Կա մի ջերմություն, որ չի սառչում երբեք

529

2022 թվականի սուրբ Հարության տոնին հաջորդող՝ ապրիլի 18-ի Մեռելոցի երկուշաբթին ինձանից ու մեզանից մի թանկ մարդու էլ տարավ, մեկին՝ որ անունից սկսյալ՝ բացառիկ էր: Վահանչերազ Իշխանյանին:

Վառ հիշում եմ 1981-ի այն օրը, երբ փողոցն անցնելիս հավասարվեցի ինձ տարեկից, իմ համակուրսեցի Վահանին, ու չարաճճի էությունս չզսպեց ՝«Վահանչարա՞զ»…«Չերազ», անչար, նույնիսկ ժպտադեմ ուղղեց Վահանը՝ «երբ իմանաս ինչու՛ Վահանչերազ, էլ ձեռ չես առնի»:

Վահանն ինձ գաղտնիք վստահող ընկեր դարձավ: Առաջին չարտոնված գիրքը, որ կարդացի, Բեյրութում տպված, մուգ կարմիր կազմով մասունքն էր իր պապի՝ Վահան Չերազի կյանքի մասին, որ խորհրդային երկրում արգելված էր ունենալ: Բոլորից թաքուն գիշերն էի կարդում, եւ գրքի էջերն իմ մեջ սիրո հետ հարգանք էին ստեղծում մի մարդու հանդեպ, որն ինձ գիրքն էր վստահել: Ես գիտեի, որ մեր տանը ընթերցող կունենար այդ գիրքը, բայց Վահանին խոստացել էի, որ խորհուրդը կպահեմ: Մեր մտերմության սոսինձը տարիների հետ առավել ամուր էր փակչում՝ փոխադարձ վստահության, գաղտնապահության, ազգային արժեքների հանդեպ հավատարմության, անդավաճան ընկերության շնորհիվ: ԵՊՀ ուսանողությունը 1983-84-ի ապրիլ 24-ին արդեն երթով ու ազգային երգերով էր Ծիծեռնակաբերդ գնում, մենք՝ առաջին շարքերում: Վահանը շատ երգ գիտեր, ես նրանից սովորում էի: Ես միշտ եմ սիրել այդ վարժությունս՝ անընդհատ սովորել իմ ընկեր Վահանից:

Համալսարանի ղեկավարությունը շատ ուրախ չէր, փորձում էին զսպաշապիկ հագցնել մեր մեջ նկատելի ըմբոստությանը, չէին հաջողում, չէին ուզում հաջողել…սրտի խորքում ուրախ էին երեւի, որ ուսանողությունը հզոր ուժ է, որ ազգային արժեքներին նվիրյալ երիտասարդները երկչոտ չեն, հանձնվող չեն: Մի տարի Վահանին Ազգային անվտանգություն էին կանչել, եւ տարեդարձիս օրը ոչ ոք չգիտեր՝ ինչու՛ եմ տխուր: Օրվա վերջին լավագույն նվերը նրա՝ այնտեղից ուղիղ մեր տուն գալը եղավ:

 Առաջին անգամ Վահանն ինձ տարավ Արամ Մանուկյանի շիրիմին այցի: Միասին սրբատեղի գնալու այդ այցը, Վահանի խոսքը տպավորել էր այնքան, որ ես Արամ Մանուկյանի մասին հիմա էլ լսելիս, թաքուն ու նվիրական այդ օրվա վերհուշն եմ ապրում, նաեւ՝ կարոտում այդ պայծառ օրերին:

Վահանի հայրը՝ իմ լուսահոգի դասախոս Ռաֆայել Իշխանյանը, երբեմն մտերմաբար հարցնում էր՝ «ճիշտն ասա, Վահանը ծխու՞մ է»: Ինքն էլ երեւի հաշտ էր իմ խաղի հետ. Խոսքը փոխում էի՝ հույժ կարեւոր մի հարց տալիս՝ փորձելով խույս տալ սուտ խոսելու կամ՝ ընկերոջս «մատնելու» երկընտրանքից: Կամ էլ՝ բողոքի իմ գիրքն էի բացում՝ էլի պայուսակս է խառնում՝ շոկոլադներս ինքն է ուտում:

Երկու ազնվական՝ Իշխանյան, Չերազ- Անդրեասյան ընտանիքներից սերող Վահանը համեստ էր շատ: Նրա անունն արդեն վրեժ էր եւ շքեղ նվեր, ժառանգություն, որին միշտ հավատարիմ մնաց:

Միշտ ըմբոստ, միշտ արդար, միշտ դժվար ճանապարհի ուղեկից:  Ուսուցիչ Վահանին աշակերտները սիրում էին, ազատ մարդ էր կրթում: Լրագրող Վահանին ընթերցողը գնահատում էր, թեեւ ոչ միշտ էր բավարար անկեղծություն ունենում, առերես գովեստ հնչեցնելու: Խմբագիր Վահանը լրագրողների շնորհալի անուններ է ի հայտ բերել, որ ապերախտ չեն՝ հիշում են իրենց բացահայտողին: Իր լուսաբանած թեմաները հաճախ վտանգավոր էին, բայց չէր խուսափում կարծիք հայտնել: Առավել ստույգ՝ Վահանը վախ չուներ: Ազատ մարդ էր, անկախ մարդ էր, ու ես կկարոտեմ նրա այդ հայացքին: Վահանը մտածել էր սովորեցնում:

Վահանը հայոց լեզվի բոլոր շերտերի կամուրջ էր: Իր խմբագրած «Ինքնագիր» հանդեսում արեւելահայ գիրը բարձրանում էր, արեւմտահայ գիրը բարձրանում էր, դասական ուղղագրությունը հարգանք ուներ, շքեղ, ճանաչված անունների կողքին նոր հեղինակներ էին բարձրանում: Ինքն էր բարձրացնում, ինքն էր թեւ տալիս, իր թեւերն էր տալիս, բայց դրա մասին լռում էր:

Ես կկարոտեմ քո շիփ-շիտակ գրին, քո հրապարակախոսությանը:

Քո նամակներն արդեն լավ պահված հուշ են, որտեղից վերջին տարիների մի տող վերնագիր դարձրի՝« կա մի ջերմություն, որ չի սառչում երբեք»:

 Ապրիլի 22-ին հեռավոր Մոնրեալի սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված հոգեհանգստյան կարգը, որին հետեւեցի առցանց, այնքան արցունք քամեց… իսկ դագաղդ տանող դիակառքի վրա քեզ ու քո անվանն արժանի անուն էր դրոշմված՝ Կոմիտաս: Դու էլ նրա նման տուն՝ Հայաստան կգաս: Ուրեմն՝ էլի ենք հանդիպելու:

Իմ, «Ազգ»ի խորին ցավակցությունները Բյուրակն Անդրեասյանին, Վարդուհի, Ավետիք, Բյուրակն, Հովհաննես, Շուշան Իշխանյաններին, Եվա Հակոբյանին, Վազգեն Մանուկյանին, Նունե Ղազախեցյանին, Վիոլետ Գրիգորյանին, Ռուզան Խաչատրյանին, ընտանիքի մյուս անդամներին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա