Հատկապես հիվանդանոցների մերձակայքում
Պալատի արժեքը մեկ օրվա համար 25 հազար դրամ, բուժման համար անհրաժեշտ դեղորայքի արժեքը՝ մոտ 10-15 հազար դրամ, իսկ սնվելու համար դրամապանակը ընկճախտ է ապրում:
Երեւանյան բժշկական կենտրոնների հարակից տարածքներում գործող մթերային խանութներում գնային քաղաքականությունն անվերահսկելի է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող մթերային խանութի գները, եթե համեմատենք երեւանյան սուպերմարկետների հետ, ապա նկատելի կլինի գնային մեծ տարբերությունը: Օրինակ՝ «7 դեյս» կրուասանը, եթե սուպերմարկետներում գինը տատանվում է 800-900 դրամի միջակայքում, ապա տվյալ խանութում 1100 դրամ արժե: «Սանդորա» կամ «Նոյան» հյութերը, որոնք միջինում արժեն 600-650 դրամ, այստեղ արժեն 750 դրամ, 300 դրամանոց շոկալադե սալիկը՝ 400 դրամ, բանանի կիլոգրամն էլ, որ այլ խանութներում տատանվում է 650-800 դրամի սահմաններում, այստեղ 900-1000 դրամ է:
«Սեւանից եկել հասել եմ էսստեղ, որ վիրահատվեմ: 600 հազար դրամ վիրահատության համար եմ վճարել, 50 հազար էլ պալատի: Երկրորդ օրն է, որ պառկած եմ, «դիետիկ» պետք է սնվեմ, բայց օրգանիզմս վերականգնում եմ դրամապանակիս վնասելով»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Գայանեն, որը բուժվում էր «Էրեբունի» ԲԿ-ում:
Պետք է նշել, որ հիվանդանոցներին կից գործող խանութները պատկանում են անհատների, եւ հիվանդանոցը ոչ մի կերպ իրավասու չէ վերահսկել վերջիններիս գնային քաղաքականությունը, սակայն պատկան մարմինները կարող են հարկեր վերցնելուց բացի նաեւ վերահսկել տվյալ խանութներում տիրող իրավիճակը:
Կարելի է ասել՝ նույն իրավիճակն է նաեւ «Արմենիա» ԲԿ-ում: Ի տարբերություն «Էրեբունի» ԲԿ-ի, այստեղ գործում է ճաշարան, սակայն հիվանդների հետ զրուցելիս պարզ դարձավ, որ ճաշարանում սնունդը այնքան էլ համեղ չէ:
«Պալատում երեք հղի ենք, երեքս էլ ճաշարանից օգտվել ենք երկու անգամ ու այդքան էլ գոհ չենք, նախըտրում ենք սննդի որեւէ կետից ուտելիք պատվիրել: Եթե պետք է վճարեմ, օրինակ, 2000 դրամ եւ արդյունքում սնունդը գցեմ աղբամանը, ավելի լավ է 500 դրամ ավել վճարեմ առաքման համար եւ օգտվեմ որակյալ սննդից»,- ասում է 30-ամյա Հեղինեն:
Այսպիսով ամեն անգամ մի նոր խնդրի հետ առնչվելիս կրկին ու կրկին անգամ հասկանում ենք, որ Հայաստանում կյանքը իսկապես թանկ «հաճույք» է:
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ