ԵՐԵՎԱՆ-ԿՈՒԿԿՈԼԱ, Ֆինլանդիա – Յաակկո Հեյկիլյան (ծն. 1956) ֆինն լուսանկարիչ է, հայտնի իր փաստագրական ոճի դիմանկարներով եւ լուսանկարչության մեջ ազգագրական մոտեցմամբ: Քաղաքացիական ճարտարագիտություն է ուսանել Օուլուի համալսարանում, սակայն ուսման ընթացքում սկսել է լուսանկարել եւ թողել է համալսարանը՝ ամբողջությամբ նվիրվելով լուսանկարչությանը: Հեյկիլյան լուսանկարել է էթնիկ խմբերի՝ Հյուսիսային Սկանդինավիայում ապրող մեյնկիելի լեզվի կրողներին եւ Ռուսաստանի ուգրաֆիննական ժողովուրդների (պոմորներին)՝ ուսումնասիրելով արդի պայմաններում ավանդույթների պահպանումը: Նրա պատկերները սովորաբար բեմադրված են, սակայն արմատավորված իրական միջավայրերում՝ համադրելով փաստագրականն ու գեղարվեստական հորինվածքը: Նրա աշխատանքները լայնորեն ցուցադրվել են Եվրոպայում՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի, Գերմանիայի եւ այլ երկրների թանգարաններում ու պատկերասրահներում: Հեյկիլյան նաեւ հրատարակել է մի շարք լուսանկարչական գրքեր, որոնք համադրում են տեսողական պատումը եւ մարդաբանական դիտարկումները («Մեր երկիրը՝ Մեանմաա», 1992, «Պոմորներ», 2001, «Կուկկոլանկոսկի», 2005, «Հայկական չպատմված ճակատագրերը» (2008), «Լուռ զրույցներ», 2011, «Խոհանոցային զրույցներ», 2014, «Ջրով թաքնված սենյակներ», 2016, «Հարլեմի անուշ երգը», 2021, «Հարստության փիլիսոփայություն», 2022 եւ այլն):
–Հարգելի՛ Յաակկո, ձեր ստեղծագործություններում հաճախ եք անդրադառնում ինքնության, տարագրության եւ մշակութային հիշողության թեմաներին, հատկապես՝ փոքրամասնությունների եւ լուսանցքայնացված համայնքների շրջանակներում: Ֆինլանդիայում Հայաստանը համեմատաբար քիչ է հայտնի: Ինչպե՞ս Հայաստանը եւ հայերը հայտնվեցին ձեր ուշադրության կենտրոնում:
-2003 թվականի օգոստոսին ես մասնակցեցի Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին նվիրված խմբային ցուցահանդեսին: Հելսինկի վերադառնալիս, գնացքում իմ «Պոմորներ» գիրքը ցույց տվեցի մի մարդու, որը կազմակերպում էր «Եկեղեցին թող հնչի» փառատոնը Հելսինկիում: Նա թերթեց գիրքը, նայեց ինձ, նորից թերթեց: Հետո հարցրեց. «Կցանկանա՞ք գնալ Հայաստան: 2005 թվականի փառատոնը նվիրվում է Հայաստանին»: Ես անվարան պատասխանեցի՝ «Իհա՛րկե այո»: 2004 թվականի ապրիլին մեկ ամիս աշխատեցի Հայաստանում: Այնուհետեւ նախագիծն ինձ տարավ Լոս Անջելես եւ Վենետիկ՝ «Ֆինիշ ֆրեյմ» մշակութային կազմակերպության աջակցությամբ: Իմ առաջին հայկական ցուցահանդեսը ներկայացվեց Վենետիկի բիենալեում 2005 թվականին՝ դարձյալ «Ֆինիշ ֆրեյմի» կազմակերպմամբ:

–Ձեր լուսանկարչական գրքերից է «Հայկական չպատմված ճակատագրերը», որը փաստագրում է հայերին Հայաստանում, Լոս Անջելեսում եւ Վենետիկում: Ի՞նչ ճակատագրեր կամ պատմություններ բացահայտեցիք այդ աշխատանքում:
-Լոս Անջելեսում եւ Վենետիկում ես գրի առա ընտանեկան պատմություններ, որոնք այս կամ այն կերպ կապված էին Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանության (1915-1917) հետ: Բոլոր պատմությունները շատ հուզիչ են: Ահա՛ Լոս Անջելեսից Վահե Բերբերյանի պատմությունը .
«Հայրս ծնվել է 1914 թվականին՝ հայկական կոտորածներից մեկ տարի առաջ: Եղել է ընդամենը մեկ տարեկան, երբ սկսվել են տեղահանությունները: Նրա ողջ ընտանիքը, ներառյալ հայրը, սպանվել է: Նրանց գյուղից շատ քչերն են փրկվել: Տեղահանությունների ժամանակ տատս վախեցել է, որ հայրս կմահանա սովից: Նա չէր ուզում, որ երեխան տառապի: Երեք անգամ գնացել է գետի մոտ, որ փոքրիկ Ռաֆֆիին ջուրը նետի: Բայց ամեն անգամ հետ է եկել՝ չկարողանալով դա անել: Նա ինձ ասում էր, որ գետն այնքա՜ն լի էր դիակներով, որ երեխային նույնիսկ չէր կարող ընդունել»:
Ահա՛ եւ Սիրուն Երեցյանի պատմածը՝ նույնպես Լոս Անջելեսից.
«Հայրս Աստծուն չէր հավատում: Մի անգամ նա ինձ տարավ եկեղեցու կողքին գտնվող հայկական շինությունը: Ներսում գանգերի կույտ կար: Նա ասաց, որ դրանք անապատում սպանված հայերի գանգերն են, որոնք հավաքել ու բերել էին եկեղեցի: Նա լուռ կանգնեց՝ մտածելով, որ գուցե իր եղբայրն այդ կույտում է: Այնտեղ կային մեծահասակների գանգեր եւ երեխաների փոքր գանգեր: Բոլորը ժպտում էին. ինձ թվում էր, որ հայկական գանգերը ժպտում են…»:
–Եվրոպական քաղաքներից Վենետիկն ամենաշատ հայկական հետքեր ունեցողն է: Բացի Սուրբ Ղազար կղզուց, ի՞նչ այլ հայկական վայրեր կամ թեմաներ եք լուսանկարել այնտեղ:
-Հայկական վարժարանը, որը գտնվում է Կամպո Սանտա Մարգարիտայի մոտ… Ես երբեք չեմ մոռանա Սուրբ Ղազար կղզուց Հայր Ուլուհոճյանի խոսքերը. «Երբ եվրոպացիները դեռ թափառում էին անտառներում, մենք արդեն պալատներում էինք»: Նրանից բացի՝ լուսանկարել եւ նկարահանել եմ նաեւ Կարո Դեմիրճյանի, Լիդոյում բնակվող Հակոբի եւ Արտո Քեուչեյանի պատմությունները: Կարոն մնացել է իմ հիշողության մեջ որպես մեղմ, ջերմ, մի փոքր մելամաղձոտ անձնավորություն: Նա պատմում էր. «Մեր ամբողջ ընտանիքը սպանվել է 1915-ին՝ հորիցս բացի: Նա երեք տարի մնացել է քուրդ ընտանիքում, հետո նրա զարմիկը նրան տարել է Հալեպ: Այնտեղից գնացել է Բեյրութ, 1920-ին հայտնվել Մարսելում, 1923-ին եկել է Սուրբ Ղազար, 1930-ին ամուսնացել է Լիոնում, 1950-ին ինձ ուղարկել է Սուրբ Ղազար…»:
–Որեւէ հետաքրքրական կամ հումորային դրվագ կպատմե՞ք ձեր հայաստանյան փորձառությունից:
-Ահա՛ մի փոքր պատմություն: Ես օրերս սկսում էի՝ գյուղում պարզապես շրջելով՝ մարդկանց հետ ծանոթանալու համար: Գյուղի անունը Նազրվան էր (այժմ՝ Ղազարավան): Վաղ առավոտ էր: Հանկարծ ձախ ուսիս զգացի մի մեղմ հպում, ինչպես արեւոտ առավոտի ողջույնը: Մի մարդ ինձ ասաց՝ ե՛կ այս կողմ: Մենք քայլեցինք նեղ արահետով՝ գոմաղբի կույտի կողքով, անցանք գլուխները խոնարհած խոճկորների մոտով: Նախ նա բարձրացրեց դռան առջեւ կախված լաթը, ապա բացեց կապտավուն դուռը:
Մենք մտանք մի խրճիթ՝ մի տեսակ սրբավայր, որի հատակի քարե սալերը ճաքած էին: Նստեցինք՝ խմելու թունդ հայկական սուրճ՝ առանց խոսքի, առանց ընդհանուր լեզվի: Հանկարծ լռության մեջ մարդը մոտեցավ պատի պահարանին, վերցրեց տան միակ գիրքը՝ Աստվածաշունչը, որի կազմն ու փխրուն էջերը մասամբ այրված էին: Նա ձեռքով շոյեց այրված էջերը:
«Օսմանյան, Օսմանյան կայսրություն»,- ասաց նա եւ Աստվածաշունչը դրեց գորգի վրա:
Սա ավելի շատ կարճ պատմվածք է, քան միջադեպ, բայց ինձ համար շատ տպավորիչ եւ հուզիչ հանդիպում էր:
–Կարո՞ղ ենք ասել, որ, ֆինն վանական Սերաֆիմ Սեպյաալայի՝ Հայաստան կազմակերպվող ուղեւորությունների եւ նրա հրատարակությունների հետ մեկտեղ, ձեր լուսանկարներն էլ նպաստել են Ֆինլանդիայում Հայաստանի ճանաչելիության աճին:
-Հուսով եմ, որ Սերաֆիմի կողքին ես նույնպես որոշ չափով նպաստել եմ դրա աճին: Համավարակից առաջ՝ 2016-2019 թվականներին, Մարիաննե Թիլմանի ղեկավարած «Արմենիատուրս» կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կազմակերպել եմ վեց աշխատարան ֆինն լուսանկարիչների համար: Յուրաքանչյուր աշխատարան ունեցել է տասը մասնակից: Մենք եղել ենք Ղազարավանում, Էջմիածնում եւ Դիլիջանում: Իհարկե, ցուցահանդեսները եւս մեծացնում են ճանաչելիությունը: Վենետիկի բիենալեում 2005 թվականի առաջին ցուցադրությունից հետո «Հայկական չպատմված ճակատագրերը» ցուցադրվել է Ֆինլանդիայի երկու թանգարանում եւ մեկ ցուցասրահում, ապա նաեւ բազմաթիվ այլ ցուցահանդեսներում:
–Անցած մարտի 8-ին ձեր գործերի ցուցահանդեսը բացվեց նաեւ Տորնիոյի «Աինե» արվեստի թանգարանում եւ գործելու է մինչեւ օգոստոս՝ ներկայացնելով նաեւ հայկական աշխատանքները: Կա՞ն արդյոք Հայաստանի հետ կապված ընթացիկ կամ ապագա նախագծեր:
-Այս պահին որոշակի ծրագրեր չունեմ Հայաստանի հետ կապված: Բայց Հայաստանը մշտապես իմ մտքում է: Կարո՞ղ եք ինձ առաջարկել Հայաստանի հետ կապված հետաքրքրական գաղափարներ: 2005 թվականի Վենետիկի բիենալեի ցուցադրության մեծ մասը պահվում է իմ պահեստում: Շատ կուզենայի այն նվիրաբերել Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանին…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ









