ՎԵՆԵՏԻԿ – Եռանդուն ճանապարհորդ եւ հայ համայնքի գործիչ Անդրանիկ Զեքիյանին առաջին անգամ հանդիպեցի 2018-ին՝ որպես Վենետիկի հայկական ամառային դպրոցի ընթացորդ, որտեղ նա պարբերաբար վերադառնում է զուգընկերուհու՝ ֆրանս–ավստրալուհի Ֆլորանս Միկոլի, ապա նաեւ իրենց փոքրիկ որդու՝ Ազատի հետ: Անդրանիկը կամ Անթոն, ինչպես ընկերներն են անվանում, ծնվել է 1983 թվականին, Ֆրանսիայում, հայ հոր եւ ֆրանսուհի մոր ընտանիքում։ Մասնագիտությամբ ճարտարագետ է։ Ներկայումս ապրում եւ աշխատում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում եւ վարում է իր սեփական ճանապարհորդական բլոգը (https://www.lespassengers.com):
Մեր զրույցը վերաբերում է նրա ուղեւորություններին եւ այսօրվա աշխարհում հայկական ինքնության պահպանմանը։
–Սիրելի՛ Անդրանիկ, ինձ միշտ հիացնում են անսովոր կենսագրություն ունեցող մարդիկ, հատկապես եթե նրանք իմ հայրենակիցներն են։ Ես ոգեւորված էի՝ իմանալով քո շուրջերկրյա ճանապարհորդության մասին եւ տեսնելով քո լուսանկարներն Անտարկտիդայում: Ի՞նչ կպատմես այդ ճանապարհորդությունից:
–Ճարտարագիտական կրթությունս ավարտելուց հետո աշխատել եմ ԱՄՆ-ում, ապա՝ Մեծ Բրիտանիայում։ Ես միշտ ծարավի եմ եղել արկածների: Բանկային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի քանի տարի աշխատելուց հետո զգացի աշխարհն իմ աչքերով ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ Դրանից մի քանի տարի առաջ հեծանիվով շրջագայություն էի կատարել եւ մեծ հաճույք էի ստանում երկու անիվներով ճանապարհորդելուց։ Այնպես որ, միանգամայն բնական էր, որ որոշեցի սկսել համաշխարհային շրջագայություն մոտոցիկլետով: Մոտոցիկլետները, ինչպես հեծանիվները, թույլ են տալիս կապի մեջ լինել չորս տարերքների հետ: Երբ ճանապարհորդում ես երկու անիվներով, ուղեւորությունդ ապրում ես քո բոլոր զգայարաններով. համտեսում ես ճանապարհի փոշին, զգում ես անձրեւի կաթիլների հոսքը պարանոցիդ վրայով եւ դողում ես, երբ ցուրտ է: Նաեւ ավելի հեշտ ես կապվում տեղացիների հետ, որոնք զարմանում են, թե ի՛նչ գործ ունես այնտեղ:
Ես հասակ եմ առել Ֆրանսիայում, ուստիեւ որոշեցի ճանապարհորդությունս սկսել Էյֆելյան աշտարակից: Ուղեւորությունս պետք է տեւեր մեկ տարի, բայց ավարտվեց երկուսուկես տարի անց՝ հնարավորություն տալով ինձ լինել 41 երկրում եւ անցնել 91000 կիլոմետր ցամաքով: Ցամաքով ճամփորդելը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է աշխարհն աստիճանաբար փոխվում: Ավելի շատ կենտրոնանում ես այն ամենի վրա, ինչը կապում է մարդկանց, քան այն բանի վրա, թե ինչն է նրանց առանձնացնում: Ինչպես նշեցիր, ես բախտ ունեցա մասնակցելու Անտարկտիդայի արշավախմբին: Հասնելով Ուշուայա, Պատագոնիայի հարավային սահմանին՝ մտածեցի, որ հասել եմ աշխարհի ծայրին: Մի քանի հանդիպումների շնորհիվ կարողացա նավ նստել եւ երկու շաբաթ լինել սպիտակ մայրցամաքում: Սա եզակի փորձառություն է․ անցնել Հոռն հրվանդանը՝ նավին հետեւող ալբատրոսների հետ, տեսնել առաջին հեռավոր սառցաբեկորները եւ ապա հորիզոնում նկատել մեզ դիտող պինգվիններին, մինչ մեր նավի կողքին լողում էին սապատավոր կետերը…
Բնությունը վայրի վիճակում դիտելը հազվագյուտ պարգեւ է: Անտարկտիդայում լինելն ինձ հանգեցրեց նաեւ մի ճշմարտության, ինչը հաճախ ենք մոռանում. մենք չնչին ենք բնության տարերքի համեմատ: Սա ավելի ակնհայտ է դառնում, երբ գտնվում ես նավում՝ շրջապատված սառցալեռներով, որտեղից մարդկային ամենամոտ ներկայությունը 1400 կիլոմետր հեռվում է: Հետս վերցրել էի մի քանի սիրելի շապիկ՝ արկածների ժամանակ ինձ մխիթարելու համար, մեկի վրա էլ իմ անունն էր՝ Անթո: Հայաստանը կարծես ինձ հետեւում էր ամենուր…
–Քո սերնդից քչերն են (հատկապես կիսով չափ հայ ծագում ունեցողները) ներգրավված հայկական գործերի մեջ եւ հանձնառու՝ պահպանելու իրենց հայկական ժառանգությունն ընտանիքներում: Շատ հուզիչ է լսել, որ քո որդու հետ դու խոսում ես բացառապես հայերեն: Ինչո՞ւ է քեզ համար այդքան կարեւոր հայապահպանությունը։
–Ինձ դուր չի գալիս «կես հայ» եզրույթը։ Ես չեմ հավատում արյան մասնաբաժնի կարեւորությանը։ Այս առումով ես շատ հպարտ եմ թե՛ իմ ֆրանսիական՛ թե՛ հայկական արմատներով: Ես «կես-կես» չեմ, այլ «լման-լման». Շառլ Ազնավուրի խոսքը վերափոխելով՝ ես ինձ ուրիշներից հաջողակ եմ զգում, քանի որ 200 տոկոսով եմ:
Եթե ավելի լուրջ, ապա որպես հայեր՝ մենք պետք է հպարտանանք մեր ժառանգությամբ, բայց ամենից առաջ պետք է աշխատենք այն կենդանի պահել։ Որդուս մոր հետ փոխադարձ համաձայնությամբ որոշեցինք, որ ես նրա հետ հայերեն պիտի խոսեմ։ Մենք ցանկանում ենք, որ նա յուրացնի այս լեզուն եւ մտերմիկ կապ զարգացնի այդ լեզվի հետ:
Ես համոզված եմ, որ լեզուն էական է մեր ինքնությունը պահպանելու համար։ Այն սովորելը ջանք է պահանջում, բայց եւ մնում է հայ մնալու ամենաարդյունավետ գործիքը: Ի վերջո, Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծել է հենց անորոշ ժամանակներում մեր ժողովրդի յուրահատկությունը պաշտպանելու համար։
Հայրս եւ մայրս նույնպես կարեւոր դեր են խաղացել։ Առանց հատուկ քարոզի եւ ինձ ինքնուրույն ընտրության հնարավորություն տալով՝ նրանք ինձ ներկայացրին հայ համայնքին: Վեց տարեկանից սկսած եղել եմ Լիոնի հայ սկաուտների շարքերում. դա ինձ հնարավորություն տվեց 1995 թվականին մասնակցել Ծաղկաձորում կայացած առաջին ամառային ճամբարին: Ծնողներս ինձ տարել են Մարգարյան-Փափազյան շաբաթօրյա դպրոցը, որն ինձ օգնեց վաղ տարիքից գնահատել կրկնակի մշակույթ ունենալու առավելությունը:
Լինելով Փարիզի Մխիթարյան վարժարանի շրջանավարտ՝ հայրս գերազանց տիրապետում է հայ մշակույթին: Սա նաեւ մղեց ինձ տանը խոսել այդ «գաղտնի լեզվով», որը մայրս չէր հասկանում:
Այսօր իմ մեծագույն հաճույքներից մեկն այն է, որ հայրս որդուս հետ հայերեն է խոսում: Շրջանը փակված է, եւ պատմությունը շարունակվում է:
Ցավոք, ես ու տղաս գաղտնի լեզու չունենք: Զուգընկերուհիս, որ հայ չէ, ջանք թափեց սովորելու կարդալ, գրել եւ խոսել հայերեն: Նա վեց անգամ մասնակցել է Վենետիկի հայագիտական դասընթացներին, որոնք կազմակերպում է «Պո-Արաքս» ընկերակցությունը։ Նա շատ ավելին գիտի հայ մշակույթի մասին, քան իմ հայ ընկերներից շատերը: Մեր մշակույթը հարուստ է եւ գրավում է բազմաթիվ այլազգիների: Մենք պետք է գրկաբաց ընդունենք նրանց եւ չփակվենք մեր մեջ։ Պետք է նաեւ ինքներս մեզ հարց տանք, թե այսօր ի՞նչ է նշանակում հայ լինել։ Հայերին դաշնակիցներ են պետք, եւ շատ այլ ազգերի նման մենք պետք է մտածենք, թե ինչպե՞ս կարող ենք «նոր հայեր ստեղծել»:
Իմ հայկական ինքնությունն ինձ շատ բան է տվել կյանքում՝ սկսած իմ ամենամտերիմ ընկերներից մինչեւ իմ ամենաանհավանական փորձառությունները: Նույնիսկ մոտոցիկլետով աշխարհի շուրջ իմ ուղեւորությունը ծնվել է ՀԲԸՄ Ֆրանսիայի ամառային ճամբարում ձեռք բերած բարեկամություններից: Եվրոպաբնակ հայ լինելը նաեւ թույլ է տալիս ինձ հասկանալու աշխարհն իր բազմաթիվ հեռանկարներով եւ ավելի լավ ըմբռնել դրա բարդությունը: Սա ինձ օգուտ է բերում ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական կյանքում:
Ես ուզում եմ, որ իմ տղան ունենա այս լայնախոհությունը եւ նույն հնարավորությունները, որոնք ես եմ ունեցել:
–Յուրաքանչյուր հայ ընտանիքի պատմությունն արժանի է պատմվելու։ Ո՞րն է քոնը:
–Տատիկս Մարզվանից էր։ Նա փրկվել է կոտորածներից եւ այդ անհանգիստ ժամանակներում աշխատել մի քանի առաքելություններում, քանի որ մի շարք լեզուների է տիրապետել: Նա ի վերջո հայտնվել է Կոստանդնուպոլսում՝ մոր եւ եղբոր հետ, որտեղ նրանց հաջողվել է նավ նստել ու մեկնել Ֆրանսիա, մի երկիր, որն ընդունել է նրանց եւ որտեղ նրանք վերսկսել են իրենց կյանքը:
Պապս ծագումով Յոզղաթից էր։ Երբ սկսվել է Ցեղասպանությունը, նրա ընտանիքը պաշտպանել է մի քուրդ բեկ, որի հետ նրանք ապրում էին։ Որոշ ժամանակ անց, երբ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, նրանք վերադարձել են Յոզղաթ եւ նորից ապրել են իրենց հին տանը։ Մի քանի ամիս շարունակ նրանք փորձել են հետ պահանջել այն գույքը, որը հարեւանները խլել էին իրենց բացակայության ժամանակ։ Վեճից հետո նրանց մատնել է մահմեդական դարձած մի հայ։ Թուրք ոստիկանները եկել են եւ սպանել են պապիս հորը՝ պատուհանից դուրս նետելով։ Այնուհետեւ ընտանիքը փախել է, նախ ապաստանել Լիբանանում: Մեծ հորեղբայրս բնակություն է հաստատել այնտեղ, իսկ պապս նախընտրել է շարունակել ճանապարհը դեպի Ֆրանսիա։ Նա մտավորական խառնվածքի տեր էր, որ երազում էր ապրել մարդու իրավունքների եւ մեծ մտածողներ Ռուսոյի եւ Վոլտերի երկրում։ Ֆրանսիան ընդունեց նրան, եւ նա վերակառուցեց իր կյանքը եւ այնտեղ հանդիպեց տատիկիս։
Ես մի քանի տարի հնարավորություն ունեցա ապրելու Վարսեն տատիկիս հետ։ Նա ոգեշնչող կին եւ տատիկ էր: Ես հաճախ եմ հիշում նրան եւ նրա երջանկության ու հումորի հիանալի զգացման մասին: Նրա կյանքի պատմությունը եւ տոկունությունը շարունակում են ոգեշնչել ինձ ամեն օր:
–Վերջին երեք տարիներին դու նաեւ ղեկավարում ես ՀԲԸՄ Ֆրանսիայի ամառային ճամբարը: Ի՞նչ է ներառում այս նախագիծը:
–2020-ին աշխարհի շատ հայերի պես ես ծանր տարա Արցախում մեր աչքի առաջ տեղի ունեցող ողբերգությունը։ Ես ինքս ինձ շատ հարցեր տվեցի, թե ինչպես կարող եմ օգտակար լինել:
Իմ մանկության եւ պատանեկության տարիներին ես հաճախել եմ ՀԲԸՄ Ֆրանսիայի ամառային ճամբարը: Այդ ճամբարը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, եւ ես այնտեղ ամուր բարեկամություն հաստատեցի շատերի հետ, որոնք պահպանվում են մինչեւ օրս: Դա ինձ օգնեց հասկանալ հայ լինելու իմաստը: Մոտ 10 տարի ամեն ամառ ես ժամանակ եմ անցկացրել այդ կախարդական վայրում՝ սկզբում որպես ճամբարական, ապա՝ որպես խորհրդատու:
Այս փորձառությունը հաստատեց այն, ինչ Վիլյամ Սարոյանն է գեղեցիկ կերպով արտահայտել իր արձակում. երկու հայ իրար հանդիպելուց հետո ամեն ինչ հնարավոր է դառնում:
Ես շառունակեցի ընկեր մնալ Հերմինե Դուզյանի հետ, որը 31 տարի ղեկավարում է ճամբարը եւ որին շատ եմ հարգում: Երբ նա առաջարկեց ինձ օգնել, ես հասկացա, որ ճակատագիրն է պատասխանում իմ հարցերին: Արդեն երեք տարի է, ինչ ես այդ հրաշալի ճամբարի ղեկավարության անդամ եմ: Այն համախմբում է շուրջ հարյուր երեխաների եւ քսան խորհրդատուների ամբողջ աշխարհից: Այս տարի մենք ընդունեցինք երեխաներ Հայաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Իսպանիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Թուրքիայից: Օրերը հագեցած են խաղերով, սպորտով, պարով, երգով, մշակութային գործունեությամբ։ Մասնակիցները ձեւավորում են ամուր կապեր եւ զգում են իրենց հայկական ինքնությունը ֆրանսիական Ալպերի դյութիչ միջավայրում: Ես շատ հպարտ եմ, որ Հերմինեի հետ միասին եւ ՀԲԸՄ-ի շնորհիվ, որը 40 տարի աջակցում է այս ծրագրին, նպաստում եմ հայ ինքնության սերմերը ցանելուն, որոնք կաճեն եւ կձեւավորեն մեր ապագա սերունդներին:
Հետաքրքրվողներին առաջարկում եմ այցելել ՀԲԸՄ ամառային ճամբարի կայքը՝ https://ugabfrance.org/colonie-vacances?language=hye
–Լավատե՞ս ես եվրոպահայության ապագա սերունդների հայապահպանության հարցում:
–Դժվար հարց է։ Եվրոպայում մենք այժմ չորրորդ կամ նույնիսկ հինգերորդ սերունդն ենք: Ինտեգրվելուց հետո հայերն անցել են ուծացման։ Ավելի ու ավելի շատ ընտանիքներում հայկական ինքնության միակ կապը հիշողությունն է: Ողբերգական իրադարձությունները հիշելը կարեւոր է, բայց Սփյուռքը պետք է նայի ապագային: Ոմանք ասում են, որ ուծացման դեմ պայքարելը նման է հոսանքին հակառակ լողալուն։ Ես սիրում եմ մարտահրավերները, եւ սա դրանցից մեկն է, որը պետք է ընդունենք: Դա ջանք է պահանջում եւ բարձրացնում է այսօրվա Սփյուռքում հայ մնալու նշանակությունը:
Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպառնում, եւ մեզ մնում է մոբիլիզացնել անհրաժեշտ ջանքերը՝ մեր համայնքը կենդանի պահելու համար: Սփյուռքը պետք է վերաիմաստավորի իր հարաբերություններն իր ինքնության հետ: Այն չպետք է մատնանշի մատաղ սերունդների կապվածությունը Հայաստանի հետ. նրանց համար հայկական ինքնություն հասկացությունը վերացական է. նրանց ծնողները, իսկ հետագայում՝ նաեւ տատիկ-պապիկները, ծնվել են Եվրոպայում: Մենք պետք է աշխատենք այս կապը հայկական ինքնության հետ ավելի շոշափելի դարձնելու ուղղությամբ:
Մենք չպետք է անտեսենք նաեւ Հայաստանը։ Բույսերը չեն կարող աճել առանց արմատների։ Սփյուռքը պետք է Հայաստանը տեսնի որպես իր հայրենիք եւ ուժ վերցնի նրանից։ Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունները պետք է դիտարկել որպես երկկողմանի. Սփյուռքի հետ Հայաստանը շատ ավելի ամուր է, իսկ առանց Հայաստան՝ Սփյուռքը կվերանա։
Մենք նաեւ պետք է մտածենք՝ ինչպես հեշտացնել փոխանցումը: Մենք պետք է ավելի շատ դպրոցներ զարգացնենք, մեր կրթական չափորոշիչները բարձրացնենք եւ պահանջկոտ լինենք մեր հանդեպ: Պետք է աշխատել հայ մշակույթն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այն պահից ի վեր, երբ սկսեցի փորձել որդուս արեւմտահայերեն սովորեցնել, ես ապշած եմ որակյալ նյութեր գտնելու՝ իմ առջեւ ծառացած մարտահրավերներից:
–Անդրանի՛կ, դու նաեւ այն սփյուռքահայերից ես, որոնք հաճախ են այցելում Հայաստան։ Որո՞նք են ոչ զբոսաշրջային տպավորություններդ քո վերջին այցից:
–2023 թվականի նոյեմբերին զուգընկերուհիս ինձ տարավ Հայաստան՝ այնտեղ նշելու իմ 40-ամյակը: Մի քանի տարի չէի եղել այնտեղ, եւ շատ տպավորվեցի փոփոխություններով: Մերձավոր Արեւելքից հայերի ներգաղթի, Հայաստանում ապրող սփյուռքահայերի թվի աճի եւ հասարակության ապախորհրդայնացման համակցված ազդեցության հետեւանքով սփյուռքահայերի եւ հայաստանցիների միջեւ գոյություն ունեցող ապակե պատը կարծես վերջապես կոտրվել է։
Ինձ տպավորեցին քաղաքական փոփոխությունները, ինչպես նաեւ Սփյուռքից դուրս զբոսաշրջության եւ նույնիսկ ներգաղթի համար երկրի բաց լինելը, ինչը սկսում է նկատվել հատկապես Երեւանում եւ Գյումրիում։
Տասը տարում երկիրը զգալիորեն արդիականացել է, մարդկանց մտածելակերպը շատ է զարգացել, մտքերը բացվել են։ Կարծես երազ լիներ, այնտեղ ես ինձ զգում էի ինչպես տանը, եւ հիմա լրջորեն մտածում եմ տարվա մեջ որոշ ժամանակահատված Հայաստանում ապրելու եւ աշխատելու մասին: Շատ երիտասարդների կրթական մակարդակը տպավորիչ է, եւ որոշ ոլորտներում ծրագրերը համեմատելի են եվրոպական կրթության հետ։
Անշուշտ, անվտանգության խնդիրը շատ անհանգստացնող է, եւ սահմանամերձ վայրեր կատարած իմ ճամփորդությունները չթուլացրին իմ մտահոգությունը։ Բայց հայերն իրենց պատմության ընթացքում բազմաթիվ փորձությունների են ենթարկվել։ Պետք է մնանք համախմբված, իրատես լինենք մեր առջեւ ծառացած դժվարությունների հանդեպ եւ չակնկալենք արտաքին օգնություն՝ կախարդական ճանապարհով լուծելու մեր խնդիրները։ Մենք ինքնե՛րս ենք մեր ճակատագրի տերը։
Անհատական մակարդակով մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել մեր ժողովրդին եւ որոշի այն զոհողությունները, որ պատրաստ ենք անել հայ մնալու համար:
Մենք պետք է վստահ լինենք ապագայի նկատմամբ եւ հիշենք, որ երբեք էլ հեշտ չի եղել հայ լինելը…
Արծվի Բախչինյան