Սահմանադրական դատարանի դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը երկու կուսակցությունների և երկու դաշինքների ներկայացրած ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը միջնորդեց, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա հրավիրվի դատավարությանը: Նրա խոսքով` հանրության համար պետք է պարզ դառնա, թե ինչու է նախագահը ընտրությունների անցկացման օր նշանակել հունիսի 20-ը:
Թովմասյանը նաև միջնորդեց Մարդու իրավունքների պաշտանին հրավիրել որպես վկա` պահանջելով ՄԻՊ աշխատակազմի հավաքագրած տեղեկատվությունը ընտրությունների ընթացքի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Թովմասյանն առաջարկեց նաև տեղեկություն պահանջել դատական դեպարտամենտից, թե ինչպես են դատարանները մեկնաբանել և կիրառել բռնություն գրոծադրելու հրապարակային կոչերը և բռնությունը հրապարակային քարոզելու բառակապակցությունները:
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն ասաց, որ առաջին երկու միջնորդությունների վերաբերյալ իր դիրքորոշումը դրական է, միանշանակ երկու մասով էլ անհրաժեշտությունը կա թե’ նախագահին, թե’ ՄԻՊ-ին որպես վկա ներգրավել:
Երվանդ Խունդկարյանն ասաց, որ ՄԻՊ-ից տեղեկատվություն ստանալուն կողմ է, սակայն դեմ է նախագահին որպես վկա հրավիրելուն:
Հրայր Թովմասյանի ներկայացմամբ` դիմումատուներից մեկի գնահատմամբ ընտրությունների համար հունիսի 20-ն է նշանակվել` կողմերից մեկի համար առավելություն ստանալու համար: Թովմասյանի խոսքով` թե ինչու է հենց այդ օրը ընտրվել հարցի պատասխան ո’չ պատասխանող կողմը` ԿԸՀ-ն, ո’չ հարակից պատասխանողները` դատախազությունը, ոստիկանությունն ու ՀՌԱՀ-ը չունեն:
«Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել, որ իր վրա որևէ ճնում հարկադրանք չի եղել, և ինքը միանձնյա որոշել է, խորհրդակցել է, նպատակահարմար է գտել այդ օրը»,-ասաց Թովմասյանը:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հրայր Թովմասյանի համար կա տարբերություն այդ հարցապնդման պատասխանը ստանալ որպե վկա, թե ուղղակի պաշտոնական հարցմամբ:
Թովմասյանն արձագանքեց`տեղեկատվություն ստանալու և որպես վկա հարցաքննելու կարգավիճակները միանգամայն տարբեր են:
«Ես ցանկանում եմ, որ էստեղ հնչեցվի այդ հարցը, և նախագահը զգուշացվի կեղծ ցուցմունք տալու մասին, որպեսզի ընդհանրապես այդ հարցը փարատվի»,-ասաց Թովմասյանը:
Վահե Գրիգորյանն արձագանքեց` համաձայն կլիներ, որ նախագահի աշխատակազմից այդ տեղեկատվությունը հարցում անելով ստացվի, ոչ թե որպես վկա նախագահը հրավիրվի, դրա անհրաժեշտությունը չի տեսնում:
Արթուր Վաղարշյանը ևս դեմ արտահայտվեց նախագահին որպես վկա հրավիրելուն, նա առաջարկեց այդ հարցն այժմ քննարկման առարկա չդարձնել, լսել համապատասխան դիմողի բացատրությունը, այնուհետև անդրադառնալ այդ հարցին:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկեց գործի դատաքննությունն ավարտել մինչ 18:00-ն, որից հետո խորհրդակցության ֆորմնատով անդրադառնալ Հրայր Թովմասյանի միջնորդություններին:
Արևիկ Պետրոսյանն ասաց, որ ՍԴ օրենքի համաձայն` դատավորի ներկայացրած միջնորդությունը անհապաղաղ ներկայացվում է քննարկման, Դիլանյանն արձագանքեց` կառուցողական առաջարկ է ներկայացրել բոլոր դատավորներին` այդ կերպ փորձելով խնայել դատավարության ժամանակը:
Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ եթե հարցն անհապաղ քվեարկության չներկայացվի, ինչպես պահանջում է օրենքը, չի մասնակցելու խորհրդակցությանը: Քննարկումներից հետո դատարանը որոշեց հարցին անդրադառնալ խորհրդակցությամբ: