Մենաշնորհի դեմ «հավերժ» պայքարի ու Սամվել Բաբայանի մասին
Պետք էր ընդամենը մի քառօրյա պատերազմ, որ անհավանական թվացող բաներն իրականություն դառնան: Ասենք` պաշտպանության նախարարությունում մի շարք պաշտոնանկությունները: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի ամենակայացած համակարգը, այնուամենայնիվ, բանակն է, ըստ այդմ էլ` միգուցե ռազմական գերատեսչությունը: Եթե այնտեղ մարդկանց փոխում են, քանի որ, այո, մեծ թվով զոհեր ենք ունեցել ինչ-որ բացթողումների պատճառով, ուրեմն, միգուցե այնպես անենք, որ ամեն ոլորտում պատերազմին համարժեք այնպիսի գործողություններ կազմակերպենք, որ ի վերջո ակնհայտ երեւա` ո՞վ է միայն իր ու իր հարազատների գրպանների համար աշխատում, ով է խանգարում ոլորտների զարգացմանն ու արդյունավետությանը (չնայած` չենք կարծում, որ ՊՆ-ում որեւէ մեկն առանց կենտրոնացված համակարգման որեւէ բան ինքնուրույն կարող էր անել, այս իմաստով չէինք ուզենա կրկին միայն սլաքավարներ առանձնացնելու իմիտացիայի դրսեւորում տեսնել, դա աղետալի ճանապարհ է): Միգուցե չափազանցում ենք ոլորտներում ցնցումներ առաջացնելու առումով, բայց Հայաստանում ամեն ինչ այն աստիճանի է կանգ առած, որ շարժում առաջացնելու համար իսկապես արտակարգ միջոցառումներ են պետք:
Թե չէ` ի՞նչ է ստացվում, բոլոր ճեղքերը փակ են սովորական բիզնես- նախաձեռնողի համար, տնտեսությունն այնպես է բզկտվում մենաշնորհի պատճառով, որ դրանից այն կողմ էլ տեղ չկա իջնելու, մերոնք դեռ մենաշնորհն օրենքով կարգավորելուց են խոսում, կամ անգամ զարմացնում մտքի այնպիսի գոհարներով, թե ժողովրդին է թվում, որ մենաշնորհ կա:
Մեզ թվում էր` ապրիլյան պատերազմից հետո մերոնք կգնահատեն պետությանն ուղղված սպառնալիքը, եւ միգուցե դանդաղորեն ձեռքները հանեն պետության գրպանից, բիզնեսում գոնե մեկումեջ թույլ կտան սովորական մարդկանց ու նախաձեռնողներին շնչել, զարկ կտան պետության անվտանգության` տնտեսական ու ռազմական բաղադրիչների արագ վերաբեռնմանը: Սակայն ոչ մի նշան չկա առայժմ այդ առումով: Մենաշնորհների դեմ պայքար իբր սկսելու ժամկետներն էլ անընդհատ էս ամսից մեկել ամիս են հետաձգում` լրիվ անլրջացնելով գաղափարը, իսկ իրականում տարբեր հնարամտություններով ժամանակ ձգելով մինչեւ եկող` ընտրական տարվա մոտենալը: Այն աստիճան անշարժություն է, որ անգամ սովորական հարցազրույցը կարող է տատանել թվացյալ հանդարտությունը, բազմաթիվ ենթադրությունների ու վախերի պատճառ դառնալ… Խոսքը «Սիվիլնեթին» Սամվել Բաբայանի տված հարցազրույցի մասին է:
Հարցազրույցում նոր բան կա` չորսօրյա պատերազմը Բաբայանը հակառակորդի դիվերսիա է անվանում, այն եւս` չպլանավորված, որի պատճառով մենք դիրքեր ենք կորցրել, իսկ հետո փորձել ենք հետ բերել:Պաշտոնյա չլինելը նրան թույլ է տալիս առանց հերոսական հռետորաբանության ասել այն, ինչ պաշտոնյաներն իրենց թույլ տալ չեն կարող, եւ ինչ վաղուց ուզում է հասկանալ հայ հանրությունը: Միգուցե` դա իր ըմբռնումն է տեղի ունեցածի մասին, սակայն դա Արցախի, արցախյան պատերազմի ամեն մանրամասնին ժամանակին տիրապետած ռազմական ղեկավարի տեսակետ է: Այս դեպքում հավանաբար պետք է վերանալ Բաբայանի վերաբերյալ ոչ միանշանակ ընկալումներից, որոնք առաջացնող պատճառները վերագնահատելու ժամանակ Բաբայանն ինքն էլ ունեցած կլինի, եւ խնդրին նայել ազգային-ռազմական անվտանգության տեսակետից:
Մինչդեռ բոլորն այս հարցազրույցում քաղաքական ենթատեքստեր են փնտրում: Արդյո՞ք այս ձեւով Ս. Բաբայանը չի փորձում կրկին վերադառնալ քաղաքականություն` մի ձախողված փորձից հետո, ու արդյո՞ք նրա հետեւում չկան այլ ուժեր կամ գործիչներ, ասենք` Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես, հետաքրքրական զուգահեռով, հարցազրույց է տվել իր պաշտոնական կայքին:
Ի դեպ` Արցախի նախագահի մամլո խոսնակը Բաբայանի հարցազրույցը հենց քաղաքական հայտ էլ համարում է, երեւի Արցախի իշխանական շրջանակներում այլ մարդիկ եւս կան, որ հենց այդպես էլ ընկալում են Բաբայանի գնահատականները, անկախ նրանից, որ վերջինս հավատացնում է, թե քաղաքականություն վերադառնալու նպատակ չունի: Չնայած…չի բացառում, որ ինչ- որ ուժի կաջակցի, որի ծրագրերն իրեն դուր կգան. այսինքն` փաստորեն միանշանակ չէ, որ քաղաքականություն չի վերադառնում, քանզի ինչ-որ ուժի աջակցելը հենց նշանակում է քաղաքականություն վերադառնալ: Սակայն առավել կարեւոր ենք համարում Բաբայանի այն թեզերը, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտում ռազմավարություն ունենալուն, որտեղ իր վերադարձն, ի դեպ, ավելի առարկայական է կարող է լինել, չնայած ոլորտի վերաբերյալ իր ընդդիմախոսությանը. «Նման ձեւի բանակ պատրաստ չեմ ղեկավարել», նրա կիսատ ասած այս տողը հենց հուշում է ինչ-որ ստվերային հանդիպումների մասին այնուամենայնիվ` նրան ինչու առաջարկո՞ւմ են բանակ ղեկավարել, Արցախի՞, թե՞… Մանավանդ` նա խոսում է նաեւ Հայաստանի անվտանգության մասին, իսկ նրա առաջարկները, որ ավելի վաղ նամակի տեսքով ուարկել էր Հայաստանի նախագահին, եւ դրանք Հայաստանի եւ Արցախի պաշտպանության կազմակերպման շատ կոնկրետ առաջարկներ են, ոչ թե պահեստի գեներալի պատուհանից են կարծես, այլ լծակներ ունեցողների հայացքով:
Որպեսզի հասկանաս, թե Հայաստանում ընդդիմության կամ ընդդիմախոսի դիրքերից խոսողի նետերը որտեղից են արձակվում` բավական է դիտել քսան տարվա վաղեմության տարբեր լուսանկարներ, որտեղ կտեսնեք այժմյան ընդդիմադիր թվացողների ջերմագին հարաբերությունները այժմ իշխանություն ունեցոողների հետ: Ընկերական հարաբերությունները միշտ վերականգնելի են, ընդամենը կարող են լինել անցողիկ ճգնաժամեր: Այնպես որ` այս դեպքում առանձնապես մեծ պատճառ չենք տեսնում Սամվել Բաբայանի եւ նախագահ Սարգսյանի` էպիստոլյար ժանրում շփվելու համար, մանավանդ` սա ազգային անվտանգությանն է վերաբերում: Եթե ռազմական բնածին ղեկավար է, ապա նրա ուժերը չօգտագործելը ճիշտ չէ, եւ առհասարակ, Հայաստանի նախագահի` վերջին տարիների գործունեությանը հետեւելով` ես չեմ զարմանա, եթե Սերժ Սարգսյանը ռազմական գերատեսչությունում բարձր պաշտոնի նշանակի Սամվել Բաբայանին:
Իսկ առայժմ կարելի է ասել մի բան` Բաբայանի առաջարկը` Ադրբեջանի ունեցած հրթիռային զենքի թիրախները խորերում շարքից հանելու կամ դրանց օդ բարձրանալու հնարավորությունից զրկելու վերաբերյալ տրամաբանական են թվում անգամ ոչ մասնագետի համար, այնպես որ` նրան հանդիպել ու լսել արժե:
Ճիշտն ասած` Սամվել Բաբայանի հարցազրույցում մարդիկ փնտրում են այն հարցերի պատասխանները, որոնք հասարակությունը տալիս էր ապրիլյան պատերազմից հետո` ինչո՞ւ այդքան զոհ, ինչո՞ւ հետ չվերցրեցինք դիրքերը, ինչու ավելի առաջ չգնացինք: Ի պատասխան` Բաբայանն ասում է իշխանության ասածից տարբեր բան` հակառակորդը պատժիչ դիվերսիոն գործողություն է կատարել, որտեղ ստացել է իր համար էլ անսպասելի հաջողություն:Հետո մերոնք փորձել են վերականգնել կորցրածը` ինչ-որ տեղ հաջողվել է, ինչ- որ տեղ` հաջողություն չենք ունեցել: Բայց հակառակորդի կողմից նախապես պլանավորված օպերացիա չի եղել, այսինքն` նա լայնամասշտաբ պատերազմի պատրաստ չի եղել, դրա համար է հետո խնդրել, որ հայկական կողմի հակահարվածը կասեցվի: Կորսված դիրքերը երկակի ռազմավարական կետեր էին` ապահովում էին բնակչության անվտանգությունը` «մենք դուրս էինք եկել մեր բնական սահմանները, էդ տարածքից մեր բռան մեջ երեւում էր ամբողջ հարթավայրը` Կիրովաբադից Միր բաշիր-Բարդա, չկան ոչ ստրատեգիկ դիրքեր, մանավանդ Մարտակերտի ուղղությամբ»: Բայց, ըստ Բաբայանի, տրագեդիա չի, պատերազմի ժամանակ կարելի է հետ էլ գնալ, սակայն անտարբերություն, անկարգապահություն չպետք է լինի դիրքերում` անիմաստ կորցնեն դիրքերը, սա է խնդիրը: Հակառակորդը ռեակտիվ հրթիռային համակարգեր է դնում Նախիջեւանում` Հայաստանին խփելու համար, զենք, հրթիռ արտադրելու գործարաններ է հիմնում, այդ բոլորը չեզոքացնելու ռազմավարություն է պետք, ինչն էլ իր նամակում նա առաջարկել է Սերժ Սարգսյանին . «Հայաստանը սեփական բոխչա չի, որ մոնոպոլիա անեք, սա էլ տնտեսության հարց չի, 3 մլն ժողովրդի անվտանգության, ու 7 մլն ժողովրդի թասիբի հարց ենք լուծում», ասել է Բաբայանը` նշելով, որ դիվանգիտական ճանապարհը հաջողության կբերի, եթե հստակ պաշտպանության համակարգ ունենանք:
Եթե այլ նպատակներ կամ պայմանավորվածություններ չկան միջազգային կառույցներում, որոնք հիմա, միեւնույն է, չեն աշխատի, քանի որ հայ հանրության դիրքորոշումն է կոշտացել զիջումներ անելու վերաբերյալ, գտնում ենք, որ որեւէ բան, անգամ Բաբայանի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքը խանգարիչ դեր չպետք է ունենա նրա առաջարկները լսելու, եւ, եթե դրանք ընդունելի են, իրականացնելու, եթե նույնիսկ պետք լինի Բաբայանին ինչ- որ լծակներով օժտելու: Ի վերջո` երկրի պաշտպանունակության եւ անվտանգության խնդիրը բարձր է բոլոր տեսակի ամբիցիաներից ու վիրավորանքներից, որոնք այդ մի հարցի առաջնայնությամբ կարելի է հաղթահարել: Բայց մեր ասածը, իհարկե, աշխատող է, եթե չկան թաքնված նպատակներ նաեւ Սամվել Բաբայանի պարագայում. ինձ, օրինակ, դուր չի գալիս նրա վերաբերյալ վերլուծությունների չարախինդ եւ ամեն տեսակ որակումներով հագեցած տոնը` ուղղված Բաբայանի ընդդիմախոսներին: