Ադրբեջանում արահերթ նախագահական ընտրութուններ անցականելն անակնկալի է բերել ամբողջ հասարակությանը՝ լրատվադաշտին, քաղաքական գործիչներին եւ հասարակ քաղաքացիներին: Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանն չի բացառում, որ արտահերթ ընտրություն անցկացնելը կարող է կապված լինել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի՝ դեկտեմբերի 5-ին Բաքու կատարած այցով: «Ազգ»-ի հետ զրույցում Հայրապետյանն ասում է՝ Միացյալ Նահանգները մեծ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որ Հայաստանի հետ ստորագրի «խաղաղության պայմանագիրը»: Այնինչ Ալիեւը, թեեւ Արցախյան հարցում հասել է իր համար ցանկալի լուծմանը, այս փուլում այդ պայմանագիրը ստորագրել չի ցանկանում. բոլորն էլ քաջ գիտակցում են՝ Բաքվի ախորժակը շատ ավելին է:
«Ընտրությունների գնալու հրատապությունը բացատրվում է նաեւ Ռուսաստանի գործոնով: Բաքուն պետք է իր «շնորհակալությունը» հայտնի Մոսկվային, որ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ հանգիստ մի կողմ քաշվեց ու աչք փակեց տեղի ունեցածի վրա: Դրա գինն էլ գուցե այն է, որ Բաքուն արեւմտյան ձեւաչափով որեւէ թուղթ ստորագրելու ցանկություն չունի:
Պատճառներից մեկն էլ այն է, որ ընտրություններն առաջին անգամ անց են կացվելու նաեւ Արցախում, ինչը նշանակում է Արցախի նկատմամբ իրավարարության ակտ սահմանել»,- նշում է նախկին պատգամավորը:
Նա նաեւ չի բացառում, որ Ադրբեջանում ներքաղաքական ինչ-ինչ խմորումներ կան, ու Ալիեւն, արտահերթ ընտրության գնալով՝ դա կանխելու նախահարձակ ու կանխարգելիչ քայլ է անում: Չնայած, որ հասանելի ու տեղեկատվությամբ՝ տեսանելի նման գործընթացներ չկան: «Գուցե սեփական ժողովորդին ավելի ժողովրդավար ու լեգիտիմ երեւալու համար է որոշել վերընտրվել ու ամրապնդել դիրքերը: Դա էլ կարող է լինել, եւ ասեմ, որ չնայած իր բռնապետական վարքի՝ ադրբեջանական հասարակությունը նրան քվե կտա, քանի որ տասնամյակներ ի վեր հայերի հանդեպ ատելություն սերմանելուց հետո իր ժողովրդին ցույց է տվել, որ վրեժ է լուծել ու հաղթանակ տարել: Իսկ ագրեսիվ այդ քարոզչությունը երկրի ներսում մեծ աջակություն ունի»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
Հայրապետյանի համոզմամբ՝ Բաքվի բռնապետը ցանկանում է նաեւ լեգիտիմացնել ուժի կիրառումը, եւ պատահական չէ, որ արտահերթ ընտրություների գնալու հայտարարությունից մեկ օր առաջ Ալիեւը հայտարարեց, թե առկա խնդիրները պետք է լուծվեն ռազմական ճանապարհգով: Այսինքն ուզում է ցույց տալ՝ այդ ճանապարհին մենակ չէ, ադրբեջանցի ժողովուրդն աջակցում է իրեն ու իր գաղափարները: «Ալիեւը, ագրեսիաների համար բաց դուռ թողնելով ու արտահերթ ընտրությունների գնալով, ժամանակ է շահում «խաղաղության պայմանագիրը» չստորագրելու համար: Այսօր միջազգային դերակատարներին կարող է ասել՝ հիմա ընտրություններով եմ զբաղված, չեմ կարող ստորագրել, դրա ժամանակը չունեմ: Դրան էլ կհաջորդի Միացյալ Նահանգներում նախանշված ընտրությունները, ու ԱՄՆ-ն գուցե ականջի հետեւ գցի Հայաստանի ու Ադրբեջանի մեջ խաղաղություն հաստատելու գործընթացը:
Իմ կանխատեսումն այն է, որ Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններից հետո Բաքուն է՛լ ավելի է ագրեսիվանալու, եւ ես մնում են այն համոզմանը, որ Ադրբեջանն առաջիկայում որեւէ փաստաթուղթ չի ստորագրելու: Եվ ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունն այդ «խաղաղությանը» հասնելու համար արդեն իսկ անդառնալի զիջումներ է արել»,- «Ազգ»-ի հետ զրույցն ամփոփում է ադրբեջանագետը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ