Պենտագոնը Եվրոպայում ամերիկյան ռազմակայաններին արգելել է էներգառեսուրսներ գնել ՌԴ-ից

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, 2020թ․ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի դրույթների համաձայն (երկրում սկսվում է հոկտեմբերի 1-ից), Եվրոպայում իր ռազմակայաններին արգելել է պայմանագրեր կնքել ռուսական էներգետիկ ռեսուրսների գնման համար: Պենտագոնը համապատասխան ծանուցումը տեղադրել է ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի հավաքածուի մեջ։

Ինչպես հիշեցրել է Պենտագոնը, «Եվրոպայում էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով 2821-րդ հոդվածն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից ստացվող էներգետիկ ռեսուրսների օգտագործումը», և «արգելքը վերաբերում է բոլոր տեսակի էներգետիկ ռեսուրսներին»:

Պաշտպանության նախարարությունը միաժամանակ ընդգծել է, որ հնարավոր են բացառություններ։ Բացի դրանից, ինչպես նշված է փաստաթղթում, «արգելքը վերաբերում է միայն Եվրոպային, ոչ Ասիային (օրինակ՝ Թուրքիայի այն հատվածներին, որոնք գտնվում են Ասիայում)»: