Շվեդական հանդեսն Արցախի մասին

144

Շվեդական «Աքսես մագազին օք թեվե» հանդեսում լույս է տեսել Շվեդիայում ճանաչված ասորի լրագրող, գրող, կինովավերագրող եւ մարդու իրավունքների պաշտպան Նուրի Կինոյի «Վշտի եւ պայքարի գյուղում» ընդարձակ պատկերազարդ հոդվածը Արցախի հակամարտության, պատերազմի եւ բնակիչների մասին: Արցախ այցելած Նուրի Կինոն իր ֆեյսբուքյան էջում այդ հոդվածը համարում է երբեւէ իր գրած լավագույն ռեպորտաժներից մեկը: Նա այցելել է արցախցիներին, հաղորդակցվել նրանց հետպատերազմյան իրավիճակին, չի մոռացել անդրադառնալ նաեւ Հայաստանում ապրող այն ասորի հայրենակիցներին, որոնք կորուստներ են ունեցել 44-օրյա պատերազմում: Նուրի Կինոն ծնվել է 1965-ին, Թուրքիայի Թուր-Աբդին շրջանում, մանկուց բնակվել է Գերմանիայում եւ Շվեդիայում: Նա մի քանի փաստագրական գրքի, Մերձավոր Արեւելքից, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայից, Աֆրիկայից կատարած հարյուրավոր հոդվածների ու զեկուցագրերի հեղինակ է: Արժանացել է մրցանակների մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ իր զեկույցների համար եւ հանդիսանում է «Գործելու պահանջ» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրը, որը պաշտպանում է Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում եւ Մերձավոր Արեւելքի այլ վայրերում հալածվող փոքրամասնությունների իրավունքները:                    

Ա. Բ.