Նոյեմբերի 8-ին Հայաստանի Եվրոպական համալսարանում տեղի ունեցավ « Կրթության արդի հիմնախնդիրները եւ մարտահրավերները» անվանմամբ միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին աշխարհի ավելի քան 8 երկրներից ներկայացուցիչներ:
Հնդկաստանից իր մասնակցությունն ունեցավ Րավի Բանքերը, Անգլիայից՝ Ջին-Չառլզ-Քեիլիսը:
Ջին-Չառլզ-Քեիլիսն իր ելույթի ժամանակ անդրադարձավ հեռավար եւ առկա ուսուցուման ձեւերին՝ նշելով, որ իր համար սխալ է հեռավար ուսուցումը, քանի որ այդպես ուսանողները ավելի շատ են դժվարանում սովորել եւ մասնագիտանալ իրենց ընտրած մասնագիտության մեջ:
Միջազգային գիտաժողովին հրավիրված էին բուհերի, գիտահետազոտական կենտրոնների, գերատեսչությունների գիտնականներ, ասպիրանտներ, հետազոտողներ, մագիստրանտներ, կրթության որակի ապահովման մասնագետներ, կրթության ոլորտի կառավարիչներ եւ կրթության նվիրյալներ, որոնք ուսումնասիրում են կրթության հիմնախնդիրները՝ պայմանավորված հասարակության զարգացման հարաճուն պահանջներով եւ մարտահրավերներով:
Գիտաժողովին իր ելույթն ունեցավ նաեւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը:
Նրա ելույթը վերաբերում էր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի, երկրաբանական թանգարանների դերին՝ ուսումնական հաստատություններում արդյունավետ ուսուցման սկզբունքների ներբերմանը եւ իրագործմանը:
Միջազգային գիտաժողովի նպատակն էր վեր հանել տեղական, տարածաշրջանային եւ գլոբալ հիմնախնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում եւ միտված են կրթության արդիականացմանը, հասարակության զարգացման պահանջներին համապատասխանեցմանը եւ նոր մարտահրավերներին գիտականորեն հիմնավորված եւ նորարարական լուծումներ գտնելուն:
ՄԱՐԻՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի ուսանողուհի