Երեւանյան խճանկար
Քայլում եմ Երեւանի փողոցներով եւ իմ տեսադաշտում հայտնվող բազմակերպ մարդկանց փորձում եմ բացահայտել, հասկանալու նրանց ով լինելը՝ սոցիալական, ազգային, կրոնա-հոգեբանական, քաղաքական, լեզվական եւ մշակութային գծերը:
Երբ սլավոնական դիմագծերով օտարազգիներ եմ նկատում, մտածում եմ, որ նրանք կամ Ռուսաստանից են Հայաստան եկել, կամ՝ Ուկրաինայից: Եթե «կասկածյալը» մեղապարտի ու ապաշխարողի տպավորություն է թողնում, ուրեմն ռուս է, իսկ եթե հալածյալի ու բռնության ենթարկվածի կերպարանք ունի՝ ուկրաինացի: Եթե ամոթխածության բեռի տակ կքած ռուսն ուսապարկ է կրում, նշանակում է նա կարճ ժամանակով է Երեւան եկել, ու բնակվում է ուր պատահի՝ ամեն վայրկյան Հայաստանը լքելու մտադրությամբ: Եթե ռուս ներգաղթյալները զույգերով ու առանց ուսապարկերի են քայլում, նշանակում է՝ նրանք վերադառնալու մասին առայժմ չեն էլ մտածում: Վերադարձի միտքը հեռու է նաեւ այն ռուսներից, որոնք ուսապարկ չունեն ու իրենց ընտանի կենդանիներով են Հայաստան տեղափոխվել:
Հարավային Ասիայից Երեւան ներգաղթած այլազգիների ծագումնաբանությունը բացահայտելու եւ նրանց սոցիալական առանձնահատկությունների մասին գուշակություններ անելու գործն էլ դժվար չէ: Եթե «սուբյեկտը» թուխ մաշկ ունի, ուրեմն հնդիկ է: Նրա պակիստանցի լինելու հավանականությունն այնքան է, որքան մութ սենյակում թուխ կատու հայտնաբերելու շանսը: Եթե թուխ մաշկով հարավասիացի հնդիկի վրայից սուր համեմունքի հոտ էլ փչի, ուրեմն նա զտարյուն հնդիկ է:
Ավելի հեշտ եմ տարբերակում սուպերմարկետների ալկոհոլային խմիչքների ցուցափեղկերի ֆոնին սելֆի անող իրանցիներին: Նույնիսկ կարող եմ նրանց արտաքին տեսքից ու քայլվածքից հոգեվերլուծական բացահայտումներ անել:
Երեւանի փողոցներում շքերթի դուրս եկած մյուս մարդիկ հայեր են՝ հայրենաբնակ եւ սփյուռքահայ: Մտահոգ հայացքները դեպի անորոշություն սեւեռած հայերին անմիջապես կճանաչեք: Նրանց տարբերակելու գործն այնքան հեշտ է, որքան՝ մի բաժակ գարեջուր խմելը:
Սփյուռքահայերի ծագման երկրի մասին գուշակություններ անելը մի քիչ դժվար է, բայց ոչ անհնարին: Եթե երեւանյան փողոցներում «ՄԱՐՏԱԿԱՆ» հանդերձանքով հայ ես տեսնում, ուրեմն իրանահայի հետ գործ ունես: Չէ՞ որ նրանք, օգտվելով իրանական ամանորի՝ Նովրուզի արձակուրդներից, սովորաբար ՄԱՐՏ ամսին են Հայաստան գալիս:
Լոսահայերին կարող եք տեսնել հուլիսին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի անցկացման օրերին, բայց ո՛չ նրա համար, որ գալիս են փառատոնին մասնակցելու, այլ՝ արեւահամ ծիրանը վայելելու:
Երեւանի բրենդային հյուրանոցների բացօթյա սրճարանների հարմարավետ անկյուններում «գավաթ մը սուրճ» վայելողներն էլ, կարող եք չկասկածել, Եվրոպայից ժամանած սփյուռքահայեր են:
Եւ վերջապես, երեւանյան խճանկարը լրացնում են հայրենաբնակ հայերը, որոնց կարելի է տեսնել թե՛ ձմռան ցուրտ ու ամռան տապ օրերին, թե՛ բրենդային հյուրանոցների բացօթյա սրճարաններում սփյուռքահայ քույր ու եղբայրների հետ նստոտած, թե՛ ծիրանի չիր ու մուրաբա պատրաստելիս, եւ թե՛ մտահոգ հայացքով դեպի անորոշ ապագա նայելիս…:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ