Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Իդլիբի ապաէսկալացման գոտում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Անկարայի հանձնառությունը: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ, ովքեր մեզ հետ հատուկ պայմանագիր են ստորագրել երկու տարի առաջ, որ ահաբեկիչների դեմ պայքարելու են Իդլիբի ապաէսկալացման գոտում և նրանց տարանջատելու են այն զինված խմբավորումներից, որոնք ահաբեկչական չեն և համագործակցում են թուրք զինվորականների հետ։ Մի քանի օրից տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը: Առարկայական կերպով կքննարկվի այն հարցը, թե ինչպես է այդ պարտավորությունը կատարվում: Այն դանդաղ է կատարվում, դա ակնհայտ է», Լավրովին մեջբերում է ՏԱՍՍ-ը: