Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանը մեծ աշխատանք է կատարում նաեւ իր գիտելիքները երիտասարդ սերնդին մատուցելու, բարձրորակ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Վերջերս պրոֆեսոր Ս.Պապիկյանի ջանքերով «Երեւանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում» մասնագիտության 2-րդ եւ 3-րդ կուրսերի ուսանողների հերթական դասը տեղի ունեցավ «Սոլարոն» ընկերությունում: Ուսանողները ծանոթացան արեւային վահանակների տարբեր տեսակների հետ:
Հնարավորություն ունեցան մանրակրկիտ ուսումնասիրել արեւային սարքերի նորարարությունները, բարձրացնել իրենց գիտելիքներն այս ոլորտում:
-Հարկ է նշել, որ ներկայում արեւային տեխնոլոգիաները զարգանում են օրեցօր: Նոր տեխնոլոգիաներին ծանոթանալը հնարավորություն կտա ուսանողներին առաջ նայել եւ իրենց գիտելիքները օգտագործել արդյունավետ ձեւով: Անտարակույս, դասավանդման այս ձեւը հնարավորություն է տալիս մոտեցնել կրթությունը արտադրությանը, պատրաստել մեր երկրի համար լավագույն մասնագիտական կադրեր,- ասում է Ս. Պապիկյանը:
Անհրաժեշտ է պետական մակարդակով խրախուսել հատկապես փորձառու գիտնականների մուտքն ուսումնական հաստատություններ` բուհեր եւ քոլեջներ, ինչը հնարավորություն կտա լուծել նմանատիպ բազմաթիվ հարցեր: