Բացվել է Աբովյանի քաղաքային մարզադաշտը

Հայաստանի ֆուտբոլի ֆոդերացիայի հիմնադրման  30-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Աբովյան քաղաքում հանդիսավոր կերպով վերաբացվեց «Քաղաքային» մարզադաշտը։  Վերանորոգված մարզադաշտը կարող է տեղավորել 3100 հանդիսական և ընդունել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հանդիպումներ։

 Առաջիկայում սպասվում է նաև Վանաձորի քաղաքային մարզադաշտի բացումը։

Աբովյանի Քաղաքային մարզադաշտում նորոգվել է ամեն ինչ՝ սկսած լուսավորության համակարգերից, վերջացրած հանդերձարաններով, տանիքով։ Հիմնանորոգվել է նաև խաղադաշտը, որն այժմ շատ բարձր որակի է։

Աբովյանի քաղաքային մարզադաշտը բացվել է 1966 թ. և նախատեսված է եղել տեղավորելու 5500 հանդիսական։ Մինչև 2006 թ., այն հայտնի էր որպես «Կոտայք» մարզադաշտ։ Թիմը լուծարվելուց հետո` 2006 թ., մարզադաշտը ստացավ իր ներկայի անունը։

Անհրաժեշտ է նշել, որ ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան։

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ