Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Հարավ գյուղի դիրքերի հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի կրակոց են արձակել. Արցախի ՄԻՊ

Արցախի Հարավ գյուղի մոտակայքում մոտ 40 րոպե առաջ ադրբեջանական զինված ուժերը մի քանի կրակոց են արձակել, բայց կրակահերթ չի եղել՝ մենահատ կրակոցներ են գրանցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Այդ պահին գյուղում մառախուղ է եղել եւ չի երեւացել՝ որ կողմից է կրակել հակառակորդը, բայց գյուղի ուղղությամբ չեն եղել կրակոցները, ամենայն հավանականությամբ՝ գյուղին հարող դիրքերի ուղղությամբ»,- նշեց Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը հայտնեց նաեւ, որ երեկ ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում փոփոխություն չկա՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Երբ առավոտյան այցելեցի վիրավոր զինծառայողներին, նրանց առողջական վիճակը կայուն էր՝ որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից 4-ին այսօր պետք է Երեւան տեղափոխեին, բայց ոչ թե առողջական վիճակի վատացման պատճառով, այլ ընթացակարգից ելնելով՝ հավելյալ հետազոտություններ կատարելու նպատակով»,- նշեց Ստեփանյանը: