Հուլիսի 20-ին ավստրիական «Դեր շտանդարտը» հրատարակել է Գերալդ Շուբերտի հարցազրույցը Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արտգործնախարարն ակնկալում է միջազային հրատապ օգնությամբ Արցախի շրջափակման վերացում, եւ վերնագիր դարձած տողը Միրզոյանինն է: Իսկ Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղությանն անդրադառնալով, ԱԳ նախարարն ընդգծում է արցախցիների անվտանգության եւ իրավունքների ապահովման առաջնայնությունը:
Երեկ Բեռլինում Հուբերտուսալլե 43 -ում բնավորված Ադրբեջանի դեսպանության առջեւ տեղական ժամանակով 17-ին Հսկումի գործողություն էր նախատեսված, ինչպես ծանուցել էր Թեսսա Հոֆմանը, որ Արցախի օրհասական վիճակի մասին ահազանգում է «Վտանգված ազգերի կազմակերպության» միջոցով: Վերջինս ԳԴՀ կանցլերին, ԱԳ նախարարին հորդորում է անհապաղ գործել: Իսկ Ադրբեջանը… քանի նրա հայատյացության երախը չեն փակում, հրեշի լեզուն ու գլուխը չեն կտրում, նա կաշառատվության նոր ձեւ է գտնում. Այժմ սիրաշահում է միջազգային ԶԼՄ-ներին. Երեկ Բեռլինում պաշտոնավարող դեսպան Աղաեւը թվիթերյան գրառմամբ ծանուցեց, որ պաշտոնական Բաքուն 58 օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների, այդ թվում՝ 15-ը Գերմանիայից, հանել է իր «personae non gratae» (սա persona non grata եզակի ձեւի հոգնակին է- Ան. Հ.) օտարերկրյա քաղաքացիների ցուցակից, որոնք նախկինում այցելել են «Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: Այդպիսով, իբր, հանվել է նրանց՝ Ադրբեջան մուտքի արգելքը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ