Հենրիկ Մ. Բրոդեր. «Պե՛տք է խոսենք ցեղասպանության մասին»
«Վելթի» սյունակագիր Հենրիկ Մ. Բրոդերը Գերմանիայում հայտնի է իր սուր գրչով, խոսքով, հայ ժողովրդի բարեկամն է, բազմիցս որպես գլխավոր բանախոս ելույթ է ունեցել ապրիլի 24-ին նվիրված հուշահանդեսներին, եղել է Հայաստանում եւ Արցախում, եւ «Վելթի» եթերում սեպտեմբերի 23-ին նրա պարզաբանումները Ալիեւի հյուսած կեղծիքը մերկացնելու առումով խիստ արժեքավոր էին:
Գերմանաբնակ հրեա Բրոդերը թեեւ չանդրադարձավ վերջերս եվրոպաբնակ հրեա ռաբբիների՝ ՀՀ վարչապետին եւ նախագահին ուղղված նամակին, սակայն ողջ ասելիքը հենց ռաբբիների անհիմն պահանջի՝ մեղմ բառ գործածենք՝ սրբագրումն էր: Բրոդերն այն մտավորականներից է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ քննադատեց Իսրայելին՝ Բաքվին զենք մատակարարելու համար, «Վելթի» հիշատակածս եթերում էլ կրկնեց դրա մասին:
Արցախում կատարվողի մասին սեպտեմբերի 23-ի եթերում Բրոդերն այսպես ձեակերպեց՝ «Պետք է խոսել ցեղասպանությա՛ն մասին: Դա (հայ) ժողովրդին ոչնչացնելու մտադրությունն է»: Հաղորդավարի այն հարցին, թե «Արցախում կատարվողը պատմության մեջ զուգահեռ ունի՞», Բրոդերը հաստատեց՝ ասելով, որ «պատմությունը կրկնվում է, քանզի լուրջ չեն ընկալում, թե ինչ է բռնապետությունը, իսկ Ալիեւը չի թաքցրել, եւ այն հանգամանքը, որ իր տարածքում հայեր են ապրում, նրա հոգին հիվանդացնում է»:
Բրոդերը կարծիք հայտնեց, որ Գերմանիայում հայերին չեն ճանաչում, ուստի ներկայացրեց Հայաստանը՝ որպես վաղնջական քրիստոնեություն դավանած երկրի՝ իրեն հատուկ սրախոս համեմատությամբ՝ «4-րդ դարի սկզբում էր, երբ Վատիկանի տարածքում ոչխարները խոտ էին արածում»: Այնուհետ անդրադարձավ 1915-ի Հայոց ցեղասպանությանը, իր բացատրությամբ՝ «հայերի Հոլոքոսթին»: Ասաց, որ հայոց հիշողությունն արթուն է եւ որ նրանք երկյուղում են, թե ոճիրը կարող է կրկնվել: «Այժմ նոր ոճրագործության սկիզբն է, ասաց Բրոդերը, քանի որ Ալիեւը ոչ միայն ԼՂ-ն՝ «իր տարածքը»՝ Ադրբեջանն է ուզում հայերից մաքրել, այլեւ առաջ գնալով՝ նաեւ Հայաստանը, սա համեմատելի է Հիտլերի արածին», ասաց Բրոդերը՝ շարունակելով՝ «ինձ զայրացնում է այն հանգամանքը, որ մարդիկ դեռ ասում են՝ բայց չենք կարող «ցեղասպանություն» եզրով բնորոշել: Ոչ թե կարող, այլ պե՛տք է խոսենք՝ ցեղասպանության մասին»: Այնուհետ անդրադարձավ գերմանալեզու մեդիայում «ԼՂ-ն միջազգային իրավունքի համաձայն պատկանում է Ադրբեջանին» սխալ ձեւակերպմանը՝ հիմքը մատնացույց անելով՝ «Ստալինի կամայական՝ բաժանիր, որ տիրես»ը ե՞րբ դարձավ միջազգային իրավունք: Բրոդերն այստեղ էլ հիշատակեց՝ «Ալիեւին սատարում են Թուրքիան եւ Իսրայելը, որ ցավալի է»: Նա ահազանգեց՝ ցեղասպանության վտանգը կախված է հայոց գլխին, Արեւմուտքը պիտի անհապաղ քայլեր ձեռնարկի…
Թուրքադրբեջանական անուղղակի պատասխան գերմանահրեա հրապարակախոսին
Բրոդերի՝ մեծ լսարան ունեցող հեռուստաելույթին ինչպե՞ս դիմակայի Բեռլինում թուրք-ադրբեջանական դիվանագիտական հորդան: Ուսումնասիրում են հայկական սոցցանցերում առկա տրամադրությունները, հայ օգտատերերի անուններով գործում, զազրախոսներին խոսեցնում… Եւ ջանք թափում աշխարհում ստեղծել նոր Հայաստանի կերպարը՝ հակասեմականության օջախ: Ստորեւ՝ փաստերով:
Ալեքսանդր Ֆրիդմանի «Ինչո՞ւ է Իսրայելն Ադրբեջանին սատարում» վերնագրով հոդվածը հրապարակվեց հոկտեմբերի 2-ի Գերմանիայում լույս տեսնող հրեական «Յուդիշե ալգեմայնե» թերթում: Շաբաթաթերթը, կայքը Արցախից հայերի բռնի տեղահանման մասին ոչինչ չգրեց, ինչպես որ եվրոպաբնակ 50 ռաբբիների նամակի մասին էլ գերադասեց չիրազեկել: Ֆրիդմանի (Alexandr Friedman) հեղինակած հոդվածը փորձում է պարզաբանել «դիկտատոր Ալիեւի Երուսաղեմի հետ լավ հարաբերությունների» պատճառը: Հեղինակը պատմաբան է, նրա ուսումնասիրությունների ոլորտներն են խորհրդային շրջանը, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի հրեաների պատմությունը:
Ֆրիդմանը հոդվածում առավելապես հղում է անում հրեա բլոգգեր Ալեքսանդր Լապշինի թելեգրամյան ալիքում Արցախի մասին ռուսալեզու սփռվող տեղեկատվությանը, ըստ որի ԱՄՆ-ն, ԵՄ-ն սուր քննադատել, դատապարտել են Ադրբեջանի՝ Արցախի հանդեպ բռնությունները, իսկ Իսրայելի ԱԳՆ-ն ծպտուն չի հանել: «Լապշինը սատարում է հայկական կողմին, եւ ԼՂ հայերի ճակատագիրը նրա համեմատությամբ Հոլոքոսթի ժամանակ Եվրոպայի հրեաների բախտի հետ է բաղդատելի», ներկայացնում է Ֆրիդմանը: «Յուդիշե ալգեմայնեն» գրում է, որ Լապշինը 2010-ականներին եղել է ԼՂ-ում, հրապարակել Հայաստանի հանդեպ բարեկամական, Ադրբեջանին քննադող բազմաթիվ տեքստեր, որ Բաքվին զայրացրել են: 2016-ին Իսրայելի եւ ՌԴ քաղաքացի Լապշինին Ադրբեջանի հանձնարարությամբ Բելառուսում ձերբակալում են, ի հեճուկս ՌԴ-ի բողոքի, Ադրբեջան են արտաքսում: Այնտեղ նրան 2017-ին 3 տարվա ազատազրկման են դատապարտում՝ «ապօրինի» Ղարաբաղ մեկնելու համար: Կարճ ժամանակ անց Լապշինին Ալիեւը ազատ է արձակում՝ անսալով Իսրայելի կառավարության խնդրանքին եւ արտոնում մեկնել Իսրայել: «Ադրբեջանի ավտոկրատ նախագահը չէր կամենում Երուսաղեմի հետ հարաբերությունները վտանգել», գրում է Ֆրիդմանը՝ շարունակելով՝տարիներ ի վեր Իսրայելն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են, շիա մահմեդական Ադրբեջանը Թել Ավիվում դեսպանություն է բացում: Ադրբեջանից ավելի քան 80 000 հրեա այժմ բնակվում է Իսրայելում, նրանք 2 երկրների միջեւ կապերն ակտիվ պահպանում են, գրում է հեղինակը (առանց նշելու, որ Ալիեւը նրանց վճարում է հակահայ գործունեություն ծավալելու համար-Ան. Հ.): Իսկ Ադրբեջանում ապրում է հրեական արմատներ ունեցող մոտավորապես 15 000 բնակիչ: Ֆրիդմանը նկատել է տալիս, որ «Իլհամը հոր նման հաճախ ընդգծում է իր հրեասիրությունը ( բնագրում՝philosemitisch, որ հակասեմականության հականիշն է- Ան. Հ.), նպաստում իր երկրում հրեաների կյանքի զարգացմանը: Հակասեմականությունն այդ երկրում նվազ տարածում ունի, դրա հանդեպ նկատելի է իշխանությունների անհանդուրժողականությունը»: 2010-ականներից ի վեր Իսրայելի՝ ադրբեջանական բանակի արդիականացմանն ուղղված ջանքերը, որ նպաստեցին 2020-ի հաղթանակին, բարելավեցին երկուսի հարաբերությունները:
Երուսաղեմն ու Երեւանը թեեւ դիվանագիտական հարաբերություններ ունեն, սակայն դարձել են ոչ բարեկամ, գրում է գերմանալեզու «Յուդիշե ալգեմայնեում» Ալեքսանդր Ֆրիդմանը եւ անդրադառնում է «Հայաստանում հակասեմականությանը» (եզրը ճիշտ կլինի թարգմանել հակահրեականություն-Ան.Հ.): «Այս երկրում հակասեմական տրամադրություններն ուժգնանում են՝ շարունակաբար. Հակաիսրայելյան, հրեաների դեմ թշնամական հրահրվող խոսույթը հայկական սոցցանցերում առկա է: Հանրահայտ հրապարակախոս Վլադիմիր Պողոսյանը նույնիսկ հրեաների համաշխարհային տիրապետության մասին է ակնարկում, Ադրբեջանի լեռնային հրեաների մասին էլ պնդում, որ Ռուսաստանում եւ Թուրքիայում նրանք են որոշում կայացնողները: Բացի այդ՝ հրեաներին, ավելի ճիշտ Իսրայելին մեղադրում են, որ Հոլոքոսթը քաղաքական նպատակ, միջոց են դարձրել եւ Թուրքիայից զգուշանալով, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չեն էլ ճանաչել: Երեւանի եւ Բաքվի միջեւ քարոզչական դառը պատերազմը հրեական «չափում ունի» , գրում է ֆրիդմանը եւ շարունակում՝ Ադրբեջանը, հաճախ բացահայտ, Հայաստանը ներկայացնում է որպես հակասեմական պետություն, եւ այնտեղ բնակվող շուրջ 100 հրեաների անվտանգության մասին ակնարկելով, հրավիրում իր երկիր: Հայաստանում հրեաների դեմ հնարավոր հարձակումների վտանգի մասին ընդգծվել է Իսրայելի սփյուռքի նախարարության՝ ներքին սպառման վերլուծական զեկույցում, որի արտահոսքը ադրբեջանական ԶԼՄ-ներում օգտագործվել է հակահայկական քարոզչության մեջ»: «Յուդիշե ալգեմայնեի» հեղինակ Ֆրիդմանը սոցցանցերը նշում, սակայն որեւէ տեղ չի ընդգծում, որ հակասեմականությունը, ավելի ճիշտ հրեաների հանդեպ՝ իր ձեւակերպմամբ «անհանդուրժողականությունը» երբեւէ չի եղել Հայաստանի պետական քաղաքականություն, ընդհակառակը՝ Իսրայելի հետ բազմաթիվ տարաձայնություններ հիմք չեն դարձել, որ մեր երկրում, նաեւ սփյուռքում հրեաների հանդեպ ընդհանրացված վատ վերաբերմունք ձեւավորվի: Պատմաբան Ֆրիդմանը արձանագրում, սակայն չի քննադատում, որ հատկապես Նեթանյահուի կառավարման շրջանում առավել սրվել են երկու պետությունների հարաբերությունները, քանզի Իսրայելի ռազմարդյունաբերությունը մեզ ոչնչացնելու, Բրոդերն էլ հուշեց՝ բնաջնջելու միջոց է դարձել: Քանի դեռ Բաքվի հետ Իսրայելի բիզնեսը մեզ համար մահաբեր է, բարոյական չէ այլափոխված իրականության արդարացումը որոնել սոցցանցերում եղածը քամելով եւ նենգափոխելով: Հայ ժողովուրդը չի մոռանում նաեւ, որ Երուսաղեմում մեծ ժառանգություն ունի, եւ համայնք, որ շարունակում է երկրի մշակույթի զարգացման մեջ մեծ ներդրում ունենալ: Ֆրիդմանը սրա մասին մեկ նախադասությամբ անգամ չի ակնարկում: Ֆրիդմանի «կիրթ» «մեղմասացությունը» Բեռլինում Բաքվի հրահանգի նախերգանքն էր:
Բաքվի գլխավոր ռաբբին 2-րդ կոչն է անում ՀՀ-ի հրեական համայնքին
Հոկտեմբերի 5-ին վերակտիվանում է Բաքվում գործող հրեական դպրոցի տնօրեն գլխավոր ռաբբի Զամիր Իսաեւը (Rabbi Zamir Isayev): Նա X-ի իր հարթակում շարունակում է կրքեր բորբոքել: «Շաբաթներ առաջ արդեն զգուշացրել էի, որ հրեաների համար Հայաստանում մնալը վտանգավոր է: Իսրայելի Սփյուռքի նախարարությունը անցյալ ամիս 2 անգամ արծարծել է Հայաստանում հրեաների դեմ հնարավոր բռնարարքների մասին՝ հիշատակելով Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունների մասին»: Որպես դրա ապացույց ռաբբին ներկայացնում է, թե վերջերս Երեւանում սինագոգի վրա հարձակում է եղել: «Ակնկալվում էր, գրում է նա, ատելության խոսքը բռնություն եւ անհանդուժողականություն է ծնում: Կրկնում եմ Հայաստանի հրեաներին ուղղված կոչս՝ եթե օգնության կարիք ունեք, կհոգամ, լքեք երկիրը, քանի դեռ ուշ չէ»:
Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը ֆրանսիական հեռուստատեսության նույն օրվա եթերում հերքեց, թե Երեւանի սինագոգի վրա հարձակում է եղել:
Բոլորիս պիտի անհանգստացնի՝ ո՞վ է կատարողը: Մեր ինտերնետային որոնումները թերեւս ճշտում են. Եթե լուրը հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այն տարածում է zinvor.info հայերեն եւ ադրբեջաներեն կայքը, կասկած կա՞, որ պատվիրատուն (երեւի նաեւ կատարողը) Ադրբեջանն է: zinvor.info կայքի արտաքին տեսքը թույլ է տալիս կարդալ վերնագրերը: Եւ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի լրատվական, ավելի ստույգ՝ քարոզչության ոստայնում ենք: Հենց այստեղ էլ կարդում ենք հոկտեմբերի 4-ին տեղադրված վերնագիրը՝ «ԱՍԱԼԱ-ն (երիտասարդական թեւը) ստանձնել է Երևանի սինագոգի վրա հարձակման պատասխանատվությունը»: Ցնորամիտ այդ տեքստը չենք կրկնի, սակայն վտանգավոր մի հատված կընդգծենք՝««Հրեաները հայկական պետության և հայ ժողովրդի երդվյալ թշնամիներն են: Սա նախազգուշացում է՝ հոկտեմբերի 3-ին մեր հաջող գործողությունը Երևանում միայն սկիզբն է: Յուրաքանչյուր ռաբբի կլինի մեր տեսադաշտում», ասվում է ահաբեկչական կազմակերպության հայտարարության մեջ», կարդում ենք ադրբեջանական zinvor.info կայքում:
Սույն լրատվությանը կից «փաստական» մի քանի վայրկյան տեւող տեսանյութ է տեղադրված, որն այդպես էլ հասանելի չի դառնում…դրա վրա newstube.az հետքը կա: Սույն հոդվածը գրելու ընթացքում համոզվեցինք, որ Ադրբեջանը տարիներ ի վեր (armenia.az-ը՝ 2010 թվականից) պատրաստվել է իր հաղթանակին. Առաջնակարգ է համարել հայալեզու կայքերի ստեղծումը, քարոզչությունը: Իսրայելից զենք գնելուն զուգահեռ այդ կայքերով զարգացնում է այն թեզը, թե ինքը հանդուրժողականության օրրան է, իսկ Հայաստանը մոնոէթնիկ երկիր, որ դրժում է օտար տարրի հետ համակեցությունը: Հոկտեմբերի 11-ին Բեռլինում դեսպան Աղաեւը X-ի միկրոբլոգում Ադրբեջանում ուդիների եկեղեցում ծեսի տեսանյութ է տեղադրել՝ ի վկայություն քրիստոնյաների հանդեպ իր երկրի հանդուրժող վարքի: Ըստ ինտերնետում առկա 2011 -ի ՀՀ-ում անցկացված մարդահամարի տվյալների, ՀՀ-ում ամենամեծ էթնիկ խումբը՝ եզդիներն են (35,308), այնուհետ՝ ռուսները, ասորիները, քրդերը, ուկրաինացիները, հույները, վրացիները, բելառուսները, հրեաները(127), լեհերը, գերմանացիները, այլ էթնիկ խմբեր: Այժմ Հայաստանում, մանավանդ Երեւանում աչքառու է օտարերկրացիների զգալի ներկայությունը, ինչը Բաքվին անհանգստություն է պատճառում: Ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ում քրդերը շարունակում են ապրել նաեւ 1915-ին Հայոց ցեղասպանության մեջ իրենց հանցավոր մասնակցությունից հետո էլ, կրոնափոխ չեն եղել, դպրոց, թերթ, ռադիոժամ ունեն: Ինչո՞ւ տարբեր հարթակներից չենք խոսում սրա՛ մասին: Հայաստանում հրեական համայնքը միշտ ընդգծել է, թե հայերն ու հրեաները բախտակից ժողովուրդներ են, դրա վկայությունն է նաեւ Երեւանի սրտում վեր խոյացող Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված կոթողը, որը 2020-ի պատերազմի ժամանակ ներկով էր պղծվել: Ո՞վ է պատվիրատուն, կատարողը: Նույն ձեռագիրը չէ՞: («Ազգ»ը միշտ անդրադարձել է Հայաստանի հրեական համայնքի խնդիրներին: Տե՛ս 2021-02-13-ի archive.azg.am/AM/2021021322, 2020-11-06 archive.azg.am/AM/2020110615,2017-11-10 archive.azg.am/AM/2017111018 համարները: Հատկապես վերջին հրապարակման վերնագիրը՝ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ՉԿԱ ՀԱԿԱՍԵՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» Ա. Հ. )
Բաքուն Իսրայելին իր սատարումը ապահովագրում է՝ «Համասին» մեզ «կցելով»
Իսրայելի վրա «Համասի» հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, ադրբեջանցիները Գերմանիայում նոր մտայնություն են փորձում ձեւավորել՝ Իսրայելն ինչո՞ւ էր սատարում Ադրբեջանին՝ 2020 -ի պատերազմում…քանի որ Հայաստանին «Համասն» էր պաշտպանում եւ Իրանը: Բաքվին պիտի հիշեցնել, 2020-ի նոյեմբերի 10-ին «Անադոլու» գործակալության տարածած լուրը. ըստ որի «Համասը» շնորհավորել է Ալիեւի հաղթանակը: Հայերի դեմ ատելություն տարածելուց զատ, մեզ մեկուսացնելու, իր ֆաշիստական գաղափարախոսությունն արդարացնելու համար կեղծ եւ վտանգավոր գաղափարներ կռելու դարբնոց է դարձել պաշտոնական Բաքուն:
Սոցցանցերում ամեն բան բաց է՝ մեր մտավորի, եւ հատկապես՝ անմիտի վրա կողպեք տեղադրենք՝ տեղեկատվական ծավալվող պատերազմում կուլ չգնալու համար:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Գլխավոր լուսանկարում՝ Հայերի եւ հրեաների ցեղասպանության հուշարձանը Երեւանում