Թերեզա Միրզոյանի հետահայաց ցուցահանդեսը

134
Exif_JPEG_420

Այնպես է ստացվել, որ քանդակագործուհի Թերեզա Միրզոյանի անունը պակաս հայտնի է մեր հանրությանը, քան նրա՝ հանրապետության տարբեր քաղաքներում տեղադրված աշխատանքները՝ «Սիրում է, չի սիրում» քանդակը եւ Հունան Ավետիսյանի կիսանդրին Երեւանում, «Ջուլհակուհի» մոնումենտալ քանդակը Գյումրիում, «Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար ընկած մարտիկներին» 12 մետրանոց հուշարձանը (Կ. Մեծատուրյանի եւ Գ. Ահարոնյանի հետ)՝ Սիսիանում: Միրզոյանի փոքրածավալ գործերից լայն ճանաչում է ստացել բալետի պարուհու ֆիգուրը («Սիլվա Մինասյան», 1956), որը խորհրդային տարիներին զանգվածային արտադրության էր դրվել Երեւանի հախճապակու գործարանում:

Թերեզա Միրզոյանի դիմանկարը, գործ՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի (1948 թ.):

Թերեզա Միրզոյանի 1967 թ. ստեղծած «Սիրում է, չի սիրում» քանդակը, որ երկար տարիներ զարդարում էր Աբովյան-Թումանյան խաչմերուկը, 1990-ականների սկզբին վանդալիզմի զոհ դարձավ: Միայն 2012 թ. քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի մասնակցությամբ ձուլվեց քնարական նուրբ տրամադրություն կրող գործի նոր տարբերակը ու տեղադրվեց Աբովյան փողոցում: Ցավոք, Միրզոյանի՝ հրապարակային վայրերում գտնվող այլ գործեր եւս վանդալիզմի են ենթարկվել. գողացել են Մխիթար Հերացու բրոնզե կիսանդրին, Չարենցավան քաղաքի մուտքի հուշակոթողը, վնասված է «Ջուլհակուհին»…

Exif_JPEG_420

«Թերեզա Միրզոյան-100» հետահայաց ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հնարավորություն է տալիս ծանոթանալու քանդակագործուհու աշխատանքներին՝ իրենց բնօրինակ, անխաթար տեսքով: Ներկայացված հավաքածուի հիմնական մասը Միրզոյանի ընտանիքի սեփականությունն է. այն ներառում է Միրզոյանի՝ 1950-ականներից մինչեւ 2000-ականները ամենաբազմազան նյութերից արված աշխատանքները՝ կավ, գիպս, տուֆ, բազալտ, մարմար, ճենապակի, փայտ, բրոնզ, ալյումին եւ այլն: Դրանց բնորոշ են ոճական առանձնահատուկ ազգային մտածելակերպը, ավանդական եւ ժամանակակից մոտեցումների եւ ձեւերի զուգահեռ կիրառումը, կերպարային ընդհանրացումները:

Exif_JPEG_420

Ցուցահանդեսի գոհարներից է «Սիրում է, չի սիրում» քանդակի ավելի ուշ՝ 2002 թ. հրակավով արված տարբերակը. առավել ազատ կերպավորումը լրացուցիչ եթերայնություն, գեղագիտական հմայք է հաղորդում գործին: Յուրահատուկ մեկնաբանությամբ է արված «Մայր Հայաստան» փայտե քանդակը (1982), որտեղ մայրության խորհրդանիշը հարստացված է զավակի եւ մայր բնության ներկայությամբ: Թերեւս իր նախաուսուցիչ Ռոդենի (քանդակագործության ոլորտում տարածված երեւույթ է ժառանգորդությունը. այսպես, Միրզոյանը ժամանակակից վրացական քանդակագործության հիմնադիր Յակոբ Նիկոլաձեի աշակերտուհին էր, իսկ Նիկոլաձեն իր հերթին՝ Ռոդենի) հայտնի գործին հարձագանք է ստեղծվել «Մտածող կինը» (2001) քանդակը. ուշագրավ է, որ կյանքի վերջին տասնամյակներին, արդեն ազատ խորհրդային գաղափարախոսության կապանքներից, քանդակագործուհին հաճախ իր աշխատանքներում կիրառում է ոճաձեւային նորարարական լուծումներ՝ առավել դինամիկ, զերծ ռեալիստական արվեստի պայմանականություններից:

Խորհրդային տարիների նրա գործերից առանձնանում են բավական լայն թեմատիկ դիապազոնի, խորը կենսասիրությամբ ներշնչված մոդեռնիստական ստեղծագործությունները: Ազգային մոդեռնիզմի հաջողված օրինակ է «Թռիչքը» (1963): Եթե «Կժով աղջիկը» (1962) աղերսներ ունի գյուրջյանական ոճի հետ, ապա «Վերածնված Հայաստան» հուշարձանի մոդելում (1978) նկատելի են քոչարական տարրեր:

Կերտված մարմինները սլացիկ են եւ հաճախ՝ ստատիկ: Գերակշռում են ողջ բովանդակությամբ հայեցի, ազգային խառնվածքն ու աշխարհընկալումն արտահայտող գործերը («Զինվորի մայրը», 1985; «Սպասում», 1999), երբեմն՝ անսպասելի լուծումներով, ինչպես «Օրորոցայինը» (1999):

Փոքրածավալ պլաստիկ գործերն ավելի հարմոնիկ են եւ նուրբ, քան հաստոցային քանդակները. այս օրինաչափությունն են հաստատում Միրզոյանի երկու «Պիետաները»՝ փոքրածավալը (1993) եւ միջին չափերինը (1977): Հատկանշական է, որ եթե փոքրածավալ գործերը վերժամանակյա են, ապա մոնումենտալ աշխատանքները կրում են իրենց ժամանակաշրջանի դրոշմը (հայտնի է, որ մոնումենտալ հուշարձանների տեղադրումը որոշակի զիջումներ է ենթադրում պետական կամ հանրային մարմիններին):

Միրզոյանի կերտած կերպարներն աբստրակտ են, երբեմն՝ դեկորատիվ հնչողությամբ, քիչ են հանդիպում կոնկրետ անձնավորությունների քանդակներ (այդ բացառություններից է Ազգային պատկերասրահում պահվող բրոնզե «Պարող հայուհին» (1953), որի համար բնորդ է հանդիսացել «Ղարաբաղա նախշուն բաջի» Արեւ Բաղդասարյանը): Քանդակագործուհին նախընտրել է կերտել երեւակայական արարածներ կամ ընդհանրացված կերպարներ, ինչը նրա ստեղծագործական մոտեցման հիմքն է: Տպավորություն է ստեղծվում, որ քանդակներն արված են ոչ թե բնորդներից, այլ դրանք ավելի քանդակագործուհու ներաշխարհի ծնունդն են: Միրզոյանը հաճախ է անդրադարձել սիրո, պատանեկության, մայրության, ողբի թեմաներին:

Ցուցադրությունում մեկ ամբողջական պատ նվիրված է այլ արվեստագետների կողմից արված Միրզոյանի դիմանկարներին: Կուզեի առանձնացնել կնամեծար Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի հրաշալի գծանկարը, որին հաջողվել է որսալ երիտասարդ Թերեզա Միրզոյանի արտաքին եւ ներքին ամենագրավիչ հատկանիշերն ու ստեղծել մի հիրավի ուշագրավ գործ:

Թերեզա Միրզոյանը (Միրզոեւա) ծնվել է 1922 թ. ներկայիս Վանաձորում: 1939 թվականին ավարտել Է Թբիլիսիի Անդրկովկասյան ճարտարապետության ուսումնարանը, 1946-ին՝ գեղարվեստի ակադեմիան: 1946-1947 թթ. կատարելագործվել է Մոսկվայում՝ Վերա Մուխինայի եւ Նիկոլայ Տոմսկու մոտ: Դրանից հետո Երեւանի գեղարվեստական ինստիտուտի ռեկտոր Արա Սարգսյանը գնացքում պատահաբար հանդիպել է Միզոյանին եւ առաջարկել դասավանդել նորաբաց ինստիտուտում: 1947 թ. Միրզոյանը մանկավարժական աշխատանքի է անցել Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1975-2000 թթ.` քանդակագործության ամբիոնի վարիչ) եւ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1949-ից մասնակցել է հանրապետական, միութենական եւ միջազգային ցուցահանդեսների, արժանացել կոչումների եւ պարգեւների: Եղել է բազում անվանի քանդակագործների (Բենիկ Պետրոսյան, Գետիկ Բաղդասարյան, Զավեն Կոշտոյան եւ այլն) ուսուցիչը:

Դստեր՝ գեղանկարիչ Անուշ Առաքելյանի հետ Միրզոյանը 2004 թ. ԱՄՆ-ում բաց է արել «Հրեշտակների վերադարձը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված գործերը ստեղծել էր տեղում՝ ընդամենը երեք ամսում: Քանդակագործուհին կյանքից հեռացել է 2016 թ. օգոստոսի 7-ին:

Բացի Հայաստանից, Միրզոյանի մոնումենտալ քանդակները տեղադրված են Ռուսաստանի եւ Ղազախստանի տարբեր քաղաքներում, իսկ մանրաքանդակներն ընդգրկված են պետական եւ մասնավոր հավաքածուներում:

Յուրաքանչյուր երկիր կարող է հպարտանալ այսպիսի ուրույն ձեռագիր ունեցող, ստեղծագործական բովանդակալից աշխարհ կերտած արվեստագետով, որի գործերը արժանի են ներկայացվելու մշակույթի համաշխարհային կենտրոններում:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ