Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Հուշագիր գիտության զարգացման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեի եւ  Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջեւ ստորագրվել է «Գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին»  հուշագիր:

Հուշագրի նպատակն է ձեւավորել եւ ամրապնդել Հայաստանի եւ Վրաստանի գիտնականների եւ գիտահետազոտական խմբերի միջեւ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նախատեսվում են համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական անձնակազմի, հատկապես՝ երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր, գիտագործնական հանդիպումներ, սեմինարներ, գիտաժողովներ: Կողմերը կհամագործակցեն նաեւ միջազգային տարբեր հարթակներում ներկայանալու հարցում:

Նախատեսվում է մշակել առաջարկներ՝ Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության ծրագրին համատեղ մասնակցելու համար:

Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի տնօրենության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ:

Անշուշտ հուշագրի իրականացումը կնպաստի գիտության զարգացմանը մեր երկրում:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ