Ինքնամաքրման ճանապարհով եւ ինքնախարազանման գնով ձեռք բերվող փրկության եւ ազգային վերհառնումի ուղին է ուղղակի եւ անուղղակի խոսքով ցուցանում Կարո Արմենյանը, երբ իր գիրքը սկսում է «Ճգնութիւն» շարքով: Այն իր «Մարմին եւ արիւն» եռահատորի՝ վերջերս լույս տեսած երրորդ պրակի, այսպես ասած՝ նախերգանքն է, եւ պիտի ծանրանամ հենց այդ գաղափարի վրա, քանի որ առանց հոգու ճգնակեցության եւ հանրային ինքնաքննման հնարավոր չէ ապագայի տեսլականը կառուցելն ու դեպի դրան անբարդույթ ընթանալը: Դիմահար կոչերի փոխարեն բանաստեղծական խոսքի հնարանքներով, տարազան պատկերավորմամբ հեղինակը զարգացնում է միտքը. այն բարձրաշունչ է, հատու խոսվածքով, հավատի շեշտադրմամբ, եւ ընթերցողին դիմելուց առաջ, թերեւս, հենց ինքն իրեն է համոզում, հորդորում՝ չհուսահատվել, չթեւաթափվել՝ «Մի՛ երկնչիր տեսիլքէն»: Թվում է երբեմն, թե մարդկային կյանքի ավարտական կոչնակի մասին է խոսում, երբ ինքնամաքրված՝
«պիտի մէկէն համբառնաս
դէպի երկինքն այդ մաքուր
պիտի ընդոստ ծաւալիս
դէպի եզերքն այդ աղուոր
պիտի մէկէն քաղցրանայ
դառնապատիր առօրեան…»:
Սակայն Կարո Արմենյան մարդու եւ քաղաքացու հանգամանքում պիտի նեղ անձնային շրջանակներից դուրս դիտարկել «Երբ ժամը գայ վերջապէս» տողը, եւ վերանձնային, հասարակական հնչման, ավելի՛ն, նորագույն ժամանակների մեր ազգային ողբերգության հունչերն ենք գտնում նրա այս բանաստեղծության մեջ, երբ կարդում ենք.
«քանի գառներ անգիտակ սպանդանոց տարուեցան
քանի բուներ տապալեցան դիտապաստ
եւ ընձիւղներ անհամար վրայ տուին կեանքներին
քանի հունտեր փոշիացան անաղմուկ…»:
Վարուժանական գրի զորությամբ հեթանոս երգ ու հացին երգ է շարադրում միախառն՝ հանգից տեղ-տեղ սահունորեն անցնելով արձակ շարադրանքին՝ ոնց սերմնացանի ձեռքի լայն պարագծումը՝ հավատի եւ ստեղծման խորհրդով, երբ հույս է ներարկում՝ ասելով՝ «արմատ մը նոր // գիշերուան մէջ // պիտի ծնի // խենթ ու տկլոր // արմատ մը նոր // իր ոչինչէն // առնէ մարմին»: Գիշերն Արմենյանի պոեզիայում մերօրյա իրականության խորհրդապատկերն է, այդ գիշերում «խցված ակները»՝ կորուստների ցավից եւ անհայտության անհուսությունից առաջացած կուրությունը, եւ այդ մթությունից առաջ «քայլ նետելով»՝ ուզում է «բանալ նորզնոր ակերը խցուած»:
Դիակի նման գետին տապալված՝ «դիտապաստ» վիճակի նկարագրությունը մի քանի պարբերություն անց փոխվում է «Հացին երգը» շենշող տրամադրությամբ արձակի. «հողերն են որ դարձած շրթունք ծծել կ՛ուզեն հիւթն այս մաքուր // գինովութեամբ կը փնտռեն ջուրն ամեհի երկինքներուն // թող բոցավառ լեզուներուն ծարավն անհուն քսվի երկրին // մառախուղներն այս վիթխարի ծովեր դառնան ու հեղեղուին // տանիքներէն մինչեւ կողերն արգասաւոր»:
Կետադրական նշանների բացակայությունն այս գրքում տողերից տող տարընթերցումների բազմանշանակության հնարավորություն են տալիս: Ոնց երաժշտական երկերում դադարների դույզն-ինչ փոփոխությունը հնարավորություն է ընձեռում ստեղծագործության նորանոր ընկալումների, նույն կերպ այստեղ միջակետերի, ստորակետերի եւ վերջակետերի բացակայությունը հնարավորություն է տալիս «դիպցնելու» բառերն ու արտահայտություններն այնտեղ, որտեղ ենթադրաբար պետք է մտքի բաժանում լիներ: Ու երկն ընթերցվում է՝ իբրեւ երաժշտություն՝ արձակ բաժիններում՝ որպես ռեչիտատիվ, խրոխտ-վճռական տողերում՝ բաս – բարիտոնով, հուշ – մտածում – խոկումներում՝ թավշե տենորով: Սիրո տողերի տիրույթում են «տենորային» հնչարտադրության բառահյուսքերը՝ կարոտի, ափսոսանքի, ուշ սպասման եւ ձգտումի համահունչով, անպատասխան հարցումներով եւ հողին փարվող «ծարաւներով ամեհի», պարմանու «չյագեցող կիրքերով» եւ «գեղձերով շնչահատ». «թող ականջներդ լսեն վերջին շաչող մրրիկէն // քու ճանկերովդ խլուած // վերջին խռպոտ մեղեդին // որուն վանկերը տրտում // քե՛զ կը պատմեն օրն ի բուն // շղթայազերծ ընելով // հին գարուններդ խանդոտ // պիտի դողաս ներսերէդ // եւ ատամներդ պիտի նորէն կափկափեն // եւ կողերուդ պաղ քրտինքով // դուն սարսափներ պիտի սփռես // խորքերուն մէջ անպատսպար այս եսին // որ քու մէջդ կ ապրի դեռ»: «Ինչո՞ւ ծնար» կրկնվող հռետորական հարցումները, մի կողմից, իր ներանձնական ապրումի արտահայտություններն են, մյուս կողմից՝ իր անցած ուղու ամփոփումների եւ հեռահար սպասումների առիթ են տալիս. «ինչո՞ւ ծնար // քու մարմնովդ կազմ ու պատրաստ կ՛սպասէ // խառնուելու հողերուն… // կ՛ուզէ խզուիլ արգանդէն այս չքաւոր // ու աշխարհ գալ վերստին // սկզբնական ու անսուաղ ու անսուտ // ծնիլ նորէն ու նորէն»:
Վերածնության թեման որքան՝ անձնական, այնքան վերանձնային է Կարո Արմենյանի պոեզիայում: Իր հայրենիքին, ազգին են ուղղված տողերը՝ «ուզես կամ չուզես // հառնես պիտի դուն»: Դեռեւս 2010-ին՝ սրանից տասնչորս տարի առաջ գրված տողերը կանխատեսումներ էին, որ ցավալիորեն իրականություն դարձան ներկա օրերում. «անհատ առ անհատ կը քշուինք նորէն // կ ըլլանք աներկինք ու կ ըլլանք հայցուոր // անճրկած անմիտ կեցած ճամբեզրին»: Եվ սակայն, որպես հավատո հավաստիք, հնչում են տողերը վերընձյուղման. «կը յառնենք նորէն որպէս որբ թռչուն // մեզմով կ ըսկսի զտման այս րոպէն»:
Սիրազեղ «Գարնանատենչ»-ից մինչեւ քաղաքամայր Երեւանին ընծայված բանաստեղծական շարք, հայոց ինքնությունը վերաճանաչելու հորդորից մինչեւ հորենական հոգեւոր ժառանգության վերարժեվորում,- այս ամենն առանձին, մանրամասն քննության առարկա են: Եվ ողջ գրքում թե՛ գեղարվեստական պատկերավորման արվեստին տիրապետող բանաստեղծն է եւ թե՛ խորագետ հասարակական գործիչը:
Հորը նվիրված տողերում, ասես, խոսի հայրենիքի հետ եւ ուղերձ հղի մեզ, սերունդներին. «ապրեցար երազին չքաւորութիւնը // եւ կտակեցիր մեզի դժուար հաւատքը մեր ինքնութեան»: Իր հոր վերջին հորդոր – ավանդը գրքի յուրահատուկ ամփոփումն է. «ասիկա մեր վերջին հողն է կ ըսէիր // տէր եղէք ըսիր մեր ամրոցին»:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ