RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1072, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՊԱՏԱԿԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Բոյկոտն ինչ-որ բան անելու կամ չանելու յուրօրինակ միջոց է, որը հաճախ է հայտնվում որոշակի հանրության առաջ: Այն առաջնահերթ խնդիրներ է ստեղծում տնտեսության մեջ, որն էլ իր հերթին ազդում է մարդկանց առօրյայի, կյանքի ու կենցաղի վրա: Ստացվում է փակուղային մի վիճակ, երբ տուժում են գործընթացի բոլոր կողմերը մի շարք առումներովՙ սկսած պարզ կենցաղայինից մինչեւ սոցիալ-տնտեսական, անգամՙ ռազմա-քաղաքական: Այստեղ արդեն պարզվում է, որ իրավիճակից ելք այսուհանդերձ կա, եւ այն ընդամենը սեփական ուժերի օգնությամբ լուծելու շրջանակում է: Կարծես չափից շատ ընդհանրական ստացվեց, որը փորձեմ մանրամասնել մեր պայմաններում հանդիպող կոնկրետ փաստարկումներով:

Հայաստանյան հանրության առջեւ դրվել է թուրքական ապրանքները բոյկոտելու խնդիր, որի առաջնահերթը թերեւս հագուստն է: Հագուստ անվանացանկի մեջ է կոշիկն իր բազմազանությամբՙ փոքրի ու մեծի, կնոջ ու տղամարդու, տաք ու սառը եղանակների, առօրյայի ու հանդիսությունների: Այնպես որ, եթե հասարակ մահկանացուներն այն 1-2 զույգ են ունենում, մի փոքր այլք դրանից տասնյակներով են գնումՙ մատչելիից մինչեւ աստղաբաշխական գների հասնող: Փորձեցի փոքր-ինչ մանրամասնել մեն-միակ այս ոլորտը, ցույց տալու համար, թե տնտեսական ու տնտեսվարական ինչ կարողունակություն է այն պարունակում, ինչ միջոցներ է ընդգրկում, ինչպիսի աշխատատեղեր ու աշխատաշուկա է ենթադրում: Թուրքիայից 270 մլն դոլարի ներկրումների մեջ միայն հագուստը կազմել է 70 մլն դոլար:

Այնպես որ հեռու գնալ պետք չէ, եւ առաջնորդվելով յուրաքանչուր նորը մասամբ մոռացված հինն է մոտեցմամբ, փորձենք վերհիշել ոչ վաղ անցյալում մեր ունեցած այս ոլորտի վիճակագրությունը: ՀՍՍՀ-ն համարվում էր գերհզոր խորհրդային երկրի կոշիկի արտադրության հզոր կենտրոններից մեկը, ուր 1985-ին թողարվկել է մոտ 20 մլն զույգ մոդայիկ ու նրբագեղ կոշկեղեն, որի էլ 65 տոկոսն արտահանվել է: «Մասիս», «Նաիրի», «Լյուքս» միավորումների արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, քանզի համապատասխանում էր ժամանակի չափանիշներին: Ավաղ, այն կազմալուծվեց եւ այսօր ոլորտը գոյատեւում է հիմնականում փոքր ու միջին գործարարության շնորհիվՙ բացառապես ներկրված կաշեհումքի եւ օժանդակ միջոցների հաշվին, որը հիմնականում իրականացվում է անբարյացակամ հարավային երկրից: Եվ հարցըՙ հնարավո՞ր է արդյոք ոլորտը վերակենդանացնել նորովի, հնչում է ինքնաբերաբար:

Պարզ է, որ այն առաջնահերթն առնչվում է կաշվի հետ, որը ժամանակին իրականացվում էր Ստ. Շահումյանի անվան ձեռնարկությունում: Որոշ հաղորդումներից տեղեկանում ենք, որ այն այժմ էլ գործում է, միայն թեՙ տարվա մի քանի շաբաթ. հումքի զգալի պակաս կա, քանզի ցաք ու ցրիվ սպանդի պայմաններում անասնակաշին այդկերպ էլ հավաքվում եւ ուղարկվում է դուրս, այլոց հումք ծառայում, հետո պատրաստի կաշվի տեսքով վերադարձվում ՀՀ: Այս գործընթացում էական է հատկապես խոշոր եղջերավորի գլխաքանակը: Ըստ մի շարք ռազմավարական հռչակված ծրագրերի կանխատեսվում էր տարիներ առաջ ունենալ 800 հազար գլխաքանակ, երբ 2016-ին պահվող 700 հազար խոշորից 2018-ին մնացել է 590 հազարը, որից կովերըՙ 320 հազար եւ 267 հազար: Արդյունքումՙ ՀՀ առեւտրային ցանցում հայտնվեցին կաթ պարունակող արտադրանք անվանմամբ կաթնամթերք, երբ հանրության պահանջն առավելապես առողջ սնունդ ունենալն է:

Ընդամենը երկու տարում անհրաժեշտ անասնագլխաքանակի նման նվազումը իշխանության տնտեսական բլոկի որեւէ պատասխանատուի չանհանգստացրեց: Կաթի ու մսի պակասորդը փակվեց ներկրումներով, նույնըՙ կաշվի պարագայում: Տարօրինակն այստեղ այն է, որ ոլորտի պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հիմա էլ, բոյկոտի պայմաններում, մարդկանց առաջարկում են... կաշվի նոր շուկաներ փնտրել, երբ հարկ է տեղական արտադրություն կազմակերպել, պատրաստի կաշի արտահանել, շուկաներ գրավել: Թե ո՞ւր մնաց այդ կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացման ակնկալիքը, կապված աշխատավարձերի ու պարգեւավճարների կտրուկ բարձրացման հետ, պարզապես պարզ չէ: Փոխարենը պարզից էլ պարզ է, որ հատկապես գյուղոլորտը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկելը հարկ է որ արտացոլվեր առավել գործնական դրսեւորումներովՙ հումք մատակարարելով վերամշակողներին եւ սնունդՙ բնակիչներին: Առայժմ փաստ է, որ անգամ շաքարավազի հումքն է ներկրվում, երբ ՀՀ վարելահողերի էական մասը չի մշակվում, ողջ երշիկեղենը պատրաստվում է ներկրված խոր սառեցված մսատեսակներից...

Համաշխարհային զարգացումները հաստատում են, որ տնտեսական արդյունքները գրանցվում են առանձին վերցրած ոլորտների հաջողությունների շնորհիվ, այլ ոչՙ ընդհանրական ձեւակերպումներով: Լուծված խնդիրը վստահություն է ներշնչում, որ անլուծելի հարցեր չկան, հաջողությունը յոթ սարի ետեւում չէ, այլՙ հարեւանությամբ: Մնում է այն նկատել, այդկերպ բազմապատկել ՀՀ ՀՆԱ-ն, որից գոյացող միջոցներով էլ մեր չքնաղ Հայաստանն անխոցելի դարձնել:

09.11.2020

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ