Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

FC-Ի «ՍԵՎԱՆ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ա. Մ.

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) երեկ թողարկել է 2 միլիարդ դրամի (մոտ 5 միլիոն դոլար) պարտատոմսՙ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի կապիտալի շուկան եւ խթանել մասնավոր հատվածի վարկավորումը: Այդ մասին տեղեկացանք IFC-ի երեւանյան գրասենյակից:

Պարտատոմսը IFC-ի առաջին դրամային թողարկումն է: Նաեւ առաջին պարտատոմսն է, որը թողարկվել է ՀՀ ոչ ռեզիդենտի կողմից, ինչպես նաեւ Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա կորպորատիվ պարտատոմսն է:

Հայաստանի ամենամեծ լճի անվանումը կրող «Սեւան» պարտատոմսերը IFC-ի կողմից իրականացվող 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի մաս են, որի շրջանակներում այս կառույցը կարող է պարտատոմսեր թողարկել այն ժամանակ, երբ համընկնեն շուկայական հնարավորությունները եւ երկրի մասնավոր հատվածի ֆինանսավորման կարիքները:

«IFC-ի նպատակն է աջակցել ներքին շուկաների զարգացմանը Հայաստանում: Մենք հույս ունենք, որ այս պարտատոմսերի թողարկումը հստակ ազդանշան կհանդիսանա բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան այլ թողարկողների համար, որ Հայաստանը պատրաստ է ողջունել նրանց», նշել է IFC-ի փոխնախագահ եւ գանձապետ Ջինգդոնգ Հուան:

«IFC-ի թողարկած «Սեւան» պարտատոմսը բարձր որակի ներդրումների այլընտրանքային տարբերակ է առաջարկում ինստիտուցիոնալ ներդնողներինՙ միաժամանակ տրամադրելով ֆինանսական միջոցներ, որոնք կարող են կիրառվել տեղական տնտեսությանը աջակցելու նպատակով», ասել է IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: