RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1539, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԹՈՂ ԸՆՏՐՎԻ ՆԱ, ՈՎ ՏԳԵՂ Է...

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

80-ական թվականներին, երբ պատերազմական Բեյրութում հավատարմագրված օտարերկրյա թղթակիցները հարց տվեցին Պաղեստինի ազատագրության կազմակերպության առաջնորդ Յասեր Արաֆաթին, թե այդ օրերին վարչապետության համար ընտրական թեժ մրցապայքարում գտնվող Մենախիմ Բեգին-Շիմոն Պերես մրցակիցներից ո՞ւմ կնախընտրեր տեսնել Իսրայելի վարչապետական աթոռին, պաղեստինցի փորձառու ղեկավարը պատասխանեց. «Թող ընտրվի նա, ով ավելի տգեղ է»: Իսկ «ավելի տգեղը», անկասկած, Մենախիմ Բեգինն էր, պաղեստինցի ժողովրդի ոխերիմ հակառակորդը, թեեւ Շիմոն Պերեսը այդ հարցում ոչ մի բանով չէր զիջում նրան: Սակայն Արաֆաթը, որի արտաքինը նույնպես ոչ մի կապ չուներ գեղեցկության որեւէ պատկերացման հետ, Արաֆաթ չէր լինի, եթե այդ «էսթետիկական նախընտրության» տակ այլ միտք չունենար - իր համար Պերես թե Բեգինՙ ոչ մի տարբերություն, երկուսն էլ պաղեստինյան դատի կատաղի հակառակորդներ են, որոնք առաջին իսկ պատեհությամբ կսպանեին Արաֆաթին ու նրա զինակիցներին: Բայց միջազգային ասպարեզում Բեգինն իր վանողական դեմքով ավելի քիչ համակրանք կարող էր շահել իր երկրի համար:

Մոռացված այս էպիզոդը հիշեցի, երբ, մի քանի օր առաջ, ՀՀ նախագահը Ծաղկաձորում բազեականների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով առաջիկա հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, Իլհամ Ալիեւին մատնացույց արեց որպես Հայաստանի համար «ամենաձեռնտու» թեկնածուի: Այդ հայտարարությունը Հայաստանում, ինչպես եւ Ադրբեջանում ու Թուրքիայում, բավական լայն արձագանք գտավ, եղան նաեւ քննադատություններ:

Անշուշտ այս պարագայում Արաֆաթի ու Սերժ Սարգսյանի պատասխանները ուղիղ համեմատական չեն միմյանց, սակայն քաղաքական իրատեսության դրսեւորումներ են երկուսն էլ: Եթե ինքդ չես կարող փոխել որեւէ բան, ապա գտիր այն նվազագույն «առավելությունը» հակառակորդներից մեկի պարագայում եւ օգտագործիր դա արտաքին շուկայում: Մանավանդ որ հակառակորդը, այս պարագայումՙ Ալիեւը, անկախ քո ցանկությունից վերընտրվելու է, եւ վերստին նստելու ես նրա հետ դեմ առ դեմ:

Ինչպես վերը ասացի, Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը բազմաթիվ մեկնաբանների ուշադրությունը սեւեռեց իր վրա, սակայն ես չհանդիպեցի որեւէ մեկնաբանությանՙ հետեւյալ առումով: Հայաստանին պարտադրված քարոզչական ներկա պատերազմի պայմաններում անշո՛ւշտ նախընտրելի է Իլհամ Ալիեւը իր սուլթանական կերպարով: Նա երրորդ անգամ վերընտրել է տալիս իրեն, թեկուզ սահմանադրական պատրադրված փոփոխությամբ: Դրանով իսկ նա դառնում է խոցելի ներքին թե արտաքին ճակատների վրա: Խոցելի է դառնում ողջ Ադրբեջան պետությունը ժողովրդավարության (որը քարոզչական պատերազմներում ամենասիրված եւ օգտագործվող թղթադրամն է) միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով: Իսկ խոցելի երկրի խոցելի նախագահը տասն անգամ ավելի շատ պիտի մտածի պատերազմը կորցնելու պարագայում իրեն սպասվող դաժան ճակատագրի մասին:

Ուրեմն... թող ընտրվի՛ տգեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ