Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Ինչե՜ր ենք քաշել այս կյանքում

Հայերեն «ՔԱՇԵԼ» բայը որքա՜ն ՔԱՇԵՍ, ՔԱՇՔՇԵՍ, էլի ձգվելու տեղ ունի:

* Կարող ես ընտրությունների գնաս ու  քո ՔԱՇԱԾ ընտրաթերթիկով  ուզածդ  թեկնածուին ընտրես, եւ հետո, ամբողջ կյանքդ ՔԱՇՎԵՍ:

* Որպես ղեկավար կարող ես դաստիարակչական մղումներով   պատգամավորի  ականջը ՔԱՇԵԼ, բայց  մանդատից զրկել չես կարող:  

* Կարող ես քո  ՔԱՇՈՎ մեկ ոսկի դնել, բայց դրանից քաղաքական ՔԱՇԴ կամ կշիռդ բարձրացնել չես կարող:

* Փչանալու դեպքում կարող ես ատամդ ՔԱՇԵԼ ու  տեղը նոր ատամ դնել, բայց խելքդ՝ ոչ:

* Կարող ես ղալամով ՔԱՇԱԾ յարիդ պատկերը պատին փակցնես ու հիանաս, բայց եթե  Սրբի    նկարն ես փակցնում,  կասեն հաստատ արդարադատության նախարար է ուզում դառնալ:

* Երբ տեսնում ես իրար վրա շիշ են շպրտում ու դու խորհրդարանում ես, մի կողմ ՔԱՇՎԻՐ, որ  շիշը գլխիդ չդիպչի:

* Եթե ուզում ես պարտադիր մի բան ՔԱՇԱԾ լինես, ավելի լավ է հոնի արաղ ՔԱՇԵՍ: Հոգոց ՔԱՇԵԼՈՒ առիթներ  միշտ էլ կլինեն:

* Եթե ցանկանում ես քաղաքական գործիչներից  մեկին նմանվես, ապա ավելի լավ է գաղափարական հորդ  ՔԱՇԵՍ:

* Եթե համոզվում  ես, որ  քաղաքականությամբ զբաղվելը քո բանը  չէ, ավելի լավ է դրանից ձեռք ՔԱՇԵՍ:   

Ի դեպ, Հր. Աճառյանի կարծիքով, հայերը  «կշռելու»  փոխարեն   «ՔԱՇԵԼ» բայն են օգտագործում, զուտ այն բանի համար, որ   ըղձական եղանակով «կշռել» բայը խոնարհվելուց անվայել տեսք է ընդունում: Դե, խոսքս անալիզի համար «կենարար հեղուկ» ստանալու  մասին է:

Թեեւ իրանցիներն էլ են  «կշռելը» փոխարինում  «ՔԱՇԵԼ» բայով: Բայց պարսկերենում  անալիզի հետ կապված նման մտահոգություններ  չկան:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ