«Արեւմուտքը ներում է Ադրբեջանի, Թուրքիայի «ավտորիտարիզմի մեղքերը», ինչպես նաեւ՝ Փաշինյանի ներքաղաքական բռնաճնշումները»

1255

«Ազգ»ի զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, «5165 շարժման» հիմնադիր անդամ ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ

Մինչ մենք զարմանում ու զայրանում ենք, որ Հայաստանը պատմական ծանր ժամանակաշրջան է ապրում, ահազանգում ենք պետականության հիմքերի սասանման մասին, աշխարհում ասես նոր քարտեզագրում է տեղի ունենում։ Ռուսաստանը պատերազմում է իր «արյունակից» ժողովրդի հետ, ԱՄՆ-ն ու Եվրոպան տնտեսական պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ, Թուրքիան փորձում է տարածաշրջանում հիմնական խաղացողը դառնալ եւ այլն։ Ու տպավորություն է, որ Հայաստանը ճոճվող լաստի պես տարբեր կողմերից փչող քամու հետ մեկ այս, մեկ այն կողմ է լողում։ Այս պահին ո՞րն է Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային ուղեգիծը։

— Նախ՝ փորձեմ ամբողջացնել կամ լրացնել Ձեր հարցադրման մեջ նշված իրողությունները, այնուհետեւ անդրադառնամ կոնկրետ հարցի պատասխանին։ Աշխարհաքաղաքական փոխակերպումներն ընթանում են ինչպես գլոբալ, այնպես էլ տարբեր տարածաշրջանների մակարդակներում։ Ռուսաստանն այսօր դուրս է եկել իր մեծ տերություն (Great power) լինելու կարգավիճակը ամրագրելու համար դաժան պայքարի, որի նպատակն է առնվազն չդառնալ ապագա միջազգային երկբեւեռ համակարգի (ԱՄՆ եւ Չինաստան) բեւեռներից մեկի ենթադաշնակիցը։ Ակնհայտ է, որ միջազգային քաղաքականությունը պայքար է գերիշխանության համար, պայքար է ռեսուրսների համար։ Հաշվի առնելով, որ բնակչության թիվ-բնական ռեսուրսներ հարաբերակցությամբ Ռուսաստանն էապես առանձնանում է ԱՄՆ-ից ու Չինաստանից, այժմ նրա ռազմավարական խնդիրն է թույլ չտալ, որ միջազգային այլ խաղացողները յուրացնեն իր ռեսուրսները։

Այս թատերաբեմում նշանակալի դեր է խաղում Թուրքիան, որը նշված տարածաշրջաններում իրականացնում է քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային ներթափանցման հավակնոտ ծրագրեր։ Արդյունքներն են Թուրքիայի ծանրակշիռ տնտեսական ներկայությունը Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում եւ Ղրղզստանում։ Թուրքիան 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռքով պատերազմ սկսեց Արցախում եւ հաղթեց՝ դրանով էլ ավելի ուժեղացնելով իր դիրքերը Ադրբեջանում եւ Հարավային Կովկասում։ 2022-ի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններում, որոնք շեշտված հակառուսական բնույթի էին եւ ի վերջո դադարեցին ՀԱՊԿ-ի միջամատությամբ։

Այժմ գամ հարցին, թե ո՞րն է Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային ուղեգիծը։ Գերտերությունների կամ տերությունների միջեւ մղվող պայքարում միջին կարգի ու փոքր պետությունները սովորաբար իրենց արտաքին քաղաքականությունը իրականացնում են՝ հաշվի առնելով մեծերի միջեւ ուժային հարաբերակցությունը, նրանց նպատակները, խնդիրներն ու հնարավորությունները։ Սակայն միջին կարգի եւ փոքր պետությունները իրենց արտաքին քաղաքականությունն իրականացնում են, առաջին հերթին, իրենց իսկ սահմանած նպատակներին հասնելու համար։ Նպատակներ, որոնց ինչպիսին լինելը կախված է այդ պետությունների հասարակությունների եւ ընտրանիների արժեքային ու գաղափարական կողմնորոշումներից։

Հայաստանը մինչ այժմ հստակ ու հասկանալի չի ձեւակերպել իր նպատակներն ու նախընտրությունները։ Արցախի ազատագրումից հետո պետության կարեւորագույն նպատակ էր հայտարարված Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ամրագրումը, սակայն չկար այդ նպատակին տանող հստակ ռազմավարություն, դրա շուրջ հանրային համաձայնություն ու զորաշարժ, ինչպես նաեւ անհրաժեշտ ռեսուրսներ չեն ներդրվել։ Իսկ փաշինյանական ընտրանու որդեգրած արտաքին քաղաքական ուղեգծի բովանդակությունը Արեւմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման հարավկովկասյան դրսեւորումների համատեքստում այն է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանն ու Իրանը շրջանցող էներգետիկ, տրանսպորտային ու կոմունիկացիոն տարանցիկ միջանցք։ Հավաքական Արեւմուտքի աշխարհառազմավարական այս օրակարգի նախապայմանը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական «հաշտեցումն է», ինչի գինը Արցախի ամբողջական հանձնումն է Ադրբեջանին, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ Հայաստանի վրայով ցամաքային կապի հնարավորության տրամադրումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման քաղաքականությունից հրաժարումը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից երաշխավորումը, որ երբեք չի բարձրաձայնի եւ ոչ մի պատմական իրավունքի մասին։ Համաձայն փաշինյանական ընտրանու համոզմունքների՝ այսկերպ ապահովվելու է խաղաղություն, եւ Հայաստանի Հանրապետությունը տրանզիտային փոխադրումներից եկամուտներ է ստանալու։ Այս հեռանկարը ենթադրում է նաեւ Հարավային Կովկասից Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հեռացում, ինչն արտահայտվելու է առաջին հերթին Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերմամբ (երբ կատարված կլինեն թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմանները եւ առերեւույթ վերացած կլինի Հայաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական գոյութենական սպառնալիքը, Հայաստանը, փաշինյանական տրամաբանությամբ ռուսական ռազմական ներկայության կամ աջակցության կարիքը չի ունենալու)։ Այս գործընթացների անշրջելիությունն ապահովելու կարեւորագույն նախապայմաններն են Հայաստանի ապառազմականացումը (երբ Հայաստանը հրաժարվում է մարտունակ զինված ուժեր կառուցելու, ռազմական արդյունաբերություն զարգացնելու եւ սպառազինություններ ձեռք բերելու ուղեգծից, խիստ թուլացնում է սեփական ռազմական ներուժը) եւ ապազգայնացումը (երբ տարվում է կրթամշակութային այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում կերտվում են ազգային ինքնություն չունեցող, ազգային մշակույթին, պատմությանը, ավանդույթներին նշանակություն չտվող կամ երկրորդական նշանակություն տվող անհատներ)։

Ապառազմականացման ու ապազգայնացման ուղեգծերը ոչ միայն դիտարկելի են արեւմտյան փափուկ ուժի ներկայացուցիչ որոշ կազմակերպությունների կողմից իրականացված ու իրականացվող ծրագրերում, այլեւ գործող իշխանությունների ռազմական, կրթական, մշակութային քաղաքականության մեջ։ Հայաստանի ապառազմականացման ու ապազգայնացման ուղեգծի հրամայականը տրվել է նաեւ Բաքվի կողմից՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղ հարաբերությունների գրավական։ Հատկանշական է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը շարունակում են ինտենսիվ զինվել, արդիականացնել իրենց ռազմական ենթակառուցվածքները, ինչը նշանակում է, որ Հայաստանի կողմից թուրք-ադրբեջանական շահերին չհամապատասխանող որեւէ քայլի դեպքում հետեւելու է նրանց պատժիչ գործողությունը։ Հայաստանի ապառազմականացումն ու ապազգայնացումը նաեւ հավաքական Արեւմուտքի օրակարգի մեջ է տեղավորում այն իմաստով, որ այսպիսով ապահովվում է Հայաստանի ոչ կոնֆլիկտային վարքագիծը եւ երկրորդ՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմական աջակցության կարիքը չի ունենում։ Պատահական չէ, որ Արեւմուտքի կողմից հեշտությամբ ներվում են Ադրբեջանի ու Թուրքիայի «ավտորիտարիզմի մեղքերը», ներվում են փաշինյանական վարչակազմի կողմից ազատ խոսքի ճնշման, քաղաքական բռնաճնշումների, վարչական ռեսուրսի կիրառման բոլոր դրսեւորումները, այն պարագայում, երբ ավելի հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարող նախկին իշխանություններին այդ ամենը չէր ներվում։ Ասվածը բնավ Արեւմուտքի հանդեպ դատապարտողական խոսք չէ, քանզի յուրաքանչյուր դերակատար պարտավոր է իր շահերի սպասարկմանն ուղղված քաղաքականություն տանել։ Վերոնշյալ թեզերն, ինչ խոսք, քաղաքական գնահատականներ են, սակայն գիտականորեն փաստարկելի եւ ապացուցելի․ հրապարակախոսական ձեւաչափը պարզապես չի ընձեռում նման հնարավորություն։

Ադրբեջանը դեպի Արցախ տանող նոր ճանապարհ է կառուցում՝ այլընտրանք «Լաչինի միջանցքին»։ Այդ ճանապարհի շահագործումից հետո Բերձորն ու հարակից գյուղերն Ադրբեջանին են անցնելու։ Հանուն արդարության ասենք, որ այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին նաեւ նոյեմբերինյան հայտարարության 6-րդ կետում է նշված, ընդդիմությունը սակայն պնդում է, թե սա վարչապետ Փաշինյանի հերթական «բանավոր պայմանավորվածության» հետեւանք է։ Ընդդիմությունը սակայն, առարկայական չի ներկայացնում, թե օրինակ, եթե ինքը լիներ իշխանության, ինչպե՞ս էր լուծելու Բերձորն ու Աղավնոն չկորցնելու հարցը։

— Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ՝ 6-րդ կետում, նախ ամրագրվում է կողմերի համաձայնության հանգամանքը, երկրորդ՝ նշվում է, որ պետք է ներկայացվի նոր ճանապարհի նախագիծ։ Նշվում է նաեւ այլընտրանքային ճանապարհի՝ Լաչինի միջանցքի երկայնքով անցնելու հանգամանքը։ Կողմերը Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանն են։ Մինչ այժմ Հայաստանի Հանրապետության ու Արցախի բնակչությունը իրազեկված չէ որեւէ նախագծի մասին։ Այդ նախագիծը պետք է լինի փաստաթղթի տեսքով, ինչը փաստորեն կա՛մ չկա, կա՛մ ժողովրդից գաղտնի է պահվել․ հետեւաբար՝ ամեն ինչ արվում է բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ընդ որում չկա ոչ մի պաշտոնական երաշխիք առ այն, որ Հինշեն-Կոռնիձոր ճանապարհի շինարարության ավարտից հետո Ադրբեջանը չի փակելու Լիսագոր-Տեղ գործող ճանապարհը, իսկ փակելու պարագայում կտրվելու է ՀՀ-ի եւ Արցախի միջեւ միակ ցամաքային կապը, քանի որ, կրկնում ենք, հայկական կողմը դեռեւս ոչինչ չի արել այլընտրանքային ճանապարհի շարունակության ապահովման ուղղությամբ։ Ոչ մի փաստաթղթով, ոչ մի պաշտոնական հայտարարությամբ պարզաբանված չէ, թե արդյոք Լաչինի միջանցքի՝ 5 կմ լայնությամբ ռեժիմը տարածվելու՞ է Հինշեն-Կոռնիձոր ճանապարհի վրա, թե՞ այդ ճանապարհով մարդկանց ու բեռների տեղափոխումը թողնվելու է ադրբեջանական «բարի կամքին»։ Փաստերը ցույց են տալիս, որ հայկական կողմը պատրաստ է Բերձորը, Սուսն ու Աղավնոն հանձնելուն, եւ հասկանալի չէ, թե ինչ կլինի, եթե հանկարծ այս բնակավայրերի հայ բնակիչները, որոնք ունեն իրենց բնակարանների սեփականության իրավունք, որոշեն, որ դուրս չեն գալու ու հայտնվեն ադրբեջանցի ուժայինների դեմ հանդիման, կամ եթե այստեղ գան 1992-ի այստեղից դուրս եկած ադրբեջանցի բնակիչներն ու նրանց ժառանգները։

Ինչ վերաբերում է ի՞նչ անել հարցին, ապա որեւէ նորմալ իշխանություն հղում կաներ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետին եւ կհայտարարեր, որ համաձայն չէ այլընտրանքային ճանապարհի նախագծին (առնվազն այն պատճառով, օրինակ, որ ճանապարհի առանձին մասեր անցնում են այնպիսի տեղանքներով, որոնք գրեթե անանցանելի են ձնաբքի պայմաններում)։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ տրվում է Լաչինի միջանցքի կարգավիճակը եւ շեշտվում, որ նոր ճանապարհն անցնելու է այդ միջանցքի երկայնքով եւ շրջանցելու է Շուշին, գրված չէ, որ այն շրջանցելու է Բերձորը, Սուսն ու Աղավնոն։ Եթե ՀՀ իշխանությունների մերժողական կեցվածքին հակադարձվի Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն սկսելու հանգամանքը, ուրեմն պետք է փաստենք, որ հայ ժողովուրդը փաստորեն պետություն ունենալու իրավունք չունի, քանի որ ըստ այսպիսի տրամաբանության պետք է կատարի այն բոլոր պահանջները, որոնք ապօրինաբար կթելադրվեն Ադրբեջանի կողմից։ Իհարկե, ապառազմականացման ու ապազգայնացման ուղեգիծ որդեգրած փաշինյանական իշխանության տրամաբանությունը հենց սա է։  

Ընդդիմությունը նաեւ չի ներկայացնում, թե իշխանություն ունենալիս ինչպե՞ս, ի՞նչ գործիքակազմով է բանակցելու Ադրբեջանի հետ։ Ճանապարհային քարտեզի մասին առհասարակ խոսք չկա։ Ընդդիմությունը, սակայն, քննադատելուց բացի, ճանապարհ ցույց տվողն ու այլընտրանք առաջարկողը պետք է լինի։ Հիմա, բացի Նիկոլ Փաշինյանին մեկ այլ անձով փոխարինելը, ի՞նչ այլընտրանքներ ու լուծումներ է առաջարկում ձեր քաղաքական թիմը։

— Ձեր նշած հարցի պատասխանի շուրջ հանրության հետ կոմունիկացիան ճիշտ ստեղծելու եւ վարելու խնդիրն իսկապես կա, եթե չլիներ, գոնե դուք չէիք բարձրաձայնի այս հարցը։ Համենայն դեպս, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր ու անհատներ այս հարցի առնչությամբ մեկնաբանություններով հանդես եկել են։ Քաղաքական այլընտրանքի տրամաբանությունը տեղավորվում է հետեւյալ բովանդակային կետերում․

Ինչպես Մոսկվայում, այնպես էլ արեւմտյան գործընկեր պետությունների մայրաքաղաքներում պրոֆեսիոնալ դիվանագիտությամբ ու սփյուռքի աջակցությամբ տանել այն կոմունիկացիան, որ ներկայիս գործընթացը գուցե շատ կենտրոնների շահերից բխում է, սակայն հակասում է հայ ժողովրդի կենսական շահերին,

Քայլեր տանել Իրանի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա դնելու ուղղությամբ․ Արցախի հարցում Հայաստանի պարտվողականությունն ու թուրք-ադրբեջանական տանդեմի ամրացումը խորքային առումով հակասում է նաեւ Իրանի կենսական շահերին, ուստի երկկողմ հարաբերություններում ռազմական անվտանգության բաղադրիչի ընդլայնումը փոխշահավետ է։

Արագ ու արդյունավետ քայլերով կարգի բերել զինված ուժերը, բարձրացնել բանակի ոգին, առողջացնել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, հանրությանը բացատրել պարտվողականության անթույլատրելիությունը եւ համախմբել կենսունակ պետության գաղափարի շուրջ եւ մեկնարկել Հայաստանի ռազմականացման հայեցակարգի իրագործումը (առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Ավետիք Չալաբյանի հոդվածում)․ այս հանգամանքը Ադրբեջանին կստիպի վերանայել իր ագրեսիվ քաղաքականությունը։

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բանակցային ձեւաչափում բարձրացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու հարցերը, շեշտադրել հայ ռազմագերիների վերադարձի, հայ տեղահանված անձանց՝ իրենց հայրենի օջախները վերադառնալու հարցերը եւ այն, ինչ պահանջում է ադրբեջանական կողմը, առկախել նրանից, ինչը նա չի անում։

 — «5165»-ն էլ դիմադրության շարժման մի մասն էրշարժում, ինչի մասին արդեն ակամա անցյալով ենք խոսում։ Ընդդիմությանը հերթական անգամ չհաջողվեց հասնել Փաշինյանի հրաժարականին, ավելին՝ նրան քարտ-բլանշ՝ հետագա նոր որոշումների համար ավելի ամուր լեգիտիմություն տվեց։

— «Դիմադրության» շարժման մեկնարկից դեռ երկու շաբաթ առաջ «5165 շարժումը» հայտարարեց, որ Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության ու ազգային արժանապատվության օրակարգով պայմանավորված ժամանակավորապես վայր է դնում կուսակցական դրոշը եւ քաղաքական ուժի անդամ չհանդիսացող որոշ գործիչների հետ միասին (Ավետիք Չալաբյան, Էդգար Ղազարյան, Էլիզա Առաքելյան եւ այլք), «Համախմբում» նախաձեռնության շրջանակներում անցնում անժամկետ պայքարի՝ առաջնային նպատակ ունենալով հեռացնել գործող իշխանություններին, ում վարած քաղաքականությունն Արցախի հարցում համարում է կործանարար։ «Համախմբում» նախաձեռնությունն ընդունում էր եւ ընդունում է, որ իր ռեսուրսները բավական չեն նպատակներին հասնելու համար եւ պատրաստ է համագործակցել այդ նպատակները կիսող այլ քաղաքական ուժերի, հասարակական միավորների ու անհատների հետ։ Այս տրամաբանության շրջանակներում է, որ մենք մասնակցել ենք մայիսի 1-ին մեկնարկած գործողություններին, շարունակում ենք մասնակցել եւ ինքներս ենք նախաձեռնում տարբեր գործողություններ։ Ձեր ակնարկը հասկանալի է այն առումով, որ այս պահին բողոքի ինտենսիվ գործողություններ չեն ընթանում։ Դժվար է միանշանակ գնահատել, թե ինչ ազդեցություն է ունեցել մայիս-հունիս ամիսներին ծավալված ինտենսիվ շարժումը գործող իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգծի վրա, համենայն դեպս երեւան է բերել մի շարք իրողություններ, որոնցից առանձնացնում եմ հետեւյալները․

Շարժումը ցույց տվեց, որ հայ ժողովուրդն անտարբեր չէ Արցախի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ։ Քառասունհինգօրյա ինտենսիվ փուլին մեծ քանակությամբ մարդիկ են մասնակցել․ իհարկե այդքան մեծ քանակի մարդիկ բողոքի գործողությունների մասնակցել են ժամանակային մեծ ինտերվալի մեջ, չի գտնվել նրանց բոլորին միաժամանակ պայքարի դուրս բերելու բանալին, առկա է արդյունավետ կոմունիկացիայի խնդիր, բայցեւայնպես ակնհայտ է, որ ճիշտ կոմունիկացիայի պարագայում փողոց դուրս կգա այնքան մարդ, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը կհեռացվի իշխանությունից,

Շարժումը ցույց տվեց, որ գործող իշխանությունների ուղեգիծը միանշանակ աջակցություն է գտնում Բաքվում եւ Անկարայում․ շարժումը դատապարտող հայտարարությունները գալիս են հենց այնտեղից, ինչը վկայում է, որ փաշինյանական վարչակազմի քաղաքականությունը սպասարկում է առաջին հերթին Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Փոխարենը, չնայած ՀՀ գործող իշխանությունների գործադրած ջանքերին, շարժման վերաբերյալ դատապարտող ոչ մի հայտարարություն չհնչեց Հայաստանի ռազմավարական դաշնակից ու գործընկեր պետությունների կողմից։

Շարժումը ձեւակերպեց հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՀ քաղաքականության կարմիր գծեր, որոնց չպահպանումն ի ցույց է դնելու թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումը, իսկ այն սպասարկող իշխանության հեռացումը լոկ ժամանակի հարց է։

Ուստի ամփոփելով պետք է նորից նշեմ, որ Արցախի ադրբեջանականացումը բացառող եւ Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իշխանությունից հեռացնելու օրակարգով նոր ինտենսիվ շարժումը, գնահատականների եւ կենսական խնդիրների շուրջ անելիքների ճիշտ ուղերձներ առաջիկայում մշակելու, կազմակերպչական աշխատանքներ տանելու, առավել ներառական եւ չբացառող լինելու պարագայում անշուշտ հաջողելու է․ Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ․ դրա հիմքը ոչ միայն այն է, որ պարտության խորհրդանիշ անձը չի կարող բանակցել հայ ժողովրդի անունից, այլեւ այն, որ դեռեւս իշխող ՔՊ կուսակցությունը իշխանության գալիս ժողովրդին խոստացել էր վարել Արցախի ինքնորոշման իրավունքը ամրագրելուն տանող քաղաքականություն, սակայն հիմա հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ