Առճակատումից մինչեւ միավորման հույսեր
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ.
Թեքեյան մշակութային միության ԱՄՆ եւ Կանադայի կենտրոնական վարչության նախագահ, ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, «Արմենիըն Միրոր- Սփեքթեյթըրի» ավագ սյունակագիր, «Պայքար» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր, (Դետրոյթ-ԱՄՆ):
«Հին կոշիկներով նոր ճանապարհին չենք կարող քայլել»
-ՌԱԿ-ում ե՞րբ ստեղծվեց այս ճգնաժամը եւ ինչո՞ւ:
– Այս ճգնաժամը ստեղծվեց 1995 թվականին, երբ Կիպրոսում՝ Լառնակայում տեղի ունեցավ ՌԱԿ հերթական համագումար, ուր որոշ զարգացումներ եղան: Նոր Կենտրոնական վարչությունում հին սերնդից ոչ ոք չէր մնացել բացի Հայկաշեն Ուզունյանից, որ այդտեղ կարող էր դրական դեր կատարել: Սակայն թույլ չտվեցին, որ նա այդ դերը կատարի: Արտաքնապես դա կարելի էր առողջ մղում նկատել, որ նոր երիտասարդությունը ցանկանում է գալ եւ իր ձեռքը վերցնել կուսակցական ժառանգության ղեկավարումը: Սակայն խորքում այն տարրերը, որոնք ուզում էին կուսակցության ղեկավարումը ստանձնել, այլ նպատակներով էին եկել: Առաջինն այն էր, որ երկար տարիներ կուսակցության մտավորական ղեկավար տարրը կարեւոր դեր էր կատարել Բարեգործականի ղեկավարության մեջ: Իսկ Բարեգործականը համազգային կազմակերպություն է, ոմանց մտքում ավելի բարձր հեղինակություն վայելող կառույց էր, եւ ոմանք ցանկանում էին կուսակցության միջոցով մագլցել Բարեգործականի Կենտրոնական վարչություն: Շատերն ուզեցին կուսակցությունից անցնել ՀԲԸՄ, բայց չհաջողեցին տարբեր պատճառներով: Մնացին կուսակցության ղեկավարության դիրքերում, որն իրենց սկզբնական փափագը չէր:
Մինչդեռ կուսակցության հին սերունդը նաեւ իմ սերնդի աջակցությամբ մեծ զոհողություններով ակումբների համար բավական գույք եւ նյութական միջոցներ էր ապահովել: Մեր սերունդը երբեւէ չէր մտածել, որ այդ գույքը եւ այդ միջոցները կարելի է անձնական միջոցների համար օգտագործել: Այս խումբը, որ եկավ իշխանության, նպատակ ուներ այդ կալվածքներին տիրանալ եւ տիրացան: Եվ շատ տեղերում որոշ կալվածքներ փչացրին: Օրինակ՝ Կալիֆոռնիայում հսկա մի կալվածք կորցրեցինք անհատական խարդավանքների պատճառով: Մարդիկ որպեսզի իրենց խարդավանքները ծածկեն, մտան այս նոր իշխանության հովանու տակ, որն էլ սրանց հովանավորեց, որ, իբր, սխալ բան չեն արել եւ նյութական կորուստ չունեն: Մինչդեռ կալվածքը չկա: Լիբանանի հսկայական կալվածքը՝ Թեքեյան կենտրոնը, որ տարեկան 500-600 հազար դոլար եկամուտ ունի, դրա ներդրման 95 տոկոսը Ամերիկայի շրջանակն է կատարել: Բայց նոր սերունդը որ եկավ, արդեն ոչ մեկին հաշվետվություն չի ներկայացրել: Այսպիսի ամենաթողությունը սկսեց տիրապետել: Մարդիկ որոշ նյութականի վրա իշխանություն հաստատեցին եւ պետք է ջանային կուսակցության ճեղեքերից օգտվել: Սա էլ՝ երկրորդ պատճառը:
Երրորդ պատճառն էլ մարդկային տեսակի այլասերումն է: Նոր սերնդի մեջ բոլոր նրանք, ովքեր Բարեգործականի կամ մի այլ հայկական կազմակերպության մեջ հարգանք չեն վայելում, գալիս են եւ կուսակցության գլխին փորձանք են դառնում: Ու քանի որ կուսակցության մեջ ամենաթողություն է ստեղծվել, ամեն տեսակի մարդ մտել է: Նաեւ չպետք է բացառեմ, որ արտաքին ուժերը կուսակցության քայքայման մեջ իրենց շահն ունեն եւ իրենց գործակալներն են ներդրել: Սա քաղաքական կյանքի բնական ընթացք է:
Ես, իհարկե, հիմա մատնանշումներ չեմ կարող անել, թե ով ինչ դավադրության մեջ է: Բայց աշխարհում որեւէ կուսակցության մեջ նման խաղեր տարվում են: Սակայն մեր կառույցը քանի որ տկար էր, այդ խաղերի ազդեցությունն ավելի է զգացվում: Օրինակ՝ Դաշնակցության պարագայում թեեւ ասում էին, որ Մարուխյանը ԿԳԲ-ի գործակալ էր, ուրիշներ էլ կային, բայց քանի որ Դաշնակցությունն ավելի զորավոր կառույց ունի, կարողացան մարսել այդ եւ նման ցնցումները: Մեր կառույցն ի սկզբանէ խախտվեց:
Մի այլ տարր էլ կար, քանի որ կուսակցությունը Բարեգործականում դերակատարում ուներ, մարդիկ հացի համար գալիս էին կուսակցությանն էին անդամագրվում, որպեսզի Լիբանանի ու Սիրիայի մեջ կարողանան ՀԲԸՄ վարժարաններում ուսուցչական պաշտոններ ստանձնել: Երբ թողնում էին պաշտոնավարումը, դադարեցնում էին նաեւ կուսակցական պատկանելությունը, կամ շարունակում էին իրենց կուսակցականությունն ի վնաս կուսակցության օգտագործել: Լիբանանն ամեն տեսակ ինտիգրիների կենտրոնն է: Մարդիկ նույնիսկ հակադիր կուսակցությունների պատգամավորների համար են ծառայել: Արդյունքում, մեր ամենաընտիր մտավորական խավերը հեռացան ղեկավար դիրքերից կամ հեռացվեցին, որպեսզի կարողանային այդ հակակշիռը ապահովել:
-Այժմ, հնարավոր համարում ե՞ք, որ կուսակցության տարբեր ճյուղերը միանան իրար եւ գոնե ՌԱԿ կուսակցության համադաշնություն ստեղծեն, այդպիսով գոնե ռամակավար ազատական գաղափարակիրները միավորվեն մեկ կառույցում, եւ 21-րդ դարի մարտահրավերների պարագայում կարողանաք նաեւ նոր սերնդի հոսքը ապահովել:
-Մեր հույսն այն էր, որ ՌԱԿ 100-ամյակի շեմին կուսակցությունը միասնական ներկայանա: Իմ տեսակետը եւ իմ պատկանած խմբավորումը, որ սփյուռքի մեջ հավաքված է ՌԱԿ Գերագույն խորհրդի անվան տակ, կհավատա, որ կուսակացությունը պետք է հայաստանակենտրոն դառնա: Դրա համար պետք է հզորացնել Հայաստանը: Դրսում էլ կուսակցությունը պետք է քաղաքականանա: Դաշնակացությունն օրինակ՝ Ամերիկայում, ի պատիվ իրեն, շատ լուրջ քաղաքական աշխատանք է կատարում:
Կուսակցությունն իր կոչումի համեմատ պետք է քաղաքական գործունեություն տանի: Երկար տարիներ ՌԱԿ-ը դպրոցների, եկեղեցիների, մշակութային կյանքի մեջ էր գործում: Այդ դերը կատարեց: Հիմա ավելի պետք է քաղաքականա: Մանավանդ, որ Հայաստանի մեջ պետականություն կա, եւ կուսակցությունները պայքարում են իրենց դերը ունենալու համար: Դուրսն էլ պետք է արձագանքի, որ մեկ քաղաքական հայեցակետով մոտենանք, եւ ոչ թե տարբեր կուսակացական մոտեցումներով: Երբ Հայաստանն անկախացավ, մենք 22 անդամ ունեինք Հայաստանի խորհրդարանում: Կուսակցությունը «բրենդ» ուներ: Այժմ բավականին աղտոտած է այդ բրենդը: Կջանանք այդ բրենդը հաստատել իր նախկին հեղինակության դիրքի վրա, բայց մարդկային գործոնը ինձ համար շատ մտահոգիչ է: Այդ գործոնը շատ այլասերած է եւ շատ տխուր դեր է կատարում մեր կուսակցության մեջ: Այժմ մեր Գերագույն խորհուրդը կա եւ հակադիր ճաակատը կա, որը ապօրինի միջոցներով ու խաղերով կենտրոնական վարչություն են հռչակել: Այս կռիվների մեջ ո՛չ կանոնադրություն, ո՛չ օրենք, ո՛չ էլ ծրագիր գոյություն չունի: Իսկ 2018թ. մայիսին հակառակ կողմը ժողով գումարեց, եւ երկու մասի բաժանվեց: Այնպես որ, այժմ կուսակցությունը երեք մասի է բաժանված՝ Լիբանանի շրջանային վարչության անվան տակ, ՌԱԿ Կենտրոնական վարչության անվան տակ, եւ կա մեր ՌԱԿ Գերագույն խորհուրդը: Որոշ մերձեցումներ արվում են, բայց հին կոշիկներով նոր ճանապարհին չենք կարող քայլել:
-Հնարավոր չէ՞ սպիտակ էջից սկսել այդ համագործակցությունը:
– Դժբախտաբար մարդկային գործոնը թույլ չի տալիս: Հայաստանում այդ հարցում հաջողեցինք: Այնտեղ համագումար եղավ եւ հուսանք, որ մտավորական մարդիկ իրենց տեղը կգրավեն եւ կուսակցությունն իր դիմագիծը կպահպանի: Կուսակցության դիմագիծը նաեւ Հայաստանի մեջ էր ծերացել: Ահավասիկ նոր սերունդ կա, որ կարող է տանել կուսակցության բրենդը:
-Կարծում ե՞ք, որ կուսակցության այս վիճակը նաեւ Թեքեյան մշակութային միության կալվածքներին եւ գումարներին տիրանալու պատճառով է ստեղծվել: Հիմնական կռիվը ոչ թե անձնական է կամ գաղափարական, այլ՝ ֆինանսական:
– Ճիշտ է, մինչեւ վերջերս գաղափարական տարաձայնություն չկար: Այս նոր վարչությունը, որ կազմավորվել է Մայք Խարաբյանի գլխավորությամբ Հայաստանում գումարած ժողովի ընթացքում, շեղվելով մեր ավանդական քաղաքականությունից, խոսել են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ արշավին մասնակցություն բերեն: Դա մեր ավանդական քաղաքականությանը դեմ է եւ պատեհապաշտության գլուխգործոցն է:
Այո, մենք մտահոգված ենք, որ նախադեպեր կան, եւ այդ մարդիկ նախկինում օգտագործելով Թեքեյան միությանը պատկանող կալվածքները, յուրացրել են եւ մսխել են միջոցները, իսկ այսօր, երբ որեւէ բանակցության առիթ է լինում, կրկին բարձրացնում են Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան միության կալվածքների եւ նյութական միջոցների հարցը: Նախապայմաններից մեկն էլ այն է, որ տիրանան այդ կալվածքներին: Իմ կարծիքով, կասկած չունեմ, որ նրանց հովանու ներքո անցնելուն պես, այդ կալվածքների ճակատագիրն էլ կլինի նույնը, ինչ որ մյուսներինը:
– ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունը ի՞նչ միջոցների է տիրապետում, որ քննադատելով ասում են, թե թափանցիկ չեն ծախսվում գումարները:
-Լիբանանի մեջ նման ամբաստանություններ կարելի է անել, քանի որ Լիբանանը առավ-փախավներու երկիր է: Բայց ԱՄՆ-ի մեջ նման խաղ անհնար է անել: Մենք բարեսիրական կազմակերպություն ենք պետության մոտ արձանագրված եւ պարտավոր ենք պետությանը հաշվետվություն ներկայացնել: Ամեն տարի իրավաբաններով ու հաշվապահներով պատրաստված նման հաշվետվություն ենք ներկայացնում եւ հաշիվներ չենք կարող թաքցնել, քանի որ հանրային սեփականություն է:
Կառույցն իր իսկ գործունեությամբ հերքում է նման ամբաստանությունը: Բայց այլ բան պատահեց: Կալիֆոռնիայի Տիգրանյան վարժարանի նախկին բարերարներից մեկը, որ սովորություն ունի բարերարություն անելու եւ ապա այդ հաստատության դեմ դատ բացելու, ինչպես օրինակ այս պարագայում, դատ բացեց եկեղեցական թեմի դեմ, ապա նաեւ՝ մեր միության դեմ: Վարժարանը փակվեց եւ մենք ստիպված էինք վաճառել, բայց ինքը ամբաստանեց, թե խարդախություն ենք արել, գումարները յուրացրել ենք: Բայց ԱՄՆ մեջ օրենք կա՝ գնացինք դատարան եւ այդ մարդը պարտվեց: Որեւէ արժանապատվություն ունեցող լրագրող պետք է գրեր, որ այն ամբաստանությունները, որ արել են՝ դատարանի կողմից հերքվել են: Բայց լրագրողական որեւէ արձագանք չեղավ:
Ապագայում ծրագրում ենք ԱՄՆ, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Ֆրանսիայի Թեքեյան մշակութային միության համադաշնություն ստեղծել, որը համագործակցության լայն հնարավորություն կտա: Նաեւ քանի որ Հայաստանում մշակույթի առանձին նախարարություն չկա, մշակույթի գործիչները «անտեր են», մշակութային մի հարթակ ստեղծել, մեր հնարավորությունները ներդնել, եւ ավելի արդյունավետ կլինի, քան սփյուռքի պարագայում, ուր ավելի թանկ է եւ շատ քիչ արդյունք է տալիս:
-Ներկա պահին հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ բոլոր կողմերով կլոր սեղանի շուրջ նստեք եւ գոնե գլոբալ հարցերում հանդես գաք իբրեւ մեկ ռամկավար ազատական ուժ:
-Ավելացնեմ. մեր այս բոլոր կռիվների պատճառով ոչ միայն հեղինակություն կորցրեցինք սփյուռքի մեջ, այլեւ մենք ունեինք շատ լավ մտավորական տարր, որոնք մեր այստեղի դպրոցների շրջանավարտներ են եւ բարձր մակարդակի են հասել: Նրանք խրտնեցին ներկուսակցական կռիվներից: Եթե խաղաղ, շինարար գործի մեջ լինի կուսակցությունը, նրանք կմասնակցեն, բայց այս կռիվների մեջ չեն ուզում մտնել:
Իսկ հիմա, թե կուսակցությունն իր բնականոն կյանքին վերադառնալու դեպքում քանի՞ մարդ կվերադառնա կուսակցության շարքերը, չեմ կարող ասել, բայց մենք մարդկային մեծ դրամագլուխ կորցրեցինք: Կուսակցության գլխավոր նպատակներից մեկը դա պետք է լինի, որ եթե վերականգնվի, այդ մարդիկ գան եւ խաղաղ գործունեության լծվեն:
Անկեղծորեն, այս հանգրվանին ես շատ լավատես չեմ: Այն տարրերը, որոնք Կենտրոնական վարչության գլուխ են եկել, այնքան փորձված են, որ այլեւս փորձելու տեղ չկա: Իհարկե, իրենց համակիրներից շատերը մոտենում են մեզ եւ ցանկություն են հայտնում համագործակցելու: Բայց եթե պարագլուխները չեն ուզում, դա անհնար է:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ
«Օրեր» ամսագիր, Պրահա
2019-21թթ.
(Շար. 4 եւ վերջ)