկացրեց, որ այդ միջանցքը ոչ միայն ադրբեջանական ծրագրերում է ընդգրկված, այլեւ պետք է «հայտնի, կարեւոր գործ» համարվի ամբողջ թյուրքական աշխարհի կողմից։

Նախագահ Էրդողանի պատկերացմամբ ԹՊԿ-ն սոսկ տարածաշրջանային կազմակերպություն չէ, այլ պետք է վայելի գլոբալ ուշադրություն, ձեռք բերի համաշխարհային նշանակություն։ Իր ելույթում նա ներկաների ուշադրությանը հանձնեց աշխարհում տեղի ունեցող անկայունություններն ու խնդիրները։ «Կարեւոր է, որ մենք միջազգային ոլորտում տեսանելի դարձնենք մեր կազմակերպությունը», ասաց նա, ակնարկելով այն քայլերին, որ ԹՊԿ-ն ձեռնարկում է միջազգայնորեն ճանաչված կառույց դառնալու համար։

Այս բոլոր հայտարարություններն ու ծրագրերը խոսում են այն մասին, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը տարածաշրջանային խնդիր չէ միայն, այլ ունի ավելի լայն ճյուղավորումներ, քանի որ ինչպես հակամարտության տարածքը, այնպես էլ «Զանգեզուրի միջանցքը» արդեն դրված են ամբողջ թյուրքական աշխարհի մսավաճառի զոհասեղանին։ Ահա թե ինչ է թաքնված Ալիեւի ռազմատենչության եւ ամբարտավանության տակ։

Հայաստանն, այսպիսով, ավելի մեծ մարտահրավերի առաջ է կանգնած, քան ինքը կարող է դիմակայել առանձին։ Մինչդեռ նա կարող է ձգտել իր բանակը արդիականացնելով կանգնեցնել Ադրբեջանի տեղական ոտնձգությունները, ավելի լայն առումով նա պարտավոր է վերակառուցել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի կարողանա իր տեղը գտնել գլոբալ զարգացումների այն համատեքստում, որտեղ թյուրքական աշխարհի ընդարձակումը խաչաձեւվում է նաեւ այլ պետությունների շահերին։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)