Դժբախտ պատահականությամբ արդեն որերորդ անգամ իշխանության ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ենթադրաբար ստորագրվելիք հերթական փաստաթղթի արտահոսքն ընդդիմությունն է անում: 44-օրյա պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարության մասին էլ, կհիշեք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանն, առաջինը գուժեց: Այս անգամ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն է հրապարակել «խաղաղության պայմանագրի» նախնական կամ աշխատանքային տարբերակը: Միջազգային կառույցների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ու դրսի գործընկերների հետ աշխատող ընդդիմադիրների ձեռքն, անշուշտ, նմանատիպ փաստաթղթեր կարող են ընկնել, բայց անչափ հետաքրքիր է, թե ինչու են հենց նրանք հանձն առնում հրապարակել դրանք: Եթե տրամաբանությունն այն է, որ դրանց հրապարակումից հետո հասարակությունն, ի վերջո, կարթանանա խորը թմբիրից, փողոց դուրս կգա ու կփորձի 2018-ի նույն ոգով ճանապարհել իշխանությանը, ապա 2020-ից հետո մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ դա տեղի չի ունենում: Նախ՝ հասարակակական ցասումը ցուցափեղկի վրա դրված իր չէ, որ վերցնես ու գործի դնես, երկրորդ՝ հասարակական ցասումը կառավարող ու առաջ տանող լիդերներ են պետք: Հայաստանում ապրողները նորից 2020-ից հետո մի քանի անգամ հասկացրել են՝ այդ լիդերները փողոցներում ու ամբիոններում օդ թրատող ընդդիմադիրները չեն:
Ինչեւէ, ծանոթանալով Աշոտյանի կողմից հրապարակված տեքստին, միանգամից կարող ենք արձանագրել՝ մեղմ ասած, հայանպաստ չէ: Եթե «խաղաղության պայմանագրի» առանցքում համացանցում հայտնված այդ գրությունը պետք է լինի, ապա այն ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, հետեւաբար նաեւ (գուցե ոչ միանգամից, փուլ առ փուլ) Արցախն Ադրբեջանի կազմում ներառել: Դրանում հարակից բազմաթիվ այլ հարցերի ու կարգավորումների մասին եւս նշվում է, բայց այստեղ առանցքային ու կարեւորագույնն Արցախի կարգավիճակի հարցն է:
ՀՀԿ-ականի կողմից երեւան բերված, ընդունենք, փաստաթղթի մասին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայն-ծպտունը չի լսվում, ինչը, ցավոք, երկու բանի մասին կարող է վկայել. կա՛մ նրանք գլուխ չեն հանում, թե ինչի մասին է խոսքը, կա՛մ էլ լռում են մեծագույն աղետից առաջ: Համենայնդեպս փաստենք, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն այս օրերին շարունակ «խաղաղության պայմանագրի» մասին են խոսում, ու կասկածից անգամ վեր է, որ Փաշինյանի կաբինետն այն ստորագրելու մտադրություն ունի: Իհարկե, դժվար է կանխազգալ, թե արտաքին քաղաքական դեպքերն ինչ զարգացումներ կունենան, պայմանագիրն էլ՝ որտեղ կմնա, բայց այն, որ իշխանությունը մարդկանց ուղղակիորեն համոզում է՝ պայմանագրի վավերացումն անհրաժեշտություն է, փաստ է:
Հասարակությունն իրականում չի հասկանում՝ «խաղաղության պայմանագիրն» ի վերջո լա՞վ է, թե՞ վատ, որովհետեւ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը պարզ, մարդկային լեզվով, առանց պաթոսի, վիրավորելու ու էմոցիաների մարդկանց չի բացատրելու՝ որն է դրա օգտակարությունն ու վտանգը: Եվ չի բացառվում՝ մի գեղեցիկ օր, երբ Փաշինյանը հայտարարի՝ ելնելով ստեղծված ծանր վիճակից՝ փաստաթուղթ է ստորագրել, մարդիկ այդպես էլ չհասկանան՝ ի՞նչ է դա նշանակում կամ ի՞նչ անել դրանից հետո: Եվ ամեն բան 2020-ի նոյեմբերի 9-10-ի սցենարով կզարգանա. նախ մարդիկ հրապարակ դուրս կգան, ապա ՔՊ-ականները կսկսեն արդարանալ, թե իրենք էլ տեղյակ չեն եղել այդ փաստաթղթից, ապա մարդկանց կսկսեն համոզել, թե այս ամենի մեղավորը «նախկիններն» են:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ