«Ազգ»ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
– Արցախի 30-ամյակը նշում ենք բոլորովին այլ կարգավիճակում: Հայկական երկրորդ հանրապետությունն այժմ նաեւ ռուս խաղաղապահների հսկողությանն է հանձնվել: Ի՞նչ ունենք այժմ Արցախում, ի՞նչ գնահատական կտաք:
– Թուրքիայի ակնհայտ օժանդակությամբ եւ ահաբեկիչների ներգրավմամբՙ Ադրբեջանը ռազմական հաջողության հասավ անցած տարվա սեպտեմբերին արցախահայության դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմում: Նոյեմբերի 9-իՙ հրադադարի հաստատման մասին հայտնի եռակողմ հայտարարությունից հետո իսկապես ունենք նոր իրավիճակՙ արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայվել են ռուս խաղաղապահներ: Դրան զուգահեռ, վերջին շրջանում բուռն քննարկում ծավալվեց, եւ եւս մեկ անգամ վերահաստատվեց Արցախում Պաշտպանության բանակի պահպանության անհրաժեշտությունը: Այսպիսով, կարգավիճակի հարցը շարունակում է մնալ օրակարգում, որքան էլ Ադրբեջանը ժխտի դա: Թե՛ հայկական կողմերը եւ թե՛ ԵԱԽԿ ՄԽ միջնորդ երկրների ներկայացուցիչները փաստում են համապարփակ քաղաքական լուծման անհրաժեշտությունըՙ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա կարգավիճակի հստակ սահմանմամբ: Բարդ իրավիճակում ենք դիմավորում Արցախի 30-ամյակը: Չնայած կրած ռազմական անհաջողությանըՙ այսօր արցախահայությունը շարունակում է ապրել եւ արարել Արցախում, եւ դա մեր բազմաթիվ նահատակված զինվորների նվիրումի եւ անձնազոհության շնորհիվ է:
– Ադրբեջանը բոլոր պատեհ-անպատահ առիթներով հայտարարում է, թե Արցախյան հարց գոյություն չունի, այն Ադրբեջանի մի մասն է, որտեղ պարզապես հայեր են ապրում: Արցախի կարգավիճակի հարցի ամենաշահավետ լուծումը ո՞րը կլինի ու ինչպե՞ս:
– Ալիեւն, իհարկե, խեղաթյուրում է իրականությունը: Նա իրեն ներկայացնում է որպես ադրբեջանցի ժողովրդին «բաղձալի» հաղթանակ բերած միակ ղեկավար եւ ժխտում կարգավիճակի հարցի գոյությունը: Բայց իրավիճակն այլ է: Թե՛ 2020-ի դեկտեմբերի եւ թե՛ 2021-ի ապրիլիՙ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարություններում հստակ արձանագրվում է, որ կա քաղաքական համապարփակ լուծման անհրաժեշտությունՙ արդեն հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա: Կարգավիճակի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Բնական է, որ յուրաքանչյուր հայի համար երանելի է մի օր տեսնել Հայաստանի հետ միավորված Արցախ, քանի որ 88-ի շարժումը հենց միավորման նպատակ էր հետապնդում:
– Ադրբեջանը մի կողմից վերազինում է իր բանակը, մյուս կողմիցՙ հայտարարում, որ Արցախը սեփական բանակ չպետք է ունենա: Գիտենք նաեւՙ Շուշիի գյուղերից հանվել են Պաշտպանության բանակի ուժերը: Ինչո՞ւ:
– Պաշտպանության բանակը պահպանվելու էՙ չնայած դա կանխելուՙ Ադրբեջանի փորձերին: Ադրբեջանը վերազինվում է մի քանի նպատակներով: Նախՙ որովհետեւ մեծ ախորժակ ունի նաեւ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ եւ դա բնավ էլ չի թաքցնում, իսկ Արցախի առումով Ադրբեջանը նպատակ ունի մի օր «ազատվել» ռուս խաղաղապահների ներկայությունից ու «մաքրել» Արցախը հայերից: Շատ տիպիկ գործելաոճ է, որի վառ օրինակը Նախիջեւանի հայաթափումն է: Փորձել արգելել Արցախում բնակվող հայերինՙ ունենալ սեփական պաշտպանական ուժերՙ նշանակում է հիմք նախապատրաստել հետագայում այնտեղ ապրող հայերին իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու համար:
– Ինչպե՞ս կգնահատեիք մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքըՙ Արցախի կարգավիճակի հետ կապված որոշակի արդյունքներ գրանցելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի գյուղերը հիշատակելիս, օրինակ, ադրբեջանական տեղանուններ է կիրառում, դա արդյո՞ք չի վնասում մեզ:
– ԱԳՆ ղեկավարը նոր է նշանակվել, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կհաջողի, եւ մենք կտեսնենք ջանքերի ակտիվացում մեր պետական շահերի համար կենսական նշանակություն ունեցող մի քանի ուղղություններով: Ինչ վերաբերում է ադրբեջանական տեղանունների օգտագործմանը, ապա ես չգիտեմ, թե դա ինչ նպատակ էր հետապնդում, ուստի կդժվարանամ մեկնաբանել, ինձ համար դա հասկանալի չէ: Այդուհանդերձ, ես ունեմ ոչ անհիմն մտավախություն, որ մենք Ադրբեջանից եկող իրական սպառնալիքները, Ալիեւի հեռահար նպատակները եւ հարեւան երկրում առկա հակահայկական տրամադրությունները հստակ չենք գիտակցում:
– Սեւ լճի, Երասխի, Գեղարքունիքի ուղղություններով թշնամին շարունակում է սադրանքների դիմել: Ի՞նչ նպատակ է հետապնդում հենց այդ տարածքների ուղղությամբ լարվածության մեծացումը: Կրակոցներ են լինում նաեւ Արցախում: Ի՞նչ են սրանով ուզում ասել հակառակորդները:
– Ադրբեջանը թե՛ կարճաժամկետ եւ թե՛ երկարաժամկետ առումով մի քանի նպատակ է իր առջեւ դրել: Փաստացի, ստեղծելով նոր խնդիրներ, Բաքուն ցանկանում է մոռացության մատնել եւ հետին պլան մղել օրակարգային մյուս հարցերըՙ փորձելով ձեռք բերել նաեւ բանակցային նոր լծակներ: Այսպես կոչվածՙ «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի օրակարգում է եւ ստանում է Անկարայի լիակատար աջակցությունը: Հստակ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր թշնամական քաղաքականությունը թե՛ մեր պետության եւ թե՛ հայ ժողովրդի դեմ: Դրա մասին են փաստում Ալիեւի ելույթներն ու սադրիչ գործողությունները: Բաքուն սպառնում է Երեւանին «խաղաղության պայմանագրով»ՙ դրանով փորձել առհավետ փակել Արցախի հիմնահարցը. դա մեզ համար անընդունելի է:
– Ռուս խաղաղապահներն Արցախում 5 տարով ենՙ ըստ պայմանագրի: Ի՞նչ կարող է լինել այդ պայմանագրից հետո:
– Ենթադրում եմՙ ժամկետի երկարաձգում, դա բխում է Երեւանի եւ Մոսկվայի շահերից, սակայն Բաքուն դեմ է դրան եւ արդեն քայլեր է ձեռնարկումՙ փորձելով ապալեգիտիմացնել ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում: Ակնհայտ էՙ եթե մանդատը չերկարաձգվի եւ չունենանք կարգավիճակի հարցի լուծում, ապա արցախահայության ֆիզիկական գոյությունը դրվում է հարցականի տակ: Այդ իրավիճակից խուսափելու համար պետք է աշխատանք տանել մի քանի ուղղություններով: