Հայաստանի… համրապետություն

28

ՀՀ կառավարության նախորդ շաբաթվա նիստում վարչապետը հիշեց Արարատի մարզ կատարած իր այցի մասին, բնականաբար` դրական առումներով: Տարօրինակորեն, անգամ Հ-1 հեռուստաընկերության լրագրողների գյուղական համայնքներում կատարած նկարահանումների ընթացքում, շատ հաճախ է խոսվում հայ գյուղաբնակի ու գյուղական բնակավայրի խնդիրներից ու հոգսերից: Դրանք այնքան ծավալուն են, որ անգամ թուղթն ամեն ինչ հանդուրժում է, եւ գնահատականի պայմաններում չարժե դրանք շարադրել: Թե որտեղ ու որտեղից է իշխանությունը կարողանում ինչ-ինչ լավատեսության պահեր նշմարել եւ փորձել այն հանրայնացնել, իրենց մոտեցումն է կառավարում ասվածի հանդեպ, ուր առաջնայինը պետք է լինի թերությունների ու բացթողումների բացահայտումը, դրանց վերացումն ու արդյունքների հանրայնացումը: Իշխանության սուրբ պարտականությունն է հանրությանն անհրաժեշտ գործ անելը, արածի դիմաց ակնկալիքներ չսպասելը: Զուր չէ ասված. անվերջ հարվածեք իշխանությանը, այն ուռճանալու հակում ունի: Այնպես որ, միշտ կգտնվի մեկը, խումբ թե կառույց, որը կնշի ու կբարձրաձայնի վրիպումն ու սխալը, չարվածն ու ձախողումը: Այնպես որ, այցի ու դրան հաջորդող օրերի ընթացքում մի քանի հեռուստաընկերություններ հեռարձակեցին, ասենք, հանրապետության պանրագործների այն հայտարարությունը, թե երկրից պանրի արտահանումը, 2021-2022 թվականների 5 ամիսների համեմատությամբ կրճատվել է կիսով չափ` 897 տոննայից իջնելով 439 տոննայի:

Ուր է թե հարցը միայն պանրի արտադրությանը վերաբերվեր: Տպավորություն կար, որ «Մեղրիհէկ-1»-ի կառուցումը ժամերի խնդիր է, որ «Քիմպրոմ»-ի շահագործումը օրերի հարց է, որ կքննարկվի առայժմ կանգուն էլեկտրալամպերի գործարանի պետության երաշխավորությամբ վերականգնման առաջարկը… Երկիրը վերականգնվող էլեկտրաէներգիա կստանա, դաշտերը` պարարտանյութ, սպառողները` ժամանակակից էլլամպեր, տնտեսությունը` հազարավոր աշխատատեղեր, ՀՀ բյուջեն` հարկային եկամուտներ: Հերթական անգամ ` ավաղ…, որը ոչ մի բանական բացատրություն չունի, բացի` ՀՀ պետական շահը:

ՀՀ-ից արտահանումը գերակայություն սահմանած իշխանությանը արդյո՞ք համանման վիճակագրությունը չէ որ պետք է մտահոգեր, երբ հաղորդումների ընթացքում նշվում էր պանրի թերարտադրության հիմնական պատճառի մասին, որ է` երկրում կաթի ծավալների նվազումը: Ընդհանրապես կաթնատու անասնապահություն որակումը մեր իշխանական խոսույթում գոյություն չունի, այն պարզապես բացակայում է, քանզի բացակայում է այն ստեղծող հիմնական միջոցը, լիարժեք անասնակերը: Այն մեզանում փոխարինվում է արոտի խոտով ու կուտակված ծղոտով, որի էներգետիկ արժեքն այնքան աննշան է, որ կովերի տարեկան կաթնատվությունը հազիվ կազմում է 2000 լիտր: Այսօրինակ ցուցանիշն էլ հուսալքում է անասնապահին, առիթ ու պատճառ դառնում հրաժարվել անասնապահությունից: Թեեւ խոշոր անասնագլխաքանակի ճշգրիտ հաշվառում մեզանում չի իրականացվում, սակայն վիճակագրությունը հաղորդում է ոչ վաղ անցյալի 320 հազար կովերի գլխաքանակի էական նվազման մասին, մինչեւ` 250 հազարի: Եվ սա այն պարագայում, երբ ՀՀ կառավարությունում առանց առիթի էլ հիշում են իրենց հաստատած «խելացի անասնագոմեր» ծրագիրը, որը պարզ չէ ում մոգոնածն էր: Արդյունքում` ՀՀ առեւտրային ցանցում հայտնվեց «պանրային արտադրանք» անվանմամբ ապրանք, որը ստացվում է կաթի փոշու ու արմավի յուղի խառնուրդից բաղկացած կաթ պարունակող զանգվածից:

Եվ խնդրեմ` ՀՀ առեւտրային ցանցում հայտնվեցին «կաթ պարունակող արտադրանք», «պանրային մթերք» ու համանուն անվանումներով արտադրատեսակներ, որոնք առեւտրային կետերի ցուցափեղկերում շատ ավելի մեծ տարածքներ են զբաղեցնում, քան բուն կաթից ստացվածները: Եվ ոչ մի արձագանք համապատասխան կառույցներից, որից կարծիք է կազմավորվում, որ այս ամենը շատ լավ էլ կառավարվում է ինչ-ինչ շահագրգռված ուժերի կողմից: Գյուղաբնակն այստեղ անելիք չունի, նա օտարված է գործընթացից: Բարեբախտաբար առավել գործունյաներն այն փոխարինում են սեփական ու մտերիմների կովերից ստացած անարատ կաթը կաթնամթերքների վերածելով ու դրանց վաճառքը խոշոր բնակավայրերի բնակելի թաղամասերում իրացնելով, դրանց որակն ու գները համապատասխանեցնելով: Ցավոք, անգամ նման գործընթացը ոգեւորության պաշար չի պարունակում, քանզի ՀՀ-ում մոտ 40 տոկոս գյուղաբնակների առկայությունը անորոշ ժամանակով հետաձգում է մասամբ իսկ բարեկեցիկ երկիր դառնալու մեր մարդկանց ակնկալիքը, թե`… երազանքը:

Որպիսին է, ասենք, Քաթար պետությունը, որտեղ նախորդ շաբաթ այցելեց ՀՀ վարչապետի պատվիրակությունը` փոխվարչապետի, առնվազն երեք նախարարների, Երեւանի քաղաքապետի, այլոց մասնակցությամբ: Թե ինչ հետաքրքրություն է ներկայացնում ընդամենը 11 հազար քառակուսի կմ տարածք ու 2,5 մլն բնակչություն ունեցող յուրօրինակ գաճաճ այս երկիրը ՀՀ-ի համար, հարցին չանդրադառնանք: Քաթարը գրեթե հողազուրկ է, վարելահողերը տարածքի հազիվ 1 տոկոսն են կազմում, որտեղ հիմնականում միրգ ու բանջարեղեն են աճեցնում: Բայց արի ու տես, որ երկիրը 2020 թվականին 36 հազար տոննա հավի միս է արտադրել, երբ ՀՀ ցուցանիշը դրա մոտ մեկ-երրորդն է, ներկրվողը՝ մինչեւ 20 հազար տոննա: Տարօրինակորեն թե ցավալիորեն` «Ինչո՞ւ, պարոն վարչապետ, հարցը ՀՀ կառավարության ղեկավարին ո՛չ Արարատի մարզում տրվեց, ո՛չ ԱԺ-ում ելույթի ավարտին, ո՛չ էլ ուրբաթ օրը կայացած կառավարության նիստին: Կարծես մեր փոքրից մեծ մարդկանց նախաճաշը, կեսօրի սնունդը, օրվա ավարտի էլ ընթրիքը առօրյայի բարեկեցության բաղկացուցիչներ չեն, այլ միայն ասֆալտն ու կառուցվելիք մանկապարտեզներն են ինքնագոհության նախանշաններ:

Այնպես որ` հայթայթելով արդեն իսկ հիշատակված Քաթարում 36 հազար տոննա թռչնամսի արտադրության փաստը, հարցնենք. Պարոն վարչապետ, ինչո՞ւ չենք օրախնդիր համարում 40-50 հազար տոննա թռչնամսի սեփական արտադրությունը, որը կծավալվի անասնակերի մշակությամբ ու թռչնաքանակների զգալի ավելացմամբ, հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Քաթարի պետությունում ստորագրված փաստաթղթերում «մասնավորապես անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին»: Շարքային քաղաքացուն գրեթե ոչինչ չհուշող անդրադարձ ու հնարավորություններ արտահայտություններն արդյո՞ք որեւէ նուրբ գնահատականներ են, որոնք ինչ-որ տեսքով գործի կվերածվեն առաջիկայում, ըստ պայմանագրերի, քանզի նշվել է. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քաթարական գործարար ասոցիացիային ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր»: Ինչ է սա, եթե ոչ` պաշտոնական պարզ անփութություն, երբ պետական մակարդակով այցելություն է իրականացվում, իսկ քննարկված ու ստորագրելու պատրաստ փաստաթղթեր չկան: Արդյոք սա շարունակությունը չէ՞ այն վիճակի, երբ հայտարարվում էր, թե ինչ պետք է արվում է եւ վերջ:

Ակամայից ուզենք թե ոչ, նման դեպքերում հիշվում է մանկան անմեղությամբ ասված` բայց թագավորը մերկ է խոսքերը: Եվ հարցը` առօրյայի կենսական առաջնահերթությունները չբարձրաձայնելն ու առաջիկայի հիմնախնդիրները չկանխատեսելը արդյո՞ք Հայաստանի հանրապետությունը չեն դարձնում Հայաստանի համրապետություն, հնչում է ինքնաբերաբար: Այնպես որ, նաեւ զուր չէ, երբ հայերիս միջավայրում ինչ-որ առումներով գովեստի խոսքեր են ասվում, ներկաներից շատերն են անմիջապես արձագանքում. լավը` միայն բացակաների ու … մասին:

Հակառակն ապացուցելու անհրաժեշտություն` պարզապես չկա:

Հ.Գ.- Մտորումներս ավարտել էի, երբ շրջապատիս ներկայացուցիչները հուշեցին. նշիր աղբ համարվողը հումքի վերածելու անհրաժեշտության, արդեն 5 մգվտ հզորության էլեկտրակայանքների գոյության, նաեւ` թեթեւ տրանսպորտային միջոցների հայաստանյան արտադրության մասին:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

21.06.2022թ.