Տեւական ժամանակ լքված եւ անտեսված մնալուց հետո Հայաստանը կրկին հայտնվում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ծիրում: Արեւմուտքը, հանձին Եվրոմիության, շաբաթավերջին անակնկալի բերեց բոլորիսՙ պաշտոնապես հայտարարելով, որ առաջիկա չորս տարիների ընթացքում մեր երկրին կտրամադրվի ընդհանուրՙ 2,6 միլիարդ եվրո գումար, որը աննախադեպ է Հայկական պետության պատմության մեջ:
Այդ գումարը, ինչպես հայտարարեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին , ներդրվելու է ոչ թե մարդասիրական, ինչպես սովորաբար լինում է, այլ առավելապես զարգացման եւ հատկապես կրթության ու ճանապարհաշինության ոլորտներում: Ու թեեւ դեռեւս բացահայտված կամ բարձրաձայնված չեն գումարների ներդրման նախապայմաններն ու հարակից հանգամանքները, ինչպես նաեւ վերջնական նպատակները, սակայն քաղաքական իմաստով կարելի է արձանագրել, որ Եվրոմիությունն իր այդ քայլով «փափուկ» տեղավորվում է հարավկովկասյան թատերաբեմում եւ վճռական ձայնի իրավունք է պահանջում գերազանցապես ռազմաքաղաքականացված բեմահարթակի վրա: Թե ի՛նչպես կընկալվի նրա ներկայությունը ցարդ բեմահարթակը միայնակ զբաղեցնող եռյակ խաղացողներիՙ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, դեռեւս տեսնելու հարց է: Սակայն ֆինանսական ներդրման իրավունքը եւ դրա գործնականացումը այնպիսի հաղթաթուղթ է, որը ոչ ոք չի կարող ժխտել, առավելեւս արգելել: Շատ-շատՙ կարող են խանգարել, որը ներկա պայմաններում չի բացառվում, եթե շարունակենք վերջին տարիների, մանավանդ վերջին երեք տարիների անպատասխանատու, խաբեպատիր, սնամեջ եւ վնասաբեր գործելակերպը, գլխավորությամբ ապիկար հայտնի անձնավորության:
Անշուշտ պատրանքներ պետք չէ ունենանք, որ եվրոպացիները 2,6 մլրդ եվրոյի օգնությունը հայթայթում են միայն բարի նկատառումներով, միայն մեզ համար: Միշտ հիշենք 2008-ի պատերազմից հետո Վրաստանին տրված 3 միլիարդ դոլարը: Ավելորդ է ասել, որ եվրոպացիք այդ նախաձեռնությանը դիմում են իրենց համար, աշխարհի այս զգայուն հատվածում խոսքի եւ գործի իրենց իրավունքը հաստատելու համար: Եվ մեր հավաքական իմաստությունից է կախված, թե ինչքանով եւ ինչպես այդ խոսքը կհնչի ներդաշնակՙ մեր ձայնի հետ, որը, դժբախտաբար, 44-օրյա պատերազմից հետո կորցրել ենք իսպառ, դարձել ենք քրջե գնդակ, որը տշում են աջից ու ձախից, կրծոտում ու պատառոտում: Այդ նախաձեռնությունը հաստա՛տ կարող է մեզ օգնել, ի թիվս այլոց, Արցախյան հարցը Մինսկի խմբի եռանախագահության սեղան վերադարձնելու եւ դրանով իսկ «Արցախի հարցը փակված» հայտարարող Իլհամի լափառոշ բերանը փակելու համար: Այդ նախաձեռնությունը կարող է չափավորել Հայաստանը Աջարիայի վերածելու Էրդողանի նկրտումները: Կարող է հակակշռել մեր գլուխը սակարկության առարկա դարձնելու Պուտինի ռազմաստրատեգիակա՜ն ազարտը : Կարող է, դրական իմաստով, գրավիչ դարձնել մեր երկիրը Իրանի եւ Չինաստանի համար նաեւ: Եվ վերջապեսՙ կարող է արտասահմանյան ներդրումների խթան հանդիսանալ վաղուց ներդրում չտեսած այս երկրում, որտեղ, սփյուռքահայ մի գործարարի ասելով, անգամ 5 միլիոն դոլարը պատշաճորեն ներդնելու տեղ չկա: Չմոռանանք բիզնեսի ոսկե կանոնըՙ կարեւորվում է, գրավիչ է դառնում այն երկիրը, որտեղ այլք ներդրումներ են կատարել արդեն:
Սակայն զգո՛ւյշ, վերը նշված եռյակի մեջ իրավունք չունենք մոռանալու մեր ավանդական դաշնակցիՙ Ռուսաստանի հետ վարվելու հիմնական կանոնները: Ճիշտ է, որ այդ դաշնակիցը, այս էլ որերորդ անգամ, դավաճանել է մեզ,- այս բնորոշումը իմը չէ, այլՙ Արեւելքի հարցերով ռուսաստանցի առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկունը,- սակայն մենք ենք, ավելի ճիշտՙ «թավշյա» կամ «պողպատյա» մեր իշխանությունը, որը առիթներ տվել է նրան մեզ հետ այդպես վարվելու, որից օգտվել ու դեռ օգտվում է նա, շրջանցելով պարկեշտ գործընկերության կանոնները:
Բնավ մտահան պետք չէ անել նաեւ, որ եվրոպացիք, մեզ համար շատ մեծ համարվող այդ ներդրմամբ գալիս են Հայաստան ի հակակշռումն Ռուսաստանի եւ ի շահ իրենց: Կարո՞ղ ենք, առանց հայկական շուստրիության, առանց ավելորդ ճկունության եւ միայն ազգաշահ իմաստությամբՙ խոստացված ներդրումները ծառայեցնել մեր պետության շահերին: Անկեղծորեն ասածՙ ոչ: Պատճառը հայտնի է, կրկնելու կարիք չկա: Սակայն կա մի բան, որը կարող ենք հաշվի առնելՙ եվրոպացիների բծախնդրությունը նման պարագաներում: Բանն այն է, որ եվրոպացիք սիրում են ներդրումների հարցում գործ ունենալ միայն պրոֆեսիոնալ, ձեռնհաս եւ պարկեշտ անձնավորությունների հետ: Հետեւաբար նրանք կպահանջեն համապատասխան կադրեր քառամյա ծրագրերը իրականացնելու համար: Տպավորությունս այն է, որ այս օրերին որպես կառավարության անդամության թեկնածու շրջանառվող անունների շարքում մեկ-երկու պրոֆեսիոնալները հենց այդ նպատակի համար են նախատեսվում:
Կապրենք, կտեսնենք: