ԵՐԵՎԱՆ–ՏՈՒՐԻՆ – Իտալացի երաժիշտ Մաուրիցիո Ռեդեգոսո Խարիթյանը (ծնված 1970-ին, Տուրինում՝ ջենովացի երգիչ–կիթառահար հոր եւ ֆրանսահայ պարուհի մոր ընտանիքում) մանկուց նվագել է տարբեր գործիքներ (դաշնամուր, ֆլեյտա, ջութակ): Տուրինի, Նովարայի եւ Փարիզի կոնսերվատորիայներում ուսանել է ալտ եւ կվարտետ: Հիմնել է շվեյցարացի կոմպոզիտոր Արթուր Հոնեգերի անվան լարային քառյակ, որն արժանացել է մեկ միջազգային առաջին եւ երեք երկրորդ մրցանակների: Ելույթներ է ունեցել Իտալիայի ազգային սիմֆոնիկ, Հռոմի Սանտա Չեչիլիա ազգային ակադեմիայի, Եվրոպական Միության կամերային նվագախմբի, Շթութգարդի «Բախ» ակադեմիայի, «Եվրոպական երաժշտության նախագիծ» եւ այլ նվագախմբերի հետ: Լսատեսողական ձայնագրություններ է կատարել «Ռաիդ թրեյդ», «Դեկա», «Արիոն», «Ստրադիվարիուս», «Ռելա սաունդ», «Նուովա էրա», «Մեդիասեթ», «Դելտա վիդեո» ֆիրմաներում:
–Մաուրի՛ցիո, ձեր երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում տարբեր երաժշտություն եք նվագել՝ դասական, փոփ, ջազ, էթնիկ, թատերական: Դրանք լրացնո՞ւմ, թե՞ երբեմն անգամ՝ խանգարում են իրար:
-Թեեւ իմ առաջին գործիքը սկսել եմ սովորել միայն տասը տարեկանում, բայց ինձ բախտ է վիճակվել մանուկ հասակում տարբեր ժանրերի շատ երաժշտություն լսել, քանի որ հայրս տանը ձայնագրման ստուդիա ուներ: Այսպիսով, ես մեծացա՝ լսելով տարբեր հնչյուններ եւ ոճեր, որոնք հետագայում նորից էի հայտնաբերում: Չնայած դասական երաժշտության դասընթացներին, որոնք շատ կարեւոր էին եւ երկար ժամանակ գերիշխում էին, ես զգացի, որ պետք է դուրս գալ ակադեմիական աշխարհի կոշտ սխեմաներից: Եթե խորամուխ լինենք հարցի էության մեջ, ապա ոչինչ չի կարելի ամբողջությամբ իմպրովիզացիայի ենթարկել, եւ յուրաքանչյուր երաժշտական արտահայտության համար, որին ցանկանում եք անդրադառնալ, հետազոտական աշխատանք է անհրաժեշտ: Անձամբ ինձ գրավում են միախառնումները, պայմանով, որ գիտակցեք եւ հարգեք յուրաքանչյուր ավանդույթի ակունքները, իսկ հետո ձեռնամուխ լինեք գեղարվեստական ուղուն՝ ավելի համահունչ ձեր տաղանդին:
–Դուք կատարել եք Էնիո Մորիկոնեի երաժշտությունը՝ մաեստրոյի ղեկավարությամբ: Ինչպիսի՞ն էր այդ համագործակցությունը:
-Դա տեղի ունեցավ 2013-ին, նրա պատվին կազմակերպված բազմաթիվ համերգների առիթով, նախ եւ առաջ՝ որպես հարգանքի տուրք կինոյի երաժշտության կոմպոզիտորի նրա հսկայական կարիերայի: Այն ժամանակ ես Իտալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կազմում էի: Ակնհայտորեն հուզումնալից եւ մեծ փորձառություն էր նվագել Մորիկոնեի ֆանտաստիկ երաժշտությունը նրա ղեկավարությամբ, եւ չնայած իր առաջացած տարիքին (նա 86 տարեկան էր), մաեստրոն մեծ ուշադրություն էր դարձնում երաժշտական յուրաքանչյուր մանրուքի: Ես այդ երկացանկը նվագել էի տասնյակ անգամներ, բայց այդ համերգը մեծ առավելություն էր, քանի որ խորը զգացումներ էիր ստանում անմիջապես նրանից, ով գրել էր այն: Քսան տարի առաջ մեկ այլ նվագախմբի հետ ես նվագել էի նրա «ժամանակակից դասական» շատ բարդ եւ առանձնահատուկ ստեղծագործությունները, որոնք ոչ մի ընդհանրություն չունեին նրա կինոերաժշտության հետ: Փոխարենը վերջերս ես նրա մի քանի կամերային երաժշտական գործ եմ նվագել, որոնք այնուհետ օգտագործվել են ինչ-որ ֆիլմերի համար:
–Դուք նաեւ մասնակցել եք «Պավարոտտին եւ ընկերները» նախագծի մի քանի համերգների՝ նվագակցելով այնպիսի երգիչների, ինչպիսիք են Դայան Ուորվիքը, Էլթոն Ջոնը, Էրիք Քլեփթոնը, Կաետանո Վելոսոն, Բի Բի Քինգը, Լայոնել Ռիչին, նաեւ «Դիփ Փարփլը»: Կա՞ն հատուկ հիշողություններ՝ կապված այդ հռչակավորների հետ:
-Առաջին հերթին ես հիշում եմ այդ իրադարձությունների մեծ ոգեւորությունը, քանի որ շուրջը մեծ մեդիա շարժում էր տիրում: Ես հիշում եմ այս բոլոր մեծ երգիչների մեծ պրոֆեսիոնալիզմը, որոնք հանդես էին գալիս մեծն Լուչիանո Պավարոտիի հետ զուգերգով: Ինչպես ասացի երաժշտական ժանրերի միախառնման մասին, երբ կան մեծ արվեստագետներ, ամեն ինչ հնարավոր է, եւ հենց համերգների փորձերից էլ նույն լեզվով խոսելու տպավորություն է ստեղծվում: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ «Պավարոտտին եւ ընկերները» նախագծի յուրաքանչյուր համերգի ամեն մի մասնակից ինձ հիշեցնում է, որ յուրաքանչյուր գեղարվեստական արտահայտության հետեւում, բացի տաղանդից, առկա են մեծ զոհողություն եւ քրտնաջան աշխատանք:
–Ե՞րբ է եղել ձեր առաջին ծանոթությունը հայ երաժշտությանը:
-Հայ երաժշտության իմ առաջին փորձառությունը մայրիկիս ձայնն էր, որն ինձ համար ավանդական երգ էր երգում: Ինձ գրավեց հենց երաժշտական լեզվի գեղեցկությունը: Տանը նաեւ մի քանի հայկական ձայներիզներ կային, որոնք երբեմն հնչեցնում էին: Իմ անմիջական փորձառությունը եղել է Վենետիկում Սուրբ Ղազարի Մխիթարյան վանքի հայ վանականների երգչախմբերի ունկնդրումը, որն ինձ ցնցեց իր խորությամբ. երաժշտական ոճը միանգամայն ինքնատիպ եւ գրավիչ էր: Եվ ապա, 2007 թվականին մորս մահից հետո Հայաստան կատարած իմ առաջին ճամփորդության ժամանակ լսեցի երաժշտական արտահայտման բոլոր ձեւերը՝ ավանդական, հոգեւոր, դասական, բալետային, ինչպես նաեւ դուդուկի լեգենդար հնչողությունը:
–Որտեղի՞ց էին ձեր մայրական նախնիները:
-Տատիկս` Ալիս Հաննան, ծնվել է Ալեքսանդրեթում, այժմ Թուրքիայում, իսկ Արշավիր պապս` Կոստանդնուպոլսում, 1912-ին, սակայն երեք տարի անց նա կորցրել է ծնողներին: Շուտով նա զորակոչվել է Մերձավոր Արեւելքում տեղակայված ֆրանսիական բանակ եւ իր մեծ ընտանիքով (տասը զավակ) շատ է շրջագայել՝ մինչեւ 60-ականներին Մարսել հասնելը: Պապս ինձ թողել է չորս ձեռագիր գիրք՝ հայերեն եւ մեկ տպագիր գիրք՝ թուրքերեն: Շատ կցանկանայի իմանալ, թե դրանք ի՛նչ են պարունակում եւ, հնարավոր է, որ հրատարակեմ: Հայերեն չորս ձեռագրերից առաջինն ունի ֆրանսերեն վերնագիր «Dea. Արշավիր Խարիթյանի հեղինակած իրական կյանքի վրա հիմնված վեպ»: Այն բաղկացած է 387 էջից, ավարտվել է 1968 թվականին: Նրա միակ ընթերցողը Միլանի Հայ տան անդամ, այժմ հանգուցյալ պարոն Փամբակյանն էր: Ըստ նրա՝ վեպը Ստամբուլում ապրող ֆրանսահայ ընտանիքի պատմություն է, բոլոր անունները ֆրանսիական են, եւ հերոսներն իրենց ֆրանսիացի են զգում: Վեպը սկսվում է տնտեսական աղետով, որն առաջացել է ընտանիքի ղեկավարի վատ կառավարումից. նա երիտասարդ դստերը ստիպում է ամուսնանալ վաճառականի որդու հետ: Ըստ երեւույթին, առաջինի շարունակությունը նույնպես ֆրանսերեն վերնագրված է՝ «Մի ճանապարհ լույսի մեջ»՝ 278 էջից կազմված եւ 1969/70 թթ. գրված վեպը: Պապս ունի նաեւ մեկ այլ` 445 էջանոց անվերնագիր վեպ, ավարտված 1970 թվականին, իսկ չորրորդը՝ կրկին առանց վերնագրի, 417 էջից է բաղկացած եւ ավարտվել է 1971 թվականին:
–Հետաքրքրական էր իմանալ, որ ձեր մայրը բալետի պարուհի է եղել…
– Մայրս՝ Սոնյա Խարիթյանը, ծնվել է Հալեպում, 1945 թվականին: Նա սովորել է Մարսելում եւ շուտով սկսել է աշխատել դասական, այնուհետեւ նաեւ՝ ժամանակակից բալետի խմբում: Հյուրախաղերով եղել է Հունաստանում, Եգիպտոսում, Լիբանանում եւ Իտալիայում, որտեղ 1968 թվականին Միլանում ծանոթացել է հորս հետ: Հաջորդ տարի նրանք ամուսնացել են, եւ իմ ծնվելուց հետո մայրս դադարել է պարել, բայց շարունակել է զբաղվել խորեոգրաֆիայով:
-2007 թվականին դուք բացահայտեցիք Հայաստանը: Դա շրջադարձային պա՞հ եղավ ձեր կյանքում եւ (կամ) կարիերայում:
-Այս հարցի պատասխանը, ամենայն հավանականությամբ, շատ երկար կլինի: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ես շատ էի ցանկանում կատարել այդ ճանապարհորդությունը՝ սկսելու իմ ծագման հետազոտական ճամփորդությունը, որն այնուհետեւ կարող էր դառնալ մորս հարգանքի տուրք մատուցելու միջոց: Այն ամենը, ինչ ես ապրեցի այդ մի քանի օրերի ընթացքում, անմիջապես միաձուլվեց այն ամենի հետ, ինչ ինձ համար ներկայացնում էր մայրս՝ սկսած կյանքի արեւելյան պատկերացումից, որն ինձ համար միշտ կապ է եղել հին ժամանակների հետ: Դժվար է բացատրել: Իմ երաժշտությունն, անշուշտ, խորը փոփոխության ենթարկվեց. իմ ալտ նվագելու կերպն ուղղակիորեն ազդվել է Հայաստանում լսածս գործիքներից եւ ձայներից: Ինձ խորապես հայ զգալու համար, երբ վերադարձա Իտալիա, անմիջապես սկսեցի ընթացակարգերը, որպեսզի կարողանամ պաշտոնապես օգտագործել մորս ազգանունը՝ Խարիթյան: Իսկ վերջին տասնվեց տարիների ընթացքում իմ ստեղծածի մասին շատ բան է վկայում իմ գործերի հայկական բնույթը:
–Դերասան եւ բեմադրիչ Ստեֆանո Ձանոլիի հետ դուք նաեւ հիմնել եք «Նոր Արաքս» մշտական գործող գեղարվեստական լաբորատորիան, որը զբաղվում է հայ երաժշտությամբ, գրականությամբ, կինոյով եւ հայ մշակույթի այլ դրսեւորումներով: Խնդրում եմ պատմել այդ նախագծի գործունեության մասին:
-«Նոր Արաքսը» հիմնադրեցինք 2009 թվականին: Մինչ այժմ թողարկել ենք երկու ձայնասկավառակ՝ «Կոմիտաս 100/80» (2015)՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա եւ Կոմիտաս Վարդապետի մահվան զույգ տարելիցներին եւ «Տապանի կորած երգը» (2019)՝ որոշակի ավանդույթների ինքնատիպությունը վերականգնելու համար: Մենք նախագծել եւ ներկայացրել ենք ավելի քան 80 ներկայացումներ, համերգներ, դասախոսություններ, սեմինարներ: Եվ ես վերսկսեցի գործունեությունն իմ հին սիրո՝ լարային քառյակի շրջանակներում: Փաստորեն, «Նոր Արաքս» լարային քառյակը ծնվել եւ դառնում է հայ երաժշտության ճանաչման եւ տարածման հենակետ: Նպատակն է միավորել հիմնական դասական գործիքները տարբեր արեւելյան նվագարանների հետ. մի խոսքով, ամեն ինչ, որպեսզի հնարավորինս ամենաճշգրիտ եւ ինքնատիպ ձեւով վերակենդանացնենք այն ժառանգությունը, որը հնագույն ժամանակներից անքակտելիորեն կապված է մեզ կարմիր թելով:
–Այժմ դուք ակտիվ կապի մեջ եք Հայաստանի ձեր գործընկերների հետ: Որո՞նք են Հայաստանի հետ կապված ձեր առաջիկա ծրագրերը:
-Ասենք, որ կազմակերպչական աշխատանքն ինձ թույլ տվեց կապերի ցանց ունենալ Հայաստանում, հատկապես Երեւանի կոնսերվատորիայի, Կոմիտասի թանգարանի եւ Հայ ժամանակակից երաժշտության ֆորումի հետ: Ես կապեր ունեմ նաեւ արտերկրում ապրող հայ կոմպոզիտորների հետ: Ուրախ էի, որ կարողացա կատարել նրանց ստեղծագործությունների իտալական պրեմիերաները եւ իտալացի ունկնդրին ծանոթացնել այն ընդհանուր երաժշտական շարքին, որը կապում է հայկական ավանդույթի անցյալը ներկայի հետ: Հիմա գրում եմ ալտի, դաշնամուրի եւ դուդուկի կազմ ունեցող տրիո, որն առաջին անգամ կկատարվի հաջորդ տարվա աշնանը, բայց ամենից առաջ կցանկանայի իրականացնել վավերագրական ֆիլմ նկարահանելու երազանքը, ինչի համար ֆինանսավորում եմ փնտրում: Ու նաեւ, ընկերներիս բազմաթիվ թելադրանքներից հետո, սկսել եմ գրել մի գիրք, որը հայերեն «բանալիով» կխոսի ընտանիքիս, իմ երաժշտական եւ հոգեւոր պատմության մասին…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ