RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-12-13 13:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3976, Տպվել է` 130, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՔՈՒՐ ԴՈՍՅԵ... ԹՈՒՐՔԵՐԻ ՄՈՏ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կ. Պոլսո պատրիարքի ընտրության առթիվ

Նպատակասլացության բացառիկ օրինակ կարող է համարվել Սահակ արք. Մաշալյանի բազմելը Թուրքիո հայոց պատրիարքական աթոռին: Նպատակասլացությունՙ ուղեկցված մանրիկ, բայց խորամանկ քայլերով, տարիների երկայնքին կատարված հաշվենկատ գործողություններով, խարդավանքներով ու մանավանդ անօրինակ քծնանքով առ թուրքական իշխանություններ:

Դեկտեմբերի 11-ին Պոլսում ավարտվեց ավելի քան երկու տարի առաջ սկսված մրցավազքը Սահակ Սրբազանի ու նրա վերջին եւ մինուճար մրցակից Արամ արք. Աթեշյանի միջեւ: Մրցակիցներՙ վերջին պահի, գործակիցներՙ նախորդ հանգրվանների, երբ այս երկյակը, երկուսն էլ հնազանդ-ականջ թուրքական համապատասխան իշխանավորների «հուշումներին», հաջողեցին տունՙ Գերմանիա ուղարկել պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեքչյանին, իսկ այնուհետեւ, մրցասպարեզը միանձնյա, ավելի ճիշտՙ երկանձնյա վայելելու համար, դարձյալ թուրքական քաջալերանքով, պատրիարքի ընտրության կանոնադրության մեջ մտցնել տվեցին անթույլատրելի սահմանափակում, ըստ որի, փաստորեն, Թուրքիայում չբնակվող մեր եկեղեցականներին արգելվեց որպես պատրիարքական թեկնածու մասնակցել ընտրություններին: Դրանով նրանք, այդ երկուսը, բացառեցին ծագումով (հոր կողմից կամ անձնապես) թուրքահպատակ որեւէ եկեղեցականի մասնակցության իրավունքը, ինչը առաջին հերթին ուղղված էր Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի եւ, ապա, հնարավոր այլ թեկնածուների դեմ:

Սա ամենացավալի զիջումն էր 1923 թ. Լոզանի հաշտության պայմանագրում ամրագրվածՙ Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների ներքին ինքնավարության իրավունքից, որից այսպես թե այնպես օգտվում էր նաեւ հայկական փոքրամասնությունը ցայդ: Այդ զիջման համար պատասխանատու են ե՛ւ վերոհիշյալ երկյակը, ե՛ւ ընտրությունները նախապատրաստող մարմինը, ե՛ւ ընտրական հանձնաժողովը հավաքաբար: Այդ կապակցությամբ անբացատրելի էր նաեւ Մայր աթոռ Ս. Էջմիածնի կեցվածքը կամ, ավելի ճիշտ, կեցվածք չունենալը, որը, ճիշտ է, ընդամենը հոգեւոր իշխանություն ունի Կ. Պոլսո աթոռի նկատմամբ, սակայն կարո՛ղ էր բարոյական ճնշում գործադրել զիջողների վրա, ինչը չարեց, կամ չարեցՙ հրապարակավ:

Վերադառնալով ընտրությունների նախընտրական գործընթացին պետք է արձանագրել, որ այդ ընթացքում պարզվեցին զույգ թեկնածուների նկարագրի ու գործելակերպի առանձնահատկությունները: Նրանցից առաջինըՙ Արամ Սրբազանը, որը մինչեւ Մեսրոպ արք. Մութաֆյան պատրիարքի մահը, նրա անգիտակից կենդանության տարիներին, որպես պատրիարքական փոխանորդ վարում ու տնօրինում էր պատրիարքության գործերը, լինելով սակայն ոչ զարգացած եւ ոչ էլ խորամիտ անձնավորություն, պարզամիտ անձնվիրությամբ ընդունում էր թուրքական իշխանությունների հրահանգները թուրքաշահ եւ հայավնաս հայտարարություններ անելու, կարծելով այդպիսով ապահովելու էր պատրիարք դառնալու իր երազանքի իրականացումը:

Մինչդեռ Սահակ եպս. Մաշալյանը, ինչպես ասվեցՙ խորամանկ, իր նման ծառայությունները թուրքական կողմին մատուցում էր փոխադարձության սկզբունքով, այսինքն սակարկելով: Եվ նա ի վերջո հասավ իր երազանքին ու դարձավ Կ. Պոլսո պատմական աթոռի 85-րդ գահակալ: Մինչ այդ, անցնող 7-8 տարիներին, Սահակ Սրբազանը գործել էր, ինչպես ասվեց սկզբում, խիստ նպատակասլաց, շատ ուշադիր, որպեսզի թուրքական իշխանությունների մոտ իր թղթածրարըՙ դոսյեն, միշտ մնա մաքուր: Հատկանշական մի նկատառում այս կապակցությամբ. Սրբազանը շուրջ երեք տարի մնացել եւ աշխատել է Մայր աթոռ Ս. Էջմիածնում, նույնիսկ մի շրջան տեսուչ է նշանակվել Գեւորգյան ճեմարանիՙ առանց համապատասխան պատրաստություն ունենալու, միաժամանակ «Շողակաթ» հեռուստատեսությամբ տարօրինակ քարոզներ էր մատուցում հայրենի ժողովրդին: Նա այդ երեք տարվա ընթացքում չի մասնակցել Ծիծեռնակաբերդի հուշարձանին Ապրիլի 24-ին մատուցվող հոգեհանգստյան արարողություններին...

Այո, այսպիսի սրբազաններ եւ այսպիսի պատրիարք:

Ուրախ լեր, Հայ եկեղեցի: Ու փորձիր արդարացնել նրանց ու նրանց նմաններին, թե հայերը պատանդ են Թուրքիայում, թե ստիպված են այդպես վարվել, եւլն, եւլն, մոռանալով, որ անհամեմատ դժնի ու դժնդակ պայմաններում ինչպես էին վարվում Կ. Պոլսո մեր մեծանուն պատրիարքներըՙ Վարժապետյանից, Օրմանյանից մինչեւ Գարեգին Խաչատուրյան:

***

Անշուշտ, պատրիարքի ընտրության առիթով գրվելիք տողեր չեն սրանք: Պատշաճությունը պահանջում էր գոհունակություն հայտնել, որ վերջապես, 10-12 տարի տեւած տագնապը հանգուցալուծվեց նոր պատրիարքի ընտրությամբ եւ հաջողություն մաղթել նոր գահակալին: Մաղթելըՙ մաղթում եմ, սակայն հիշում եմ Սահակ սրբազանի քարոզներից մեկըՙ նվիրված Սուրբ Հոգու առարկայական ներկայությանը:

Սրբազանն ասում էր. «Այդ հոգին ներկա է, մեր շուրջն է, մենք չենք տեսներ զայն, սակայն կատուն կտեսնե»:

Շատ կուզենայի տեսնել այդ Հոգին պատրիարքական ընտրություններում. չեմ տեսնում. ես կատու չեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ