Թքելու ենթամշակույթը
Հաճախ ստիպված ես լինում շուրջդ տիրող իրավիճակի նկատմամբ վերաբերմունք դրսեւորել, եւ այդ վերաբերմունքը երբեմն դրսեւորում ես, կներեք արտահայտությանս համար՝ թքելու օգնությամբ: Եթե փողոցով անցնելիս քո մշակույթին չհամապատասխանող (մեղմ ասած) արարք ես նկատում, նվազագույնը անտարբերությամբ «թքում-անցնում» ես: Մի քիչ ավելի դժվար է, երբ զայրույթդ զսպում ես «թուքը կուլ տալով», իսկ ամենադժվարը՝ երբ «թուքումուր» տալու միջոցով զբաղվում ես դաստիարակչական աշխատանքով:
Թքի նշանակետը ճակատն է: Հակառակ դեպքում, ինչո՞ւ պիտի տիեզերական ողբի ու պայքարի երգիչ Սիամանթոն կրկներ ականատեսի ըմբոստաձայն հառաչանքը, թե՝ «ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ»: Կամ՝ ինչո՞ւ պիտի Մեծն Շիրազը Մասիսի աստվածամերձ գագաթից թշնամու ճակատին թքնելու անհագ ցանկություն ունենար:
Բոլոր դեպքերում, թքելը մեր վերաբերմունքի պարտադիր բաղադրիչն է: Եթե վիրավորական խոսքին արձագանքելու խնդիր ունես, ու չես ուզում տուրք տալ գռեհկաբանությանը, ընդամենն ասում ես՝ «թքած ունեմ»:
Հանձնարարված գործի նկատմամբ ոչ սրտացավ վերաբերմունք ունեցող մարդու աշխատանքը սովորաբար գնահատում ես «թքած-կպցրած գործ» որակումով: «Սեփական թուքը լիզելը» տղամարդկային արժանապատվությանը տեր չկանգնելու նշան ես համարում:
Ախորժագրգիռ ուտելիք տեսնելիս, պատկերավոր արտահայտությամբ հնչեցնում ես «թուքս գնաց» բառակապակցությունը:
Թուքը նաեւ ժամանակի միավոր է: Բարձր ամբիոնից ելույթ ունենալու սիրահար պատգամավորը խոսում է մինչեւ բերանի թուքը չորանալը: Դա նշանակում է հիմնական եւ հարակից զեկուցումների համար նախատեսված քսան րոպե՝ մինչեւ ժամկետի ավարտն ազդարարող երրորդ զանգը:
Դեպի վեր նետված թուքը, որ տիեզերական ձգողականության օրենքի պարտադրանքով բումերանգի նման ետ դառնալու հատկություն ունի, պարսկերենով կոչվում է tof-e sarbala, «գլուխն ի վեր թուք», որը թարգմանաբար հենց նշանակում է «բումերանգ»:
Թուքը նաեւ բարոմետր է մարդկանց պատկառանքի աստիճանը որոշելու համար: Եթե թեստավորվող անձը թուքը գարնանային անձրեւից չի տարբերում, ուրեմն նրա թեստի պատասխանը դրական է:
Իսկ մեր օրերում թուքն օգտագործվում է նաեւ իրականության նկատմամբ մարդկանց պատկերացումները փոխելու միջոց: Թե որքանով է այդ միջոցն արդարացված, ինքներդ դատեք:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ