Իմաստաբանական բառարան

24

Զարկ տանք ազգայինին

Մասնագետների կարծիքով, գոյություն ունեն դեմքի 7 ունիվերսալ արտահայտություններ, որոնք որեւէ ազգի, սեռի, ռասայի ու տարիքի ներկայացուցչի դեմքին արտահայտվում են նույն կերպ: Այդ զգացողություններն են՝ զայրույթը, զարմանքը, վախը, տխրությունը, զզվանքը, արհամարհանքը եւ ուրախությունը:

Սակայն այս դասակարգումը  բնավ էլ կապ չունի հայերի հետ, քանի որ մեզ մոտ, բացի վերը նշվածից, գոյություն ունեն նաեւ դեմքի արտահայտության «ազգային» առանձնահատուկ ձեւերը: Դրանք են՝

1-մուննաթ դեմք,

2-նամռոտ դեմք:

Դժվար չէ կռահել, որ ՄՈՒՆՆԱԹԸ, որոշակի շեղումներով ու իմաստային փոփոխություններով, արաբերենից, սակայն թուրքերենի միջնորդությամբ է մուտք գործել հայերենի մեջ եւ ստացել, եթե չասենք համահայկական, ապա գոնե՝ «համակենցաղային» նշանակություն:

Հայերի մոտ Արեւելքից փոխանցված դեմքի մյուս արտահայտությունը ՆԱՄՌՈՏ կամ ՆԱՄՌՈՒԹ դեմքն է, որի ուղղագրության հարցում առկա է տարակարծություն: Դեմքի նման արտահայտության ընկալումն օտարների համար նույնքան դժվար է, որքան մուննաթինը: (Օրինակ, օտարին փորձեք բացատրել, թե ինչ է նշանակում «փողին մուննաթ» կամ «կատաղած ու նամռոտ ազգ» բառակապակցությունները: Հաստատ ձեզ չի հաջողվի):

Նամռոտ կամ նամռութ բառն էլ, ըստ ամենայնի, ծագում է եբրայերեն անձնանունից, որն արաբերենում եւ պարսկերենում դարձել է  namrut: (Հայ մատենագրության մեջ ներկայացված է «Նեբրովթ» կամ «Նեբրով» անվանումներով): Անտիկ դարաշրջանին պատկանող այս անձնավորությունը, որին վերագրվում է Բաբելոնի աշտարակաշինությունն ու հրեաների առաջնորդ Աբրահամին հրկիզելու ձախողված փորձը, եղել է չարության ու դաժանության խորհրդանիշ:

Ըստ երեւույթին, ժողովրդական ստուգաբանությունը «Նամռոտ» կամ «նամռութ» բառերը «հայկականացնելու» մտադրությունից ելնելով, դրանց կազմության մեջ սխալմամբ նկատել է /-ոտ/ վերջածանցն ու /-մռութ/ բաղադրիչը:

Կարծում եմ, շատ տեղին կլիներ, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում հայկական ՄՈՒՆՆԱԹ-ն ու ՆԱՄՌՈՏ-ը ներառելու հարցում առաջարկությամբ հանդես գայինք: Չէ՞ որ դրանք հայոց կենցաղում մեր ազգին բնորոշ հույզերն արտահայտելու անփոխարինելի միջոցներից են:

Համոզված եմ՝ խոսքիս ընդամենը կեսն եք լուրջ ընդունել, իսկ մնացած կեսն էլ՝ մասնակիորեն ու վերապահությամբ, եւ շատ ճիշտ եք վարվել:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ