Որեւէ տեսակի ընտրությունների կարեւոր ու անբաժան մասնակիցները մանկավարժներն են: Նախկին՝ հանրապետականների իշխանություններին փնովող, վարչական ռեսուրսներն ընտրությունների ժամանակ ի շահ իրենց բանեցնող ներկա իշխանություններն այժմ ճիշտեւճիշտ նույնկերպ կրկնօրինակում են «հներին»: Բացառություն չէ նաեւ ուսուցիչների ու մանկապարտեզի դաստիարակներին՝ ընտրութունների կարեւոր «ատրիբուտ» դարձնելու հանգամանքը, որ երբեմն սեփական կամքին հակառակ՝ հայտնվում են քարոզչության կիզակետում: Իհարկե, կան նաեւ այնպիսները, որ իշխանությունների նախընտրական ծրագրերը լսում ու դրանց արձագանքում են սիրահոժար, գոհունակ ժպիտով:
Իշխանության քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ նուբարաշենյան հանդիպմանն, օրինակ, մանկապարտեզի դաստիարակներն էին մասնակցում: Լայն ժպիտով՝ նրանք խնդրում էին պարոն փոխքաղաքապետին՝ մյուս մանկավարժների նման իրենց նույնպես սոցփաթեփներից օգտվելու հնարավորություն տալ:
Կընդառաջի՞ նրանց, թե՞ ոչ՝ քաղաքապետ դառնալու բուռն ցանկություն ունեցող Ավինյանը, ժամանակը ցույց կտա (եթե վերջինիս հաջողվի հասնել իր մուրազին): Ժամանակը սակայն, ցավոք, կարծես չի «բուժի» մանկավարժների՝ բոլոր տեսակի իշխանություններին ժպտալու «հիվանդությունը»:
Այսօր սեպտեմբերի մեկն է, հուսով ու ակնկալիքով դիմում եմ հանրակրթական ու արվեստի դպրոցների ուսուցիչներին, նախակրթարանների դաստիարակներին՝ զբաղվել միայնումիայն երեխաների դաստիարակությամբ եւ կրթությամբ, չժպտալ ու անգամ քմծիծաղ չտալ որեւէ ուժի ներկայացուցչի: Իհարկե, բոլորն էլ կարող են քաղաքական դիրքորոշում ու համակրանք ունենալ, բայց երեխաների հետ աշխատող, նրանց որպես քաղաքացի ու մարդ դաստիարակող մարդը պետք է հիշի, որ աշակերտն ու սանը որպես օրինակ նախեւառաջ իրեն է ընդունում, շրջապատող աշխարհն ու երեւույթները չափում ուսուցչի վարքուբարքով:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ