Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եվ անձկայրեաց ի քեզ յուսամ, Հայաստա՛ն». Աննա Մայիլյանի դասարանը ներկայանում է հայրենիքին նվիրումներով

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի եւ իր սաների՝ օրերս կայացած համերգին կատարվեցին բացառապես հայրենասիրական երգեր՝ ճաշակով ընտրված, տրամաբանական զարգացմամբ, Հայաստանին ու հայոց ոգուն նվիրումներով՝ այնքա՜ն կարեւոր այսօրվա, վաղվա, բոլոր ժամանակների համար… Հատուկ այս համերգի համար արված գործիքավորումների հեղինակներն էին Երվանդ Երկանյանը, Սեդրակ Երկանյանը, Կարեն Անանյանը եւ Ռուբեն Ասատրյանը:

«Հայրենիքիս» խորագիրն ուներ Աննա Մայիլյանի եւ իր սաների համերգը: Նրանում դաշնակահար Էլեն Կիրակոսյանի նվագակցությամբ հնչեցին Տ. Չուխաջյանի, Կոմիտասի, Էդ. Միրզոյանի, Ալ. Հարությունյանի, Էդ. Աբրահամյանի, Էդ. Հովհաննիսյանի, Գ. Չթչjանի, Վ. Մանուկյանի, Կ. Պետրոսյանի, Վլ. Բալյանի, Հ. Գրիգորյանի երգերը՝ բացառապես հայրենիքի սիրուն, հայոց պատմության հերոսական էջերին, մայրենի լեզվին, հայրենի բնությանն ընծայումներ, բանաստեղծական անկեղծ, սրտամուխ տողերի, աղոթքների վրա հյուսված մեղեդիներ, որոնք, ասես, բխում էին հանդիսականների սրտերից, ասես, նոր էին գրվում եւ առաջին անգամ հնչում, թեեւ շատերը հանրահայտ են, բազմիցս՝ երգված եւ սիրված՝ մի քանի սերունդների կողմից…

«Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,

Սարերըդ կորած երկնի մովի մեջ.

Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,

Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ…»:

Ավ.Իսահակյանի խոսքերով Էդ. Աբրահամյանի երգը, որ հայկական լեռնաշխարհի բնության սքանչելիության պատկերի կողքին ավելի է ընդգծում հայոց ազգի տառապալից ընթացքը, առանձին հույզով է հնչում մեր օրերում, քանի որ երգի բառերը գրելուց համարյա հարյուր տարի անց դարձյալ հայ կյանքի իրական պատկերի նկարագրությունն է: Նույնը՝ Հովհ. Թումանյանի «Հայոց վիշտը»՝ եղանակավորած Էդ. Հովհաննիսյանի կողմից. «Հայոց վիշտը՝ // Անհուն մի ծով, // Խավար մի ծով ահագին, // Էն սեւ ծովում տառապելով, // Լող է տալիս իմ հոգին»: Բայց միայն վշտի մասին չէին համերգային երեկոյին հնչած երգերը. Մ. Պեշիկթաշլյանի, Հ. Հովհաննիսյանի, Գ. Դոդոխյանի, Գ. Էմինի, Ն. Մեզպուրյանի, Ս. Ֆելեկյանի, Ա. Վշտունու, Գ. Բորյանի, Ա. Գրաշու, Հ. Հովեյանի, Ներսես արք. Պոզապալյանի, այլոց բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը լույս ապագայի եւ հաղթության հանդեպ հավատի, պանդխտությունից հայրենի տուն վերադարձի ըղձանքի, հայրենիքի զինյալների կորովի եւ քաջության մասին էին:

Համերգային երեկոյի երկրորդ բաժնում, որ անցավ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի նվագակցությամբ, Աննա Մայիլյանը դարձյալ ներկայացրեց հայրենիքին նվիրումների չխամրող փայլը. Հայաստանին եւ հայ զինվորյալներին ձոներ, աղոթակիր մրմունջներ՝ սկսյալ կոմիտասյան «Հայաստան» հիմներգից, Ալ. Դոլուխանյանի անուշահունչ «Ծիծեռնակից» մինչեւ Ա. Տերտերանի «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ շարք եւ Ե. Երկանյանի «Իրիկնային ղողանջ», Վ. Սրվանձտյանի «Պճինկոն» եւ Կ. Անանյանի «Զիվորի երգը»:

Մեներգերով, երկուական, եռյակ, վեցնյակ, յոթնյակ կազմերով հանդես եկան Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի ուսանողներ եւ շրջանավարտներ Լուիզա Երեմյանը, Անահիտ Գաբրիելյանը, Նարեկ Առուշանյանը, Մարիա Դավթյանը, Քրիստինա Գրիգորյանը, Միլենա Բեգլարյանը, Գայանե Բաղդասարյանը, Մարգարիտա Օքրոյանը, Լիանա Սիմոնյանը, Աննա Գաբրիելյանը: Իր սաների հետ եւ մեներգերով բեմ ելավ նաեւ Աննա Մայիլյանը, որի կազմած ծրագիրը խոսում է իր քաղաքացիական դիրքորոշման, նաեւ հայրենանվիրության ոգով իրեն վստահված եւ իրեն վստահող սաներին դաստիարակություն տալու մասին:

Երդմնակալության պես հերթական անգամ բեմից հնչեց Կոմիտասի «Հայաստան»-ը.

«Ի վեհ անուն սիրտ իմ, ո՛հ յոյժ

Ոգեւորի ի նոր խրախոյս,

Եւ անձկայրեաց ի քեզ յուսամ,

Ի քեզ, ի քեզ, յոյս իմ միայն,

Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն»:

«Ականատես եմ հայրենիքի եւ մեր արվեստի հանդեպ քո նվիրվածությանը: Էդ. Միրզոյանը վաղուց է ինձ պատմել քո նվիրման մասին, եւ դու կատարում ես քո խոստումները: Մեր ազգը դարեդար շնորհակալությամբ է վերաբերվել բոլոր նրանց, ովքեր գիտեն, որ հայրենիքը երազանք չէ, այլ սերնդեսերունդ հավաքված բոլոր տաղանդների հանրագումար»,- այս խոսքերով է այս համերգի առիթով Ա. Մայիլյանին դիմել Ֆրանսայում ապրող եւ ստեղծագործող հանրահայտ դաշնակահար եւ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը: «Մշակույթը սերունդները կապող կարեւոր կամուրջ է, որ պետք է պահպանել,- սա Ա. Մայլիյանի գրավոր մտորումն է համերգից հետո:- Հետաքրքրական է, որ բեմում գտնվելով՝ մտքով գնում էի դեպի անցյալ: Կարծես զգում էի իմ բոլոր սիրելի մարդկանց ներկայությունը, որոնք արդեն չկան կամ օտար երկրներում են: Զգացումները տարբեր էին, բայց մի զգացմունք կար, որ ինձ եւ իմ ուսանողներին, նաեւ նվագախմբին դուրս էր հանում համերգային տրամադրությունից: Դա վիրավոր հայրենիքի հանդեպ մեծ սերն է եւ պայքարը, որ մեր հոգում է»:

Չնայած համերգային ծրագրի բավական ծանրաբեռնվածությանը, հանդիսականը չձանձրացավ, չհոգնեց՝ շնորհիվ դրա՝ յուրօրինակ ներկայացում հիշեցնող կառույցի, սահուն եւ անընդմեջ ընթացքի: Եվ մի հանգամանք, որի մասին հատուկ կուզեի խոսել: Բացահայտորեն երեւում էր բանաստեղծական խոսքի հանդեպ հարգալից, նրբանկատ վերաբերմունքը: Ոչ մի բառ, ոչ մի արտահայտություն անհասկանալի չէր. բոլոր կատարողների երգեցողությունը կգնահատեի՝ իբրեւ բանաստեղծությունների երգեցիկ ընթերցումներ, եւ սրանով էր նաեւ պայմանավորված հանդիսականի վրա ազդեցության մեծ ուժը: Դա Աննա Մայիլյանի ուսուցման շնորհիվ է, իր «դպրոցի» ճանաչելի կնիքը: Ունկնդրին ներկայանալ ոչ միայն ձայնի որակների ցուցադրությամբ եւ երգչական հմտությամբ, այլ նաեւ տեղ հասցնել խոսքերի հեղինակների միտքը, հույզն ու ապրումը:

Այս համերգն ինքնըստինքյան դաստիարակության մի կառուցիկ արար էր՝ ուղղված մերօրյա ունկնդրին, եւ հավաստում, որ անկախ բոլոր վայրիվերումներից, աշխարհաքաղաքական ցնցումներից, հանրային կյանքը կազմակերպելու կասկածելի վերաձեւակերպումներից, «Հայրենիք» հասկացությունն անդրժելի է, հանուն նրա անձնուրացությունը՝ հերոսություն, ոգեղենությունը նույնքան կարեւոր, որքան հացը մեր հանապազօրյա…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի լուսանկարի պատմություն

Հաջորդ գրառումը

Բրյուսելը ոչ միայն քաղաքական հարթակ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Բրյուսելը ոչ միայն քաղաքական հարթակ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական