Հայաստանում հրատարակվող գիտական պարբերականները մեծ դեր եւ նշանակություն ունեն գիտության,ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտների խթանման համար: «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական ժողովածուն նույնպես ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդգրկված է թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար ընդունելի պարբերականների ցանկում: Այստեղ կարեւորվում է հայտնի գիտնականների ընդգրկումը խմբագրական խորհրդում:
Անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, «Ազգ»-ի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանը գիտական խորհրդի որոշմամբ ընդգրկվել է գիտական ժողովածուի խմբագրական խորհրդի կազմում:
Հարկ է նշել, որ Ս.Պապիկյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների ու մենագրությունների: Նրա գիտական աշխատանքները դեռեւս Խորհրդային Միության տարիներին ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ կազմակերպություններում: Նա միջազգային ճանաչման արժանացած գիտնական է: Նրա կողմից մշակվել են ջերմամատակարարման համակարգերի ռեժիմների ուսումնասիրության մի շարք արժեքավոր մեթոդներ, որոնք հնավորություն են տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ՝ հաշվի առնելով ելակետային տվյալների անորոշությունը եւ ռեժիմային բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, հիմնավորել է էներգետիկայի բնագավառում ռեժիմների վերլուծության միջակայքային մեթոդը, որը զգալիորեն հեշտացնում է իրականացնել ինժեներական հաշվարկները, հատկապես շուկայական հարաբերությունների պայմաններում:
2019 թվականի հուլիսի 17-23-ը Հոնկոնգում (Չինաստան),այնուհետեւ Մոսկվայում, Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում Ս. Պապիկյանի գիտական աշխատանքները մեծ հետաքրքրություն ներկայացրեցին եւ լայն արձաքանք ունեցան: Նրանց ամփոփագրերը տպագրվել են ,,HONG KONG BOOK FAIR 2019,, եւ այլ հեղինակավոր կատալոգներում:
ՀՀ ԳԱԱ կողմից 2022թ. գիտամանկավարժական բազմամյա եւ բեղմնավոր գործունեության համար պարգեւատրվել է պատվոգրով:
2017թ. Արցախի էներգետիկայի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար պարգեւատրվել է ԱՀ-ի պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով: