Մեր իրավունքը մե՛նք ենք սահմանում՝ լուռ չե՛նք մնալու

134

Իսկ Բրյուսելից պատասխան ենք ակնկալում

Նախորդ չորեքշաբթի՝ մայիսի 25-ին, մի քանի հարց էի ուղղել Եվրոմիության խորհրդի նախագահի մամուլի քարտուղարին՝ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Փաշինյան- Ալիեւ- Միշել եռակողմ հանդիպման ավարտին Շառլ Միշելի հրապարակած հայտարարության բովանդակության վերաբերյալ։ Գերմանացի եւ եվրոպացի պաշտոնյաների գրասենյակների հետ բազմամյա իմ աշխատանքային փորձը հուշում էր, որ անպատասխան չի մնա լրագրողիս նամակը՝ մոռանալով, որ Բելգիայում նույնպես մայիսի 26-ի հինգշաբթին տոնական՝ ոչ աշխատանքային է։ Նման բան դեռ չէի տեսել՝ Համբարձման տոնն ավարտվեց, հաջորդ օրը՝ ժամը 00.37 -ին բրյուսելյան մամուլի գրասենյակից պատասխան եմ ստանում։ Մոտավորապես այս բովանդակությամբ՝ «Հարգելի Անահիտ, նախագահի թվիթերյան գրառմանը հաջորդած հայտարարությունից բացի, այլ մեկնաբանություն չունենք»։

Էգոս չի շոյվում, որ այս գրասենյակից ինձ այդպես հարազատ՝ անունով են դիմում ի պատասխան իմ՝ «հարգելի պարոն » դիմելաձեւի։ Սա անգլագիր հաստատություններում երբեմն ընդունված «մտերմությունն» է կամ՝ «պարզությունը», որ այս պարագայում բնավ չի մեղմում հիասթափությանս առիթը, այն՝ որ եվրոպացի պաշտոնյային ուղղված՝ իմ երկրի, իմ ապագայի վերաբերյալ լրացուցիչ, հանգամանալից պարզաբանում հայցող հարցերս մեկնաբանության չեն արժանանում։

Ժողովրդավարության կամ դեմոկրատիայի մասին խոսելիս շատերն են մոռանում այդ բառի արմատները։ Բառն այնպես են շահարկել, որ այն կարծես դարձել է ամբոխավար, ամբոխահաճո քաղաքական գործիչների մաստակը։ Եթե նման ճակատագրական հանդիպումներից հետո քաղաքական ղեկավարները լրագրողների համար ճեպազրույց էլ չեն տալիս, եթե զրկում են հարցիդ պատասխանը ստանալու իրավունքից, ո՞ւմ համար են «չարչարվում» հայտարարության այդ տեքստը կազմելիս։ Հայ իշխանավոր դարձած ընդդիմադիր Էդմոն Մարուքյանն էլ, որ իրավաբանական կրթություն ունի, Հ1-ի եթերում փաստորեն խույս է տալիս հայ հանրությանը բացատրել, թե ինչո՞ւ մայիսի 22-ի հայտարարության մեջ այլեւս չենք գտնում ԼՂ՝ իբրեւ պետական միավոր ձեւակերպումը, եւ իրավաբանի իր հմտություններով մեզ տեղափոխում է արենա՝ կնետեմ, դե՛ բռնե՛ք՝ մերը չէ՝ «Ղարաբաղի էթնիկ հայեր»-ը Շառլ Միշելի ձեւակերպումն է։

Իսկ նախագահ Շառլ Միշելը, որ կրթությամբ նույնպես իրավաբան է, փորձառու քաղաքական գործիչ, մայիսի 28-ին Ադրբեջանի՝ հրադադարի կոպիտ խախտման, զոհված Դավիթ Վարդանյանի լուրն առնելուց հետո, «Հայաստանում լարվածությունը» նկատի առնելով, նոր հայտարարություն տարածեց հունիսի 1-ին՝ կարծես թուլացնելով նախորդ տեքստի բովանդակության մեջ մի կողմին՝ Ադրբեջանին գերշահավետ ձեւակերպումները։

«Նախագահ Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել առկա բոլոր խնդիրները, ներառյալ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն առաջ մղելը և հակամարտությունների արմատական պատճառները։ Նախագահ Միշելի կարծիքով, բոլոր հիմնական խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է լուծվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ պայմաններ ստեղծելու տեւական և արդար խաղաղության համար», ձեւակերպված էր հունիսի 1-ի հայտարարության մեջ։

Հունիսի 2-ին նախագահ Միշելի մամլո քարտուղարին ուղղված մեր նամակում, որի պատասխանին դեռ սպասում ենք, հետեւյալ հիշեցմամբ ենք մեր հարցը ներկայացրել՝ « մայիսի 28-ին Հայաստանի սահմանի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Դավիթ Վահանի Վարդանյանը։ Սադրանքին նախորդել էին մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահի ապակառուցողական, ռազմատենչ հայտարարությունները, որոնք ներառում էին պահանջներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն իր համար հայերի էթնիկ զտումն է։ Արդյո՞ք ԵՄ խորհուրդը համաձայն է, որ «հարաբերությունների նորմալացման» այս ձևը կարող է խաղաղություն ստեղծել։

Արդյո՞ք նախագահ Միշելը նկատի ունի, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը պետք է լինի քննարկման հիմնական մասը, երբ նշում է «հակամարտությունների բուն պատճառները» ձեւակերպումը։

Հետեւողական ենք լինելու՝ ակնկալելով, որ «Ազգ»ի հաջորդ համարում կներկայացնենք Բրյուսելից մեզ ուղարկվելիք պատասխաններում առկա հստակ ձեւակերպումներ։ Մեր ապագային, մեր ճակատագրին վերաբերող յուրաքանչյուր հարց պիտի ցրի մշուշը։ Եվրոպան մեզ դաս է տալիս՝ քո իրավունքը դ՛ու ես սահմանում՝ լուռ մի ՛մնա։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա