RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Երբ հույսդ դնում ես տուրիզմի վրա....

#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2020-03-12 23:04:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1621, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՀԱՐՑԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ, ՈՐՔԱՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Մանավանդ որ ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնում «Հեյՙաթ-ի Թահրիր աշ-Շամին» հանել ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, իսկ պետքարտուղար Պոմպեոնՙ Թուրքիային «patriot-ներ» տրամադրել

Մարտի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեց Մոսկվա հանդիպելու իր ռուս գործընկերոջՙ Վլադիմիր Պուտինին: Թուրքական աղբյուրների վկայությամբ հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր Էրդողանին, իսկ դրա անցկացումը նախատեսվում էր Ստամբուլում: Այդ մասին Անկարայում պաշտոնապես հայտարարվել էր: Սակայն Կրեմլի խոսնակ Պեսկովը հանկարծ հայտարարեց, որ նախագահ Պուտինը մարտի 5-ին ուրիշ գործեր ունի, չի կարող հանդիպել Էրդողանին: Դիվանագիտական էտիկայի կանոններին հակասող այս հայտարարությունը, ըստ երեւույթին, ստիպեց Էրդողանին, որ հանդիպման նպատակով ի՛նքը մեկնի Մոսկվա:Դրա համար Էրդողանն ուներ լուրջ պատճառներ, որոնցից կարեւորագույնը, թերեւս, Իդլիբում նոր զոհերից խուսափելն էր, նախագահ Ասադի զռրքերի առաջխաղացման կասեցումն ու ինչպես նաեւ առկա դիրքերի պահպանումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրման կանխարգելումը, ինչը ենթադրում էր կողմերի միջեւ զինադադարի հաստատումը:

Թեեւ Պուտին-Էրդողան մոսկովյան հանդիպումից հետո միջազգային մամուլն ազդարարեց Իդլիբում հակամարտող կողմերի միջեւ հրադադարի հաստատումը, իսկ ԱՄՆ-ի, Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի համապատասխան գերատեսչությունները, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս հայտեցին, որ այդ հրադադարը կլինի հարատեւ, նախազգուշացնելով Ռուսաստանին եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին չխախտել դրա դրույթները, սակայն համաձայնագրի տեքստում չի շեշտվել հրադադար բառը, ոչ էլ դա ամրագրվել է առանձին պայմանագրով: Դրա փոխարեն մատնանշվել է «ռազմական գործողությունների դադարեցում» արտահայտությունը: Ավելին, Մոսկվայի համաձայնագրի հրապարակումից անմիջապես հետո, ինչպես նշեց «Halk TV-ին», Իդլիբում տեղակայված «Հեյՙաթ-ի Թահրիր աշ-Շամի» ահաբեկիչները հայտարարել էին, որ այդ հրադադարը իրենց չի վերաբերում, հետեւաբար դրան ենթարկվելու մտադրություն չունեն եւ իսկույն խախտել էին:

Խախտումները շարունակվեցին նաեւ հաջորդող օրերին: Թուրքիան դրանում, հասկանալի պատճառներով մեղադրեց Ասադի զորքերին, շրջանցելով իհարկե «Հեյՙաթ-ի Թահրիր աշ-Շամի» չարագործությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդ կազմակերպությանը ճանաչում է որպես ահաբեկչական: Թուրքիան նույնպես: Բայց նա Իդլիբում ռազմական ներկայությունը պահպանելու համար այս մարդասպանների վրա հենվելու նկատառումով, դրանց ահաբեկչությունը շրջանցելուց զատ, դեռ հովանավորում է, նույնիսկ թուրք զինվորի համազգեստ հագցնում, որ խուսափեն Ասադի զորքերի հաշվեհարդարից: Էրդողանի լկտիության արդյունքը հանդիսացող արեւելյան այս խորամանկությանն ԱՄՆ-ը տուրք է տալիս, որ օգտագործելով Իղլիբի ճգնաժամը ռազմական ներկայություն ապահովի Արեւմտյան Սիրիայում, ԵՄ-ը ՆԱՏՕ-ի հետ պաշտպանում է նրան, իսկ Պուտինն էլ , այնքան է ոգեվորվել Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ փչացնելու հեռանկարով, որ Էրդողանի պարզունակ խորամանկությունից զատ հանդուրժում է նաեւ բացահայտ լկտիությունը:

Ընդ որում դա դրսեւորվում է ոչ միայն նախագահ Ասադի, այլեւ Ռուսաստանի հանդեպ: Նախքան մոսկովյան հանղիպումը փետրվարի 27-ին Իդլիբում սպանված 33 թուրք զինվորի սպանության առնչությամբ Էրդողանն ամենալկտի արտահայտություններով մեղադրեց նախագահ Բաշար Ասադին, թե Սիրիայում «քարի վրա քար, ուսերի վրա գլուխ չի թողնելու»: Նրան հավելեց Թուրքիայի ազգային մեծ ժողովում Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հետ դաշինք կազմած Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին , ասելով.«Հրկիզվի Սիրիան, քանդվի Իդլիբը, կորչի Ասադը»:Նա միաժամանակ կոչ արեց կառավարության զորքերը շարժել Դամասկոս, տոպրակ հագցնել Սիրիայի նախագահի գլխին եւ կտրել վիզը, ավելացնելով, որ եթե հարկ լինի, ինքը կվերցնի իր զենքը եւ կգնա կռվի: Մինչդեռ առաջացած տարիքի պատճառով հազիվ էր մոտենում ամբիոնին: Ինչ վերաբերում է նրա մտավոր կարողություններին, ապա Դողու Փերինչեքի «Այդընլըք» հեռուստատեսությամբ բազմիցս նշվել էր, որ Բահչելին ի վիճակի չէ նույնիսկ հինգ հարկանի շենքի լիազոր դառնալ, ընդգծելով կուսակցության կենտրոնական վարչության շենքում երգչուհու Սեդա Սայանի վարած «ամուսնության» ծրագրերը դիտելու նրա անզուսպ հակումները:

Ընդդիմությունը, ի տարբերություն Էրդողանի, թուրք զինվորների սպանության համար Սիրիայի նախագահի փոխարեն մեղադրեց ռուսական կողմին, թե առանց Ռուսաստանի թույլտվության սիրիական բանակը չէր կարող հարձակվել թուրքական զորքերի վրա: Դա զարկ տվեց երկրում հակառուսական տրամադրությունների ծավալմանը, իսկ «Haberturk-ի» մեկնաբանը հեռուստաէկրանից հայտարարեց. «Արջի մորթուց մուշտակ, ռուսից բարեկամ չի լինի, կարելի է բարեկամանալ միայն ռուս կանանց հետ»: Հակառուսական տրամադրությունները Թուրքիայում շարունակեցին ծավալվել նաեւ Էրդողանի մոսկովյան հանդիպումից հետո: Նա Պուտինի հետ հանդիպման էր մեկնում Իդլիբում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջադրանքով: Դա չխանգարեց, սակայն, Էրդողանին կարգադրելու Ստամբուլի կուսակալին, որ ցրի «Ոՙչ պատերազմին» կարգախոսով ցույցը, արգելի համանման կարգախոսերով ամեն մի միջոցարում, արգելելով խաղաղության պահաջով կազմակերված միջոցառումները: Արգելվեց նաեւ Քեմալ Աթաթուրքի հանրահայտ «Խաղաղություն աշխարհում, խաղաղություն երկրում» ասույթի բարձրաձայնումը:

Ակնհայտ է, որ Էրդողանը իդլիբում կայուն հրադադար, առավել եւս Սիրիայում խաղաղություն հաստատելու խնդիր չուներ, ոչ էլ կունենա, եթե չստիպեն: Թեեւ նա մշտապես հավաստիացնում է, որ Թուրքիան պաշտպանում է Սիրիայի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց շարունակում է օկուպածված վիճակում պահել Ջարաբլուսը, Ազազը, Ալ Բաբն ու Աֆրինը: Ավելին, Աֆրինում նշանակել է կուսակալ, մյուս բնակավայրերումՙ կառավարիչներ, Գազիանթեպի համալսարանը բացել է ֆակուլտետներ, թուրքական փոստային ծառայությունըՙ մասնաճյուղեր, նշանակվել են թուրք դատավորներ եւ այդ բնակավայրերում շրջանառության մեջ է դրվել թուրքական լիրան: Այլ կերպՙ Թուրքիան սկսել է յուրացնել Սիրիայի օկուպացրած տարածքները, իսկ թուրքական օկուպացումն ամենայն հավանականությանբ իրականացվել է Պուտինի թույլտվությանբ, ինչի մասին թուրք դիտորներն են նշել: Դիտորդները դեռ մի կողմ, նշված բնակավայրերն օկուպացվել են 2017-18 թթ., այսինքն Սիրիայի զարգացումներին Ռուսաստանի միջամտությունից երկու տարի հետո:

Վերադառնանք Պուտին-Էրդողան հանդիպմանը: Թուրքիայի նախագահը, ինչպես ինքն էր ասել Անկարայի օդակայանում, Մոսկվա էր մեկնել, որ Բաշար Ասադի զորքերին դուրս բերի թուրքական ռազմական հենակետերի շրջանից եւ M4 ու M5 ռազմավարական մայրուղիների խաչմերուկում գտնվող Սարակիբից: Միաժամանակ նա մտադիր էր խնդրել Պուտինին դուրս գալ թուրքական եւ սիրիական զորքերի արանքից: Էրդողանին չհաջողվեց կատարել իր առաջադրանքներից ոչ մեկը: Պարզապես այս հանդիպմանը նա իր ռուս գործընկերոջը դիմեց հակառակ սովորության ոչ թե «իմ հարգարժան բարեկամ», այլ «Ռուսաստանի մեծարգո նախագահ» արտահայտությամբ:

Պուտին-Էրդողան առանձնազրույցը թուրքական աղբյուրների համաձայն տեւել է երկու ժամ եւ հինգ րոպե, իսկ ըստ ռուսականիՙ մոտ երեք ժամ: Այնուհետեւ կողմերը բանակցությունները շարունակել են եւս երեք ժամ ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ: Պուտինը մասնակցե՞լ է ընդլալնված կազմի բանակցություններին, թե ոչ, հայտնի չէ: Երեք ժամ տեւողությամբ այս բանակցություններից հետո սակայն երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի ներկայացոււցիչների առջեւ: Քանի որ նրանց ելույթին արձագանքել են հայկական լրատվամիջոցները, հարկ չենք համարում կրկին անդրադառնալ: Պարզապես նշեմ, որ Էրդողանն ընդունելության համար երկու անգամ շնորհակալություն հայտնեց Պուտինին, ինչը շահարկումների տեղիք տվեց Թուրքիայում, այն առումով, որ նախագահները միմյանց հետ հանդիպելիս իրար շնորհակալություն չեն հայտնում , դա անում են նախագահի հետ հանդիպող վարչապետերը կամ արտգործնախարարները:

Ինչ վերաբերում Մոսկվայում կողմերի ստորագրած ռուս-թուրքական համաձայնագրին, ապա դա պատրաստվել է ռուսերեն, թուրքերեն եւ անգլերեն: Համաձայնագրի թուրքերեն տեքստը լրագրողներին ներկայացրեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, իսկ ռուսերենըՙ նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը: Համաձայնագրով Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիայի Հանրապետությունը դառնում են Իդլիբում ռազմական գործողությունների դադարեցման երաշխավորը, կրկնում իրենց հավատարմությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, միասնականությանը եւ տարածքային ամբողջականությանը, ի նկատի են առնում Սիրիայում լարվածության թուլացման շրջաններ ձեւավորելու մասին Աստանայի 2017-ի մայիսի 4-ի եւ Իդլիբում լարվածության թուլացման շրջանում իրավիճակի ապակայունացմանն առնչվող Սոչիի սեպտեմբերի 17-ի հուշագրերը, կրկնում ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ պայքարելու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից որպես ահաբեկչական ճանաչված խմբավորումներին լիովին վնասազերծելու իրենց վճռականությունը եւ ընդգծում են կամավոր հիմունքներով փախստականներին բնակության նախկին վայրեր վերադարձը դյուրացնելու անհրաժեշտությունը:

Մոսկովյան համաձայնագրով կողմերը պարտավորվում են մարտի վեցից դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները, Հալեպը Լաթաքիային կապող M4 մայրուղու երկալնքով ստեղծել վեցական կմ-նոց անվտանգության երկու գոտի, որի հյուսիսային հատվածը պետք է հսկի թուրքական, իսկ հարավայինը ռուսական կողմը, պատրաստվում են մարտի 15-ից ռուս-թուրքական համատեղ պարեկություն անցկացնել Սարակիբի Արեւմուտքում, նշված մայրուղու երկայնքով: Համաձայնագրում առհասարակ չի հիշատակվում M5 մայրուղին: Դա նշանակում է, որ սիրիական զորքերը կպահպանեն վերջին հարձակումներում ձեռք բերած նվաճումները, մնալով իրենց ներկայիս դիրքերում:

Թեեւ համաձայնագրով Ռուսական եւ թուրքական կողմերի ստանձնած պարտավորությունները դեռ պետք է հստակեցվեն երկու երկրների պաշտպանության նախարարությունների համատեղ ջանքերով, սակայն համաձայնագիրը չափազանց խճճված է: Օրինակՙ այնտեղ որեւէ բառ չկա Իդլիբի հուշագրով նախատեսված թուրքական դիտակետերի մասին, որոնք ներկայումս, հայտնվելով սիրիական զորքերի վերահսկողության տարածքում, շրջապատված վիճակում են:Դրանք Սոչիի հուշագրով պարտավորվել էին զինաթափել ահաբեկչական խմբավորումներին, չկատարեցին ստանձնած պարտականությունը: Եթե դուրս բերվեն շրջափակումից, ինչ են անելու դրանք, գուցե ստանան պայմանագրով չամրագրված զինադադարը վերահսկելու առաջադրանք, բայց ի՞նչպես:

Ավելին, որքան էլ կողմերը հայտնեն իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը, այս հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը Էապես տարբերվում է նախագահ Բաշար Ասադի եւ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի որդեգրած թշնամական դիրքորոշումից: Եթե Թուրքիան, ավելի ճիշտՙ Էրդողանը չվերանայի իր դիրքորոշումը, առավել եւս չհրաժարվի հրապարակավ նախագահ Ասադին հայհոյելու լկտիությունից, ապա ի՞նչպես է գործարկվելու այդ համաձայնագիրը, կամ ի՞նչ ձեւով է լուծում առաջադրելու Սիրիայի առջեւ ծառացած խնդիրներին, մանավանդ որ դրա առաջադրած լուծումը դատապարտված է լինել միջանկյալ, ոչ ավելին: Հատկապես Վաշինգտոնի «Հեյՙաթ-ի Թահրիր աշ-Շամին» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու, իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Թուրքիային «patriot-ներ» տրամադրելու պատրաստակամության ֆոնին, ինչը մինչեւ մոսկովյան ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրումը կտրականապես մերժվում էր Վաշինգտոնում: Ի դեպ Իդլիբում Թուրքիային օդուժի աջակցություն է խոստացել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, դրա համար առանց հիշատակելու ռուսական հակաօդային S-400 համակարգերից հրաժարվելու անհրաժեշտության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

AZG Daily #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ