RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013



Քննարկում

Տեղադրվել է` 2013-12-24 23:11:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1283, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՅՍՊԵՍ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հիշո՞ւմ եք թագավորի եւ ծերունի իմաստունի հանդիպում-զրույցը, երբ թագավորը շրջում է իր երկրով մեկ եւ հանդիպում իմաստունին, ում երբ հարցնում է, թե ո՞վ ես դու, ստանում է պատասխան` ես ոչինչ եմ: Հետո ծերունին բացատրում է, որ արքան էլ` իր ծիրանիով, թագավորական փառքով ու պերճությամբ, բանակի հզորությամբ ի վերջո գնում է ոչինչ դառնալու ճանապարհով, քանի որ ամեն ինչի վերջը ոչինչն է... Ուրեմն, եթե այս հեքիաթ-պատմությունից ելնենք, ապա ինչպես էլ գնանք, ի վերջո ոչնչին ենք հասնելու եւ ոչինչ ենք դառնալու` բոլորս: Խնդիրն այն է, որ դեպի ոչինչ տանող, բայց բազմաթիվ սխրագործություններով ու փորձություններով, նաեւ պարգեւներով լի այս ճանապարհին զուգահեռ կա եւս մեկը` պատրանքային մի ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում, ճանապարհ, որն իրականում չկա:

Երբ խորհրդարանում լսում ենք որոշ պատգամավորների եւ հետո կարդում ենք այդ պատգամավորների մասին պատմող, նրանցից հարցացրույց վերցրած լրագրողական նյութերը, հասկանում ենք, որ մենք հիմա գնում ենք մի ճանապարհով, որը չկա:

Ժամանակ առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողներին կեսկատակ-կեսլուրջ (հիմա ենք հասկանում, որ շատ էլ լուրջ) ասաց, թե լրագրողներն իրենց (նկատի ունի քաղաքական գործիչներին) պետք է վճարեն, որպեսզի իրենք լրագրողներին հարցազրույց տան: Բադեյանի տրամաբանությունը հետեւյալն էր. եթե լրագրողական նյութը լրագրողի աշխատանքն է, հացը, ապա լրագրողն իր հացի համար պետք է վճարի, ինչպես բոլորը: Սակայն պատգամավորի այս «նախաձեռնությունը» ընթացք չստացավ... Անցավ ժամանակ, եւ նույն Բադեյանը ԱԺ-ի միջանցքում լրագրողների հանդիպելով նախ «բացականչեց»` «արա», ապա եւ հորդորեց վերջիններիս իրեն «ախմախ հարցեր չտալ»: Որպես այդպիսին Բադեյանը որակել էր լրագրողի հարցը, թե օրենք չի՞ խախտվում արդյոք, երբ «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը հեռարձակվում է ռուսերեն: Հետո Բադեյանն ասել էր. «Եթե փողոցի եզդին էտ հարցը տա, ես էլի կհասկանայի, բայց դուք էդքան մակարդակ չունե՞ք, արա...»: Հիշեցնենք` «արա»-ն պատգամավորի խոսքում պետք է ընկալել` զուտ որպես բացականչություն, ոչ թե դիմելաձեւ:

Անցավ ժամանակ, եւ որոշ լրագրողներ, որոշ կարճ ժամանակով դադարելով զբաղվել լրագրությամբ, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության առջեւ փոքրիկ պիկետ կազմակերպեցին: Լրագրողներից մեկի ձեռքին հետեւյալ տեքստով ցուցանակ կար` «Խելքի եկեք, արա»: Այն բարձրացրած լրագրողը, թեեւ չմեկնաբանեց, բայց կարելի էր հասկանալ, որ այս դեպքում էլ «արա»-ն ոչ թե դիմելաձեւ է` ՀՀԿ խմբակցությանը, կամ դրա ներկայացուցիչներից մեկին, այլ պարզապես բացականչություն է: Այս ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բոլորովին այլ առիթով հայտարարեց. «Հանգստյան օրերին կարելի է մի օրենսդրական նախաձեռնություն մշակել, որով կարգելվի լրագրողներին` որակումներ տալ»: ՀՀԿ խմբակցության ղեկավարին դուր չէր եկել, երբ լրագրողներից մեկը իր մասին նյութում գրել էր` «Գալուստ Սահակյանը ջղաձգվեց»: Սահակյանը նաեւ հայտարարեց, թե «կարելի է բարձրացնել նաեւ որոշ լրագրողների ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու հավատարմագրից զրկելու հարցը». հասկանալի է, որ Գալուստ Սահակյանը նկատի ուներ այնպիսի լրագրողների, ովքեր սիրում են որակումներ տալ:

Դժվար է ասել, ի՞նչ կազմ կհավաքի խորհրդարանում «լրագողներին իրենց տեղը ցույց տալ ցանկացող» պատգամավորական կազմը կամ ի՞նչ տեսք կունենա Գալուստ Սահակյանի հեղինակությամբ «հանգստյան օրերին» ստեղծվելիք օրինագիծը, բայց միանշանակ է, որ սա հենց այն ճանապարհն է, որը ոչ թե դեպի ոչինչ է տանում, այլ չկա: Փոխադարձ անհանդուրժողականությունը, որի անթույլատրելիության մասին պարբերաբար խոսում է ՀՀ նախագահը, կամ ԱԺ նախագահը` կոչ անելով ավելի հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, հենց սա է: Իրար ամեն գնով պատասխանելը սեփական անմեղությունը դեռեւս չի ապացուցում, որեւէ մեկի ջղաձգությունը նկարագրելը նյութին ոչ միշտ է պրոֆեսիոնալիզմ հաղորդում` ցույց տալով նաեւ լրագրողի հոգեբանական գիտելիքները: Քաղաքական գործիչ լինելը չի ազատում նաեւ «ախմախ» հարցերին պատասխանելու պարտավորությունից, ընդ որում, լռությունը հաճախ եւս կարող է դիտարկվել որպես պատասխան:

Հակառակ պարագայում, իհարկե, կարելի է եւ պատժել, սաստել, կասեցնել, զրկել հավատարմագրերից, բացականչել «արա», վիրավորել, ապակիներ թխկթխկացնել, դավաճաններ փնտրել եւ գտնել, բայց ինչպե՞ս սա անվանել, եթե ոչ` համատարած ջղաձգում, եւ ո՞ւր կտանի մեզ այս ճանապարհը, ճանապարհը, որն ուղղակի գոյություն չունի, քանի որ կա մի ճանապարհ, որը բոլորիս ի վերջո կդարձնի ոչինչ` անկախ նրանիցՙ լրագրո՞ղ ենք եղել, քաղաքացիական ակտիվի՞ստ, քաղաքական գործի՞չ, թե՞ պետության ներսում շրջող թագավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ