Գերմանալեզու մամուլի բազմաթիվ հրապարակումներ վկայություն են, որ Ադրբեջանն իր պետական հայասպան, հայահալած քաղաքականությունը շարունակում է՝ նույնիսկ Արցախը «դատարկելուց» հետո էլ: Միջազգային ամբիոններում այդ երկրի, պետության այրերը խոսափողով երբեմն ճամարտակում են խաղաղությունից, հանդուրժողականությունից, սակայն բոլորի համար, կարծում ենք ակնհայտ է, որ պատմության շրջասացությամբ կեղծիք տարածող պետությունը վերահաստատում է, որ ահաբեկչական կառույց է, չի հանգստանա, մինչեւ չլուծի իր գոյության գլխավոր արդարացումը՝ տարածաշրջանը հայերից, Հայաստանից «մաքրելու» վաղեմի իղձը: Դրա մասին են վկայում նաեւ Ադրբեջանը ներսից ճանաչող մեդիաոլորտի պրոֆեսիոնալներ, ինչպիսին է Մահամադ Միրզալին (Mahammad Mirzali), որի դեմ, անգամ երկրից դուրս, շարունակում է աշխատել է Ալիեւի բռնատիրական պատժիչ ռեժիմը:
Գերմանական «Վելթը», կարեւոր նկատելով ֆրանսիական «Ֆիգարոյում» (Le Figaro) նրա հետ տպագրված հարցազրույցը, այն թարգմանաբար ներկայացրել է «Պատերազմի մասնակիցները պարծենում էին, որ գլուխներ են կտրելու» վերնագրով, հոկտեմբերի 6-ին՝ Էլիզաբեթ Փիերսոնի (Elisabeth Pierson) հեղինակությամբ: Նախաբանում արդեն կարդում ենք՝ ԼՂ-ից բռնագաղթից հետո Բաքուն հավաստիացնում էր, որ հայերը չպետք է երկյուղեն: «Սա սուտ է, զգուշացնում է ընդդիմադիր բլոգեր Մահամադ Միրզալին: Վերջինս Ադրբեջանում ձերբակալվել, կտտանքների է ենթարկվել, քանի որ համարձակվել է դատապարտել տեղի քաղաքական գործիչների կոռուպցիան, այնուհետ 2016-ին փախել Ֆրանսիա: Այնտեղ էլ հաջողել է ողջ մնալ՝ իր դեմ մի քանի մահափորձից հետո: Այժմ նրա անվտանգությունն ապահովում են ոստիկանները: Հարցազրույցը ծավալուն է, համառոտ կներկայացնենք՝ կարեւոր քաղվածքները մեջբերելով:
Առաջին հարցին, թե «հավատ պիտի՞ ընծայել Ալիեւի խոստմանը, թե հարգելու է ԼՂ հայերի իրավունքները», բլոգերը պատասանում է «հայերը հիմար չեն, ձեր, ինձ նման սոցցանցերում տեսել են այն տեսանյութերը, որում ադրբեջանցի զինվորները դանակը ձեռքներին հայտարարում էին, թե անհապաղ ուզում են գլուխ կտրել: Ալիեւը խոստանում է հայերին, թե իրավունքները հարգելու է եւ միաժամանակ ստիպում է տները լքել: Եթե լավ նախագահ էր, ինչպես ինքնիրեն է ներկայացնում, կարտոնե՞ր արցախցիների ելքը: Ստեր են»:
Հարցազրուցավարի այն հարցին, թե սոցցանցերին հետեւելով, Ադրբեջանում ինչպե՞ս է ընդունվել ԼՂ-ում կայծակնային պատերազմը, Միրզալին պատասխանում է՝« ընդհանուր առմամբ՝ տոնելով: Պետական հեռուստաընկերության եթերում ողջունել են, որ ղարաբաղյան առաջին պատերազմից փախստական դարձած ադրբեջանցիները վերջապես Ստեփանակերտ (բլոգերի գործածած Խանքենդի ձեւը «Վելթը» փակագծերում ներկայացրել է այսպես՝ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի ադրբեջանական ձեւն է-Ան. Հ.) կարող են վերադառնալ: Պետության վերահսկմամբ տելեգրամյան ալիքներում, պատերազմի մասնակիցները բացահայտ գլուխ էին գովում, որ կկտրեն հայերի գլուխները, ֆիզիկապես կպատժեն զինվորներին, նույնիսկ խաղաղ բնակչությանը: Արդեն 2020-ին ադրբեջանցի բազմաթիվ զինվորներ պատերազմից վերադառնում էին հայի մատ կամ՝հաճախ ականջ, որպես ավար տուն բերելով: Հարցրեք զինվորների դիակները հայտնաբերած հայերին, կասեն զոհերն ականջ կամ…անգամ գլուխ չունեին: Լուսանկարներն էլ կարելի է տեսնել, նույնիսկ կառավարության սոցցանցերում: Երբեմն այս վայրագությունները կատարվել են հանուն իսլամի: Օրինակ բազմաթիվ տեսանյութերում ադրբեջանցի զինվորները կտրում են հայ խաղաղ բնակիչների կամ զինվորների գլուխները՝ «Ալլահու ակբար» բղավելով: Նույն կերպն է, ինչ Իսլամական պետությունը կիրառում է Իրաքում, Սիրիայում: Ի դեպ 2020-ին թուրքերը Սիրիայից վարձկանների են հավաքագրել՝ հայերի դեմ կռվելու համար: Դրա համար մեկից ավելի ապացույց կա»:
«Պատմաբան Վինսենթ Դյուքլերի (Vincent Duclert) կարծիքով այս իրադարձությունները հայոց ցեղասպանության շարունակությունն են» ակնարկում է «Վելթը»՝ ակնկալելով Միրզալիի գնահատականը: «Ցավոք, ճիշտ է, պատասխանում է ադրբեջանցի աքսորված բլոգերը եւ շարունակում՝ հայերի դեմ ատելությունն իմ երկրում վերջին տարիներին նոր բարձրակետի է հասել: Ի հեճուկս ներքին բոլոր խնդիրների՝ աղքատության, գործազրկության, նախագահ Ալիեւը միայն հայերի մասին է խոսում: YouTube-ում էլ կարող եք տեսնել՝ դա միակ թեման է: Նա այդ ատելությունը բորբոքում է նույնիսկ անչափահասների մեջ: Մուլտֆիլմերում չարը միշտ հայ զինվորն է: Դպրոցում, դասագրքերում Հայաստանը միայն որպես «Արեւմտյան Ադրբեջան» է արձանագրված, հայերը՝ շներ են, բարբարոս, որ ադրբեջանցիների գլուխներն են կտրում: Վտարանդի իմ բոլոր հայրենակիցները, որ եվրոպական երկրներում են ապրում եւ քննադատում են Ալիեւին, մեղադրվում են, թե հայերից վարձատրություն են ստանում: Ես էլ, 2016-ից երկիրը լքելուց ի վեր, դեռ ներկա եմ պետության հետ կապված մեդիայում՝ որպես մի բլոգեր, որին Հայաստանը գնել է: Լավ կլիներ, եթե լավ վարձատրեին…, ծիծաղելով հավելում է Միրզալին: Ապա շարունակում՝« սեպտեմբերից ի վեր ինձ մեղադրում են, որ նախագահ Մակրոնն է վարձատրում: Ֆրանսիացիներին էլ չեն սիրում, քանի որ նրանց էլ հայերի պաշտպան են համարում»:
«Վերջին շաբաթներին ԼՂ-ի վրա հարձակումից առաջ նկատելի՞ էր ատելության խոսքի աճ հայերի հանդեպ»: Թերթի հարցին Միրզալին պատասխանում է, որ «ամենից առաջ տեսանելի է եղել ճնշումների (ռեպրեսիաների) ուժեղացումը: Ադրբեջանցի լրագրողներ եւ ակտիվիստներ ձերբակալվել, բանտարկվել են պատերազմի դեմ արտահայտվելու համար: Ընկերս՝ լրագրող Նուրլան Քահրամանովը, ձերբակալվել է սեպտեմբերի 21-ին և դատապարտվել 30 օրվա ազատազրկման: Նրա փաստաբանը մամուլին հաղորդել է, որ մինչ ձերբակալությունը Նուրլանին խոշտանգել են: Ադրբեջանի իշխանությունը բոլորին ստիպում է լինել պատերազմի կողմնակից. Հակառակ պարագայում ձեզ կձերբակալեն ու կազատազրկեն: Միաժամանակ, երկրի բոլոր թերթերն ու ռադիոները Ալիևին գնահատում են՝ որպես անպարտելի հերոսի: Լեռնային Ղարաբաղում հաղթանակից 8 օր անց կրպակներում և գրախանութներում արդեն վաճառվում էր հաղթանակի մասին գիրքը, որի շապիկին նախագահի լուսանկարն է: Մի բան էլ՝ Ալիեւը առավել հաճախ է Զանգեզուրի մասին արտահայտվում: Միգուցե դա նրա հաջորդ նպատակակետն է»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Գլխավոր լուսանկարում՝ բլոգեր Մահամադ Միրզալին